ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական խաղաղությունն առայժմ «կրակում» է. Հայաստանի ռազմական բյուջեի իրական նպատակը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որի աշխատանքը կշարունակվի մինչև նոյեմբերի 28-ը: Օրակարգի առանցքում եվրոպական երկրների խնդիրներն են, որոնք առաջացել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով:

Մեծ խնդիրները, սակայն, պատճառ չեն, որպեսզի մոռացվեն կամ անուշադրության մատնվեն նաև այլ տարածքներում առկա նույնաբովանդակ խնդիրները: Այս տրամաբանությամբ հայ պատվիրակները փորձել են եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանի ապօրինություններին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո էլ շարունակում են:

Թեև ԵԱՀԿ շրջանակում տարիներ շարունակ ՄԽ-ն զբաղվել է հակամարտության լուծմամբ, խոսել է ուժի չկիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության մասին, բայց ագրեսիայից և ռազմական հանցագործություններից հետո այդպես էլ պաշտոնապես գնահատական չի տվել դրանց:

Վարշավայում ընթացքող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին, որոնք այս օրերին մտահոգված են հատկապես ուկրաինական դեպքերով և ճգնաժամով, փաստը հիշեցրել է Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ այդպիսի կեցվածքը և լռությունը ամոթալի որակելով: Կարծում է, որ ԵԱՀԿ-ի պես կառույցի պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին: Բայց հարց է բարձրացնում, որը բխում է ներկա իրողությունից։

«Եթե մեկ ավտորիտար պետություն կարող է ագրեսիա սանձազերծել, գործել պատերազմական հանցագործություններ և մնալ անպատիժ, ինչո՞ւ որևէ այլ ավտորիտար պետություն չպետք է մտածի, որ կարող է նույնպես փորձել և «հաջողել»»,- եվրոպացիներին հարցրել է հայ պատգամավորը:

Հայ պատվիրակները Վարշավայում խոսել են ոչ միայն 44-օրյա պատերազմի մասին, այլև ներկայացրել են դրան հաջորդած իրավիճակը՝ ադրբեջանական ագրեսիաները արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց: Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում, վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին, որոնց արդյունքում Ադրբեջանի զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք:

Ագրեսիայի և օկուպացիայի փաստը հաստատել է անձամբ Ադրբեջանի նախագահը՝ «այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա և կորուստ» ձևակերպմամբ: Ադրբեջանական կողմը իր քայլերը հիմնավորում է, թե սահմանազատված սահման չկա: Աղաջանյանը նման պնդումները վտանգավոր է համարել և ԵԱՀԿ ԽՎ-ում հիմնավորել. 

«Եթե երկու երկրների միջև սահման չկա, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում, քանի որ, եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի՞ ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում»:

36 քաղաքների և գյուղերի գնդակոծում, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1500 երեխայի տեղահանում, հարյուրավոր բնակելի տների, հյուրանոցների, դպրոցների, բժշկական հաստատությունների, լրատվամիջոցների աշխատակիցների թիրախավորում և 211 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն. Սրանք այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված և չհրահրված ռազմական ագրեսիայի հետևանքներն են, որոնք եվրոպացի պատվիրակներին ներկայացրեց պատգամավոր Սարգիս Խանդանյանը: ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի նախագահի ելույթներից մեկի վրա, որը հնչեցրեց 44-օրյա պատերազմից երկու տարի անց.

«Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ատելությամբ բորբոքված ելույթով, որում փառաբանում էր այդ հանցագործությունները և արդարացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան: Այդ ելույթում Ալիևը պարծենում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են առանցքային ռազմավարական բարձունքներում՝ թվարկելով Հայաստանում իր հնարավոր նոր թիրախների աշխարհագրական տեղանքների անունները»:

Խոսելով գործնական քայլերի և սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան ուղարկված ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության մասին, Հայաստանի պատվիրակության անդամները կարծիք են հայտնել, որ առաքելության զեկույցի հասանելիությունը բոլոր մասնակից պետությունների համար էական նշանակություն կունենա՝ ապահովելով ԵԱՀԿ-ի հետագա ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչպես նաև առանցքային դեր կխաղա նոր հնարավոր ագրեսիան կանխելու և Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

Մինչդեռ վերջին օրերին Ադրբեջանը նոր մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Այժմ թիրախավորել է Հայաստանի պետական բյուջեի ռազմական հատվածի հատկացումները: Այժմ Ադրբեջանը կասկածում է, թե ինչի համար են Հայաստանում  մեծ միջոցներ հատկացվում սպառազինության և բանակաշինության համար: Այս հարցերը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանելիս, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրել է՝ գործող իշխանությունը Հայաստանի ներսում բազմիցս քննադատվել է՝ «Հայաստանը հարևան պետություններից տարածքային պահանջներ չունի» հայտարարության համար: Իսկ սպառազինությունը անհրաժեշտ է 2020-ի պատերազմից հետո. 

«Հայաստանը հարևան պետությունների հետ պատերազմելու նպատակներ, պլաններ, ռազմավարություն չունի: Այո, ռազմական բյուջեն այս տարի բոլոր տարիների համեմատ ամենամեծն է, բայց դա ինչի՞ համար է արվում: Այսօր Հայաստանը ունի շուրջ 500 կմ և ավելի սահման Ադրբեջանի հետ, և մենք խոսում ենք 2020 թվականի պատերազմի հետևանքովփոփոխված սահմանի մասին: Հայաստանը ունի իրավիճակ, որ պետք է բարեփոխի իր ամբողջ ԶՈՒ-ն և ամրապնդի իր սահմանները, որը որևէ երկրի վրա հարձակվելու մասին չէ, որը որևէ ռևանշի մասին չէ, ընդհակառակը՝ ուղղակի Հայաստանի պաշտպանական կարողությունների վերականգնման մասին է»:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի օրակարգում կա և կլինի խաղաղության օրակարգը, որը ռազմական բյուջեի հետ որևէ կապ չունի: Իսկ խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները Ադրբեջանին փոխանցվել են Վաշինգտոնում: Հայաստանը դեռ պատասխան չի ստացել:

Փոխարենը՝ Ադրբեջանն արդեն հրաժարվել է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նշանակված քառակողմ հանդիպումից: Հիմնավորումը դժգոհությունն է Ֆրանսիայի նախագահի միջնորդական աշխատանքից: Իսկ «անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Back to top button