Վերնատուն

Նոր կյանք՝ հնագիտական իրերին և սեփական պատմությանը․ «Վերնատուն»

Էրեբունի պատմահնագիտական արգելոցը Երևանում միակ հնագիտական արգելոց-թանգարանն է, որտեղ կարելի է այցելել։ Այն տարածաշրջանