Ծովահայեր

Ծովային հետաքննություն՝ Սևանում խորտակված նավակի հետքերով. «Ծովահայեր»

Սևանի ջրափրկարարական ջոկատի սուզորդ Վահե Մելքոնյանը լճի հատակին 2013 թվականին տեսնում է խորտակված նավակ, կողքին՝ մարդու ոսկորներ ու  քարացած ցանցեր։ Նավակի գամերը դարբնի գործ են։ Այդ նավակի, ջրից դուրս բերված փոքր բեկորների ու ոսկորներից մի փոքր հատվածի ուսումնասիրություն անցկացնելու համար վերջին տարիներին աշխատանքներ է տանում «Արմդայվինգ» սուզորդական կազմակերպությունը, որը շահագրգռված է ոչ միայն Հայաստանում միջազգային որակավորմամբ սուզորդներ պատրաստելու, այլև Սևանա լճի հնագիտական կարևորությունը, բնապահպանական խնդիրները և զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելու հարցում։

Պարզելու համար, թե այդ ի՞նչ նավակ էր, ինչպե՞ս հայտնաբերվեց և ի՞նչ խորության վրա է հանգրվանել՝ ուղևորվեցինք Սևան։

Վահե Մելքոնյան

Սևանի ափին մեզ դիմավորեց սուզորդ Վահե Մելքոնյանն ու պատմեց, որ նավակը գտել է մոտ 16 մետր խորության վրա, այն ունի մոտ 10 մետր երկարություն, 2 մետր լայնություն, կողքին՝ մարդու ոսկորներ ու իշխան ձկան ոսկորներով ցանցի քարացած հատվածներ։

Ցավոք, որևէ զրույց չի պահպանվել Սևանի ավազանի բնակիչների հիշողություններում ծով դուրս եկած ու չվերադարձած ձկնորսի մասին։

Միգուցե նավակը խորտակվել է նախորդ դարերում, և ժամանակը ժողովրդի հիշողությունից ջնջել է անհետացած ձկնորսի մասին պատմությունները։

Լուսանկարը՝ Արմդայվինգի

Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահը՝ Կարեն Բալայանը, հիմք ընդունելով պատմիչների վկայությունները, վերականգնել է Սևանում նավարկող նավակների մոդելները: Նրա դիտարկմամբ` Սևանում գտնված նավակը նման է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու նկարագրած նավակներին, սակայն թվագրել նավակը միայն ակնադիտական ուսումնասիրություններով անհնար է։

10-րդ դարի նավակների վերամոդելավորված տարբերակը

2018 թվականից սկսած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոթքի արշավախումբը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական խումբը համատեղ հետազոտում են Սևանի ավազանի Արտանիշ թերակղզին, որն իր շրջակայքով բավականին հարուստ է հուշարձաններով:

Պեղումներին զուգընթաց Հայաստանում առաջին անգամ հնագետներին միացած սուզորդները, հետազոտություններ են անցկացրել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։ «Արմդայվինգ» ընկերության նախագահ Տիգրան Ազիզբեկյանը հնագետ ու մարդաբան մասնագետներին ներկայացրել է նաև Վահեի հայտնաբերած նավակի բեկորներից մի հատված ու մի փոքր ոսկոր՝ ձկնորսի ինքնությունը պարզելու համար։

«Ծովահայերի» տաղավարում մարդաբան Հասմիկ Սիմոնյանն ու Սոթքի արշավախմբի ղեկավար, հնագետ Մարիամ Ամիրյանն են։

Back to top button