ԿարևորՎերլուծական

Սիրիա և Իրաք ներխուժումը՝ էրդողանական նոր հաղթաթուղթ համապետական ընտրություններում

Քրդերի թիրախում սովորաբար Թուրքիայի պետական, ռազմական կամ անվտանգային  կառույցներն են, ուստի նրանց հարձակումները ինչ-որ չափով դուրս են ահաբեկչության տրամաբանությունից՝ ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին և դրա հետ կապված թուրքական կողմի հայտարարություններին։ 

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում արևելագետը նշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն է բնորոշ մարդաշատ վայրերում մահապարտ ահաբեկչի միջոցով պայթյուն իրականացնելու ձեռագիրը։

«Հետևաբար, դիտարկելով այս հարձակումն ու դրա իրականացման նպատակը, կարծում եմ, որ դրա հետևում կարող են կանգնած լինել թուրքական հատուկ ծառայությունները, այդ ձեռագրի շրջանակներում  նման գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով Անկարան պատճառաբանում է Սիրիա և Հյուսասյին Իրաք թուրքական ներխուժման տրամաբանությունը»,-ասում է Արմեն Պետրոսյանը։ Փորձագետը նշում է, որ Անկարան, օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, Ստամբուլի ահաբեկչությունը ծառայեցնում է քաղաքական հատուկ նպատակի։

«Քրդերին ստամբուլյան պայթյունի պատասխանատու հռչակելով՝ Թուրքիան պարարտ հող է ստեղծում  մինչև 30 կմ խորությամբ Սիրիայի տարածքում անվտանգային միջանցքի ապահովման հարցում, ավելին` շարունակում է մեղադրել ռուսական կողմին 2019 թվականի Սոչիի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Ռուսաստանը, նշված փաստաթղթի  համաձայն, ստանձնել էր զտել Հյուսիսային Իրաքի և Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից շրջանները ահաբեկիչներից։ Քրդական գործոնը երկրի ավտանգային սպառնալիք համարելով, էրդողանական ռեժիմը սեփական ուժերով հարևան այդ երկու երկրների տարածք ներխուժման միջոցով փուլ առ փուլ օրինականացնում է իր զավթողոական նկրտումները»,- ասում է փորձագետը։

2016 թվականից սկսած 3 տարբեր ռազմական գործողությունների միջոցով Թուրքիային հաջողվել է Սիրիայի հյուսիսում և Հյուսիսային Իրաքում զավթել որոշակի քրդաբնակ տարածքներ, այժմ Թուրքիան նոր անդրսահմանային ռազմական գործողության միջոցով դիտարկում է աշխարհագրական տարածքի ընդլայնման և իր վաղեմի ծրագիրը իրագործելու  հնարավորություն, ինչի համար բավարար աշխարհաքաղաքական պայմաններ կան` ԱՄՆ և Ռուսաստանը կենտրոնացած են ուկրաինական ճգնաժամի վրա, Իրանն էլ, որ ազդեցություն ունի և՛ Սիրիայում, և Իրաքու՛մ, շտապում է կարգավորել ներքին խնդիրները։

Ըստ Արմեն Պետրոսյանի` Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի դեպքում «ճանկ-սուր» կամ «Մագիլ-Թուր», իսկ Իրաքի դեպքում «Ճիրան-ամրոց» հատուկ ռազմական գործողությունների միջոցով լուծում է նաև երկրի ներքին օրակարգին առնչվող խնդիրները։

«Ե՛վ ահաբեկչության իրողությունը, և՛ քրդերի դեմ պայքարը թուրքական իշխանություններն օգտագործում են հաջորդ տարի ակնկալվող համապետական ընտրություններին համընթաց, գործող էրդողանական վարչակարգը լրջագույն խնդիրներ ունի վերընտրվելու հարցում։ Նրանց նոր արտաքին հաղթանակներ են պետք քրդերի դեմ, որպեսզի, գոնե այս թեման շահարկելով, հավելյալ հաղթաթուղթ ունենան տարբեր շրջանակների ընտրողների համակրանքը շահելու համար»,-կարծում է Արմեն Պետրոսյանը։

Back to top button