Երկրորդ շնչառություն

Հիշողության առաջին անվճար սրճարանը՝ Երևանում․ «Երկրորդ շնչառություն»

Հոկտեմբերից Երևանի կենտրոնում գործում է Հիշողության առաջին սրճարանը: Այն հիանալի միջոց ու վայր է տարեցների համար հավաքվելու և զբաղվելու ակտիվ մտավոր գործունեությամբ, ինչն օգնում է պահպանել այն կոգնիտիվ հմտություններն ու կարողությունները, որոնք նրանք ներկայում ունեն:

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ն անվճար այս ծրագրով փորձել է տարեցների համար զարգացնել համայնքային ծառայությունը և բացահայտել ավագ սերնդի այն ներկայացուցիչներին, որ օգնության կարիք ունեն անգամ իրենց տներում:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Նենսի Բարսամյանը նշում է, որ Դավոսի Ալցհայմերի համագործակցության դրամաշնորհով Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում իրականացվող այս նախաձեռնությունն օգնում է նաև ընտանիքներին հոգ տանել իրենց սիրելիների մասին, քանի որ նրանք բախվում են որոշակի դժվարությունների: Նրա խոսքերով, մասնագետները սովորեցնում են խնամատարներին, թե ինչպես կարող են հոգ տանել իրենց ընտանիքի այն տարեց անդամներին, որ ունեն հիշողության հետ կապված որոշակի խնդիրներ:

Հիշողության սրճարանի այցելուները նախապես անցնում են ճանաչողական գործառույթների գնահատման սքրինինգային գործընթաց: Վաղ կանխարգելման թեստի միջոցով բացահայտվում են հիշողության հետ կապված որոշակի խնդիրները վաղ փուլում, երբ դրանք դեռ չեն խոչընդոտում մարդու սոցիալականացմանն ու կյանքի որակին:

«Ապացուցված է, որ եթե դուք վարում եք ճիշտ ապրելակերպ՝ սնվում եք առողջ ու թարմ, մշտապես կրթվում եք, ամեն օր մարզվում եք, խթանում եք ուղեղի աշխատանքը, այդպիսով, դուք իրականացնում եք այնպիսի գործողություններ, որ ձեզ զգոն են պահում, ինչն էլ բարելավում է ձեր կյանքի որակը: Մեր բաղձալի արդյունքն այն է, որ երբ նույն տարեց քաղաքացին կրկին անցնի կոգնիտիվ գործառույթների ստուգման թեստը, անպայմանորեն տեսնենք, որ ի սկզբանե եղած պատկերը փոխվել է, և եթե անգամ հիշողության բարելավում չի արձանագրվել, ապա վատթարացում նույնպես առկա չէ: Սրանով էլ ենք մեր չափում մեր աշխատանքի արդյունքը»,-բացատրում է զրուցակիցս:

Ն.Բարսամյանի խոսքերով, տարեցների հետ աշխատող մասնագետներն ու մարդիկ պետք է լինեն կարեկցող և ըմբռնող, կարողանան բացահայտել, թե ինչի միջով է անցնում այդ տարեց անձն այդ պահին և իր ամբողջ կյանքի ընթացքում ինչի միջով է անցնել, ինչեր է հաղթահարել նա լինի դա ընտանիքի կորուստը, թե սեփական գործերով զբաղվելու ունակության կորուստ:

«Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է նրանց հույս ներշնչեք, որ ամեն ինչ լավ կլինի: Պետք է ցույց տանք այդ մարդկանց, որ այն ամենն ինչ նրանք փոխանցել են հաջորդ սերնդին, շարունակվելու է և շատ է գնահատվում»,- բացատրում է ամբողջ մասնագիտական գործունեությունը տարեցներին նվիրած մասնագետը:

Նա կարևորում է, որ տարեցների մասին ընտանիքի անդամներից բացի հոգ տանի նաև մասնագիտացված խումբը, քանի որ ծերերն ունեն տարբեր կարիքներ տանը, հիվանդանոցում և խնամքի հաստատությունում:

«Տարեցի հետ աշխատող բազմաֆունկցիոնալ թիմում պետք է ներգրավված լինեն սոցիալական աշխատողը, ով կգնահատի տարեցի կարիքները, սննդաբան, ով կօգնի ճիշտ սնվել, բժիշկ, որը պատասխանատու է թերապիաների համար, մկաներն ուժեղ և շարժունակ պահելու, ֆիզիկական ակտիվության համար, և հոգեբան, որն աշխատում է նրանց ճանաչողական կարողությունների հետ: Դա իսկապես թիմային մոտեցում է»,-բացատրում է Ն.Բարսամյանը:

Ըստ նրա՝ տարեցների համար բացարձակապես կարևոր է լինել այլ մարդկանց շրջապատում, ընկերակցության մեջ, ունենալ այլ խթաններ, զրույցներ վարել, իրենց կարևոր զգալ, քննարկել իրենց կարդացած գրքերը կամ անդրադառնալ այն իրադարձություններին, որ տեղի են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ: Իսկապես սա վստահաբար կարող է դիտարկվել որպես աջակցության համակարգ:

«Դա անելը շատ դժվար է, երբ դու ամբողջ օրը տանն ես, զբաղմունք չունես, ապրում ես մեծ ընտանիքում, որտեղ երեխաների և բոլոր մյուսների կարիքներն ու ցանկություններն ավելի են կարևորվում և առաջնային են համարվում: Այն պարագայում, որ տարեցների կարիքները կարող են մի փոքր մի կողմ անցնել, բայց երբ նրանք դուրս են գալիս և ուրիշների հետ են հաստատում սոցիալական շփումներ, իրենց տարեկիցների միջավայրում են լինում, նրանք հնարավորություն են ստանում աջակցել միմյանց և սովորել իրարից: Ես բացարձակապես վստահ եմ, որ շատերի համար այս սոցիալականացումը կարևոր է իրենց կարողությունների մակարդակը պահպանելու համար»,-ասում է Ն.Բարսամյանը:

Անդրադառնալով Հայաստանում և ԱՄՆ-ում տարեցների ոլորտում բուժքույրական գործի տարբերություններին՝ մասնագետը նշում է, որ բուժքույրերի աշխատանքն այնտեղ որոշ չափով նման է բժիշկների գործունեությանը. նրանք կարողանում են դեղորայք նշանակել, ախտորոշել հիվանդությունը, հետևել հիվանդության ընթացքին:

Հայաստանում օրենքները խոչընդոտում են, որ բուժքույրերն իրենց մասնագիտությամբ շարունակեն կրթությունը, զարգացնեն իրենց գիտելիքներն ու կրթական ավելի բարձր աստիճանների հասնեն:

«Օրինակ, Հայաստանում չես հանդիպի գիտությունների դոկտոր բուժքրոջ: Պետք է ավելի շատ հնարավորություններ լինեն նրանց կրթությունն առաջ մղելու համար, քանի որ ես գիտեմ, որ այս երկրում հայերն այնքան խելացի են և շատ լավ կրթված, և բուժքույրերը դեռ չեն հասել կրթության այդ մակարդակին, քանի որ ավանդաբար դա ընդունված չի եղել: Ես գիտեմ, որ լավ կրթություն ստացող բուժքույրերը լինելու են մեր ապագա առաջնորդները ևս, երբ դուք կրթեք բուժքույրերին, առողջապահական խնամքի հասանելիությունը, որակը և գոհունակությունը զգալիորեն կբարելավվի։

Back to top button