ԿարևորՀասարակություն

Կլիմայական փոփոխությունները՝ մարտահրավեր․ Հայաստանը նույնպես տաքացումից տուժած երկրների թվում է

Նոյեմբերի 6-20–ը Եգիպտոսում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին մասնակցած Հայաստանի պատվիրակության անդամներն այսօր ամփոփել են այդ միջոցառման  աշխատանքները։ Համաժողովում որոշում է ընդունվել ստեղծել «Վնասներ և կորուստներ» հիմնադրամը, որի տնօրենների խորհրդի անդամ է լինելու նաև հայաստանի ներկայացուցիչը։ Սա նշանակում է՝ կլիմայական խնդիրների դեմ պայքարում հիմնադրամի ֆինանսական հնարավորություններից մինչև 10 միլիոն դոլար աջակցություն ստանալու հնարավորություն ։ Իսկ, որ Հայաստանը նույնպես կլիմայական փոփոխություններից տուժած երկրների  թվում է՝ փաստերն են վկայում։

Ինչպես ամբողջ աշխարհում, վերջին 30 տարում Հայաստանում էլ կլիման տաքացել է։  Այդ փոփոխությունը բազմաթիվ  խնդիրներ է առաջացրել  տարբեր ոլորտներում, մասնավորապես, ջրային ռեսուրսների հարցում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դիանա Հարությունյանը նշում է կլիմայական տաքացման հետ կապված անվտանգային խնդիրները։

«Հիմնական անվտանգային խնդիրը, դա ջրային ռեսուրսներն են։ Ջերմաստիճանի բարձրացման հետ ջրի նկատմամբ պահանջարկը ավելանում է, միաժամանակ պակասում է առաջարկը, այսինքն՝ տեղումներն են պակասում։ 1934 թվականից մինչ օրս մոտ 14 տոկոսով տեղումները նվազել են»։

Կան նաև սեզոնային և տարածաշրջանային բաշխվածության խախտումներ։ Դիանա Հարությունյանի խոսքով՝ սա նշանակում է, որ գյուղատնտեսությունը ավանդական եղանակով վարելը կորուստների կբերի, քանի որ ջրային ռեսուրսների 85 տոկոսը այդ ոլորտի պահանջներն է բավարարում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ասում է, որ ձյան տեղումների ցածր մակարդակը նույնպես խնդրի՝ նորմայից կլիմայի շեղման, այսինքն՝ տաքացման մասին է վկայում։    

«Սա մենք էլ ենք արդեն մեր օրինակով զգում, որ Երևանում դեռ 10-15 տարի առաջ ձյան տեղումները շատ էին, մենք տեսնում էինք ձյուն։ Այսօր գիտենք, որ չոր ձմեռային եղանակ ունենք։ Դա ընդհանուր շրջակա միջավայրի համար, բնության համար վատ է։ Որովհետև ունենում ենք շատ արագ տեղումներ, շատ արագ ձնհալ, հետևաբար՝ ջրի կուտակման հետ խնդիր ենք ունենում, ջրամբարների հետ խնդիր ենք ունենում, հետևաբար նաև ոռոգման հետ կապված խնդիրներ ենք ունենում»։

Կլիմայական խնդիրներն, իհարկե, չեն սահմանափակվում նշվածներով։ Ավելացել է նաև շոգ օրերի թիվը։ Կլիմայի տաքացումը նաև առողջապահական խնդիրներ է առաջացնում ։ Ջերմաստիճանի ավելացմամբ պայմանավորված խնդիրների լուծման համար Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը փորձել է լուծումներ գտնել։ ՄԱԿ-ի փորձագետ Հայրապետ Հակոբյանն ասում է, որ Հայաստանն այդ ուղղությամբ  բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։

«Այս պահին աշխատանքներ են տարվում, որ հստակեցվի այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք մեր երկիրը, կառավարությունը պետք է իրականացնի և այդ գործողությունների իրականացման համար ունի որոշակի աջակցության ակնկալիք միջազգային համայնքից»։  

Կլիմայական խնդիրների լուծման համար նոյեմբերի 6-20 Եգիպտոսում անցկացված Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովում կարևորագույնը «Վնասներ և կորուստներ»  հիմնադրամի ստեղծումն  է, որտեղ Հայաստանը կլինի տնօրենների խորհրդի անդամ։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ դա Հայաստանին բացառիկ հնարավորություն կտա ուղիղ օգտվելու այս հիմնադրամի ֆինանսական հնարավորություններից։

«Հաճախ, չիմանալով այս հնարավորությունները, որը մեզ տալիս է այս կամ այն փաստաթուղթը, կորցնում ենք այդ հնարավորությունները։ Այս տարի ունեցանք վերջապես փաստաթուղթ, որը վնասների և կորուստների հիմնադրամի մասին է, որտեղ երկրները լրացուցիչ միջոցներ են ակումոլյացնելու»։

Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանի խոսքով՝ այս նոր կլիմայական հիմնադրամից  օգտվելու համար նախ պետք է կարիքների գնահատում իրականացվի։

«Տեղական մակարդակում նախ պիտի գնահատենք մեր կորուստները, վնասները, պիտի պատրաստ լինենք, որ հետագայում կարողանանք դիմել։ Մենք դեռ չունենք գնահատված մեր կորուստներն ու վնասները»։     

Խոսքը կլիմայական փոփոխությունների ազդեցությունից կրած վնասների մասին է։ Իսկ այդպիսիք բավականին շատ են, օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի անապատացումը։ Բացի այդ՝ կան բնության հուշարձաններ, որոնք նույնպես վնասվում են կլիմայի բացասական ազդեցություններից։ Նոնա Բուդոյանի խոսքով՝ դրանք բոլորը կարող են հաշվառվել ու ներկայացվել հիմնադրամին՝ օժանդակող ֆինանսներ ստանալու համար։  

Back to top button