ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը «ռմբակոծում» է հերթական միջնորդական ձևաչափը․ Ֆրանսիան հեշտությամբ չի հանձնվի

Առաջիկա երկու օրերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայում և Գերմանիայում։ Պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում այցի նպատակներն ու հանդիպումների օրակարգը։

Այցելությունը, սակայն, հաջորդում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Բաքուն չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված քառակողմ հանդիպմանը՝ իր որոշումը պայմանավորելով դրան Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։ Մինչդեռ Հայաստանը պատրաստ է հանդիպել այն ձևաչափով, որով կայացել էր Պրահայի հանդիպումը։

Արդյո՞ք Բաքուն տապալում է բանակցային հերթական ձևաչափը և ի՞նչ խնդիր է դրանով լուծում։

Ճիշտ հաշվարկների և քայլերի դեպքում Հայաստանը կարող է օգուտներ քաղել անգամ տապալված հանդիպումներից։ Այս դեպքում խոսքը դեկտեմբերի 7–ին Բրյուսելում նշանակված քառակողմ հանդիպման մասին է, որից արդեն հրաժարվել է Ադրբեջանը՝ դժգոհելով Ֆրանսիայի միջնորդական աշխատանքից։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ սեփական շահերն առաջ տանելու համար Հայաստանը այս քայլը կարող է հօգուտ սեփական շահերի օգտագործել։

«Օրինակներից մեկը կարող է լինել Ադրբեջանին ապակառուցողականության մեջ մեղադրելը, մեկ այլ օրինակ կարող է լինել Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխհարաբերությունների և կապերի ավելի ամրապնդումն ու խորացումը, Ֆրանսիայի Սենատի բանաձևերի հետ կապված խորհրդակցություններ սկսելը՝ դրանք կյանքի կոչելու համար։ Իհարկե, կյանքի կոչելը բավական խնդրահարույց կարող է լինել, այնուամենայնիվ, խորհրդակցություններ սկսելը թե Ֆրանսիայի հետ, թե խորհրդակցությունների մասին Ադրբեջանին և միջազգային հանրությանը հայտնելը, այդ խոսույթն անընդհատ ակտուալ պահելը․ այդ ամենը կարող է լինել շահեկան, և սա կարելի է իրացնել՝ օգտվելով Ադրբեջանի մերժողական կեցվածքից»։

ԵԱՀԿ ՄԽ–ի հարցում գրանցած, այսպես ասենք, հաջողությունից հետո Ադրբեջանը փորձում է տապալել նաև պրահյան ձևաչափը։ Սակայն սրանք թվացյալ  հաջողություններ են, քանի որ թեև ԵԱՀԿ ՄԽ–ն, օրինակ, թեև դե ֆակտո չի գործում, բայց դե յուրե համանախագահող  պետություններից որևէ մեկը պաշտոնապես չի չեղարկել Ղարաբաղյան հարցում մի քանի տասնամյակ գործած միջազգային միակ այս ձևաչափը։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ դժվար թե առաջիկայում միջնորդ երկրներից որևէ մեկը համաձայնի այդ ձևաչափի դե յուրե լուծարմանը, քանի որ այստեղ նույնպես կան շահեր։

«Մեծ հաշվով եռանախագահները շարունակում են աշխատել, բայց՝ այլ ֆորմատով։ Այլ հարց է, որ տեսանելի ապագայում ՄԽ–ն չի գործելու նաև դե յուրե։ Այսինքն՝ դե յուրե համարվելու է սպառված, որովհետև դա պետք է և Ռուսաստանին, և ԵՄ–ին՝ Ֆրանսիային, և ԱՄՆ–ին որպես մանդատ։ Իսկ մենք գիտենք, որ միջազգային ճանաչված մանդատ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ունի ՄԽ–ն։ Այնպես որ,  դե ֆակտո այն չի գործելու, բայց դե յուրե շարունակելու է մնալ»։

Ինչ–որ փուլում, ավելի կոնկրետ՝ 2022–ի հոկտեմբերին, Պրահայում ձևավորվեց միջնորդական նոր ձևաչափ, որի նախաձեռնողը ԵՄ –ն և Ֆրանսիան են։ Հենց այս ձևաչափում առաջին անգամ հղում կատարվեց սահմանների փոխադարձ ճանաչման և ԱՊՀ հիմնարար փաստաթղթերին։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի բացառում, որ ինչ–որ փուլում Ադրբեջանի ապակառուցողականությունը արդյունք կունենա․

«Եթե Ադրբեջանի իշխանությունները պնդեն, որ պատրաստ չեն բանակցություններ վարել Ֆրանսիայի միջնորդությամբ, ապա ամենայն հավանականությամբ այդպես էլ տեղի կունենա: Մենք ունենք նույն ՄԽ ու ՄԽ համանախագահության փորձը, երբ ինչ-որ փուլում Բաքուն հրաժարվեց այդ ձևաչափով մասնակցել որևէ բանակցությունների: ԵՄ ձևաչափը շարունակում է գոյություն ունենալ, ռուսական միջնորդությունը շարունակում է գոյություն ունենալ: Մեծ հաշվով սկզբունքային տարբերություն չկա նույն ԵՄ ձևաչափի և ԵՄ ու Ֆրանսիայի ձևաչափի միջև: Ես այդպիսի մեծ նշանակություն չէի տա, օրինակ, նույն Ֆրանսիայի մասնակցությանը այդ բանակցություններին»:

