Կյանքին ասել այո՛

Շուշիում այնպիսի զգացում էր, որ քո բակում է կռիվը․ Հրանտ Սվյատեցկի․ «Կյանքին ասել այո՛»

Հայրական պապը՝ Անդրեյ Սվյատեցկին, ազգությամբ լեհ էր։ Հայրենական պատերազմի օրերին լենինգրադյան ճակատում ծանր վիրավորվում է։ Դեպքերի բերումով բուժման նպատակով հայտնվում է Հայաստանում, որտեղ էլ ծանոթանում է Ռուզաննայի հետ, ամուսնանում ու մշտական բնակություն հաստատում այստեղ։ Այստեղից էլ բացահայտում ենք Հրանտի՝ Սվյատեցկի ազգանվան ծագումը։

Հրանտ Սվյատեցկին ծնվել է 1979 թվականին Երևանում, սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Դեֆեկտոլոգիա» բաժնում։ Այժմ ՏՏ ոլորտի մասնագետ է, աշխատում է Կենտրոնական բանկում։ Մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, ինչպես նաև սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններին։ 44-օրյա պատերազմին որպես կամավորական դարձյալ Արցախում էր։

Մարտական հերթապահություն է իրականացրել տարբեր հատվածներում, մասնակցել է Շուշիի ռազմական գործողություններին։ «Շուշիում այնպիսի զգացում էր, որ քո բակում է կռիվը, որովհետև Շուշի շատ եմ գնացել, սիրել եմ այդ քաղաքը։ Սիրում էի միայնակ շրջել քաղաքում, Շուշին ինձ համար մեր նվաճումների խորհրդանիշն էր։ Ես, իրոք, չէի պատկերացնում, որ Շուշին հնարավոր է այդպես հանձնել»,-ասում է Հրանտը։ Նրա համոզմամբ՝ ելք միշտ կա, բայց ինչպիսի՞ ելք, ըստ նրա, որոշողը արդեն մենք ենք։

Back to top button