Այլ կարծիքի է Ռոբերտ Ղևոնդյանը․ ենթադրում է, որ կողմերը հենց այնպես տեղի չեն տա  Ադրբեջանի քմահաճույքներին, քանի որ այստեղ խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի շահերի մասին է։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների վերջին շրջանում այդ պետությունը փորձում է լիդերության հատկանիշներ դրսևորել։ Այդ մեր տարածաշրջանը, լայն իմաստով՝ Մերձավոր Արևելքը, խիստ կարևոր է այդ պետության համար։  

«Բավական կարևոր տարածաշրջան է, և այստեղ բոլոր երկրներն ունեն իրենց մասնակցությունը պրոքսիտարբերակներով։ Ֆրանսիան փորձում է Հայաստանի միջոցով ներգրավվել այդ գործընթացներին և մասնակից դառնալ տարածաշրջանային գործընթացներին։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է Ֆրանսիայի համար, որպեսզի Հայաստանի հետ փոխհարաբերությունները զարգանան։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար էլ է դա շատ կարևոր, որովհետև Հայաստանի անվտանգային խնդիրները մեզ համար շատ սուղ են այս պահին։ Մնալով «3+3» կամ «3+2» ձևաչափերում՝ Հայաստանը որևէ շահ հետապնդել չի կարող, քանի որ այս ձևաչափում շատ քիչ են այն պետություններ, որոնց  շահերը այս պահին համընկնում են Հայաստանի հետ։ Ես նկատի ունեմ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը։ Ընդամենը մեկ՝ Սյունիքի հարցում են Իրանի հետ մեր շահերը համընկնում, մյուս բոլոր հարցերում այդ պետությունների հետ մենք կարծես թե համատեղվող շահեր չունենք։ Հայաստանը խնդիր ունի դիվերսիֆիկացնելու իր անվտանգային խնդիրները, իսկ դեվիրսիֆիկացման լավագույն ուղղությունը Ֆրանսիան է, քանի որ այստեղ մեր շահերը փոխադարձաբար համընկնում են»։

Մեկ հանդիպման չեղարկումը, ըստ Ղևոնդյանի, դեռևս ոչինչ չի նշանակում։ Կարծում է՝ Ֆրանսիայի լուրջ լծակները կարող են վերադարձնել քառակողմ ձևաչափով հանդիպելու Ադրբեջանի ցանկությունը։

«Այստեղ հարցն այլ է, այդ միջնորդական առաքելություններից մեկը՝ ֆրանսիականը, խնդրահարույց է ադրբեջանական կողմի համար, այդ պատճառով էլ Ադրբեջանը փորձում է խուսափել այդ մի ուղղությունից, բայց չի խուսափի, եթե հանդիպում լինի Մոսկվայում, հանդիպում լինի Վաշինգտոնում կամ ԱՄՆ–ի այլ քաղաքներում։ Կամ, կարծում եմ, չի խուսափի, եթե հանդիպում որոշվի և տեղի ունենա Բրյուսելում, օրինակ, Շարլ Միշելի միջնորդությամբ»։

Ամեն դեպքում ֆրանսիական կողմը՝ արտգործնախարարության մակարդակով արդեն արձագանքել է Ալիևի հայտարարություններին և վերահաստատել, որ «պաշտոնական Փարիզը լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»։ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի արագ էր արձագանքել և նշել, որ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն:

Մեկ շաբաթից ավելի ժամանակ կա մինչև դեկտեմբերի 7–ը, հանդիպման չեղարկման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն Բրյուսելից դեռ չի հնչել, բայց ակտիվ գործընթացները շարունակվում են։ Առաջիկա երկու օրերին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը լինելու է Ֆրանսիայում և Գերմանիայում․ հանդիպման օրակարգերը հայտնի չեն։  

Միջնորդների «ամերիկյան» թևն իր հերթին հանդիպումներ է ունեցել Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը։ Այս հանդիպման մանրամասները ևս հայտնի չեն։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում երկու կետով է ամփոփել Բաքու կատարած այցը։ Հիմնական ասելիքն այն է, որ շատ մարտահրավերներ մնում են չլուծված: «Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար», – եզրահանգել է ԵՄ պաշտոնյան։

Իսկ մինչ դիվանագիտական խողովակներով փորձ է արվում խնդիրներին լուծումներ գտնել, իրավիճակը շփման գծում շարունակում է անկայուն մնալ։ Հայ վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանը նաև  այդ տարբերակով է փորձում Հայաստանին պարտադրել իր ցանկությունները։

Back to top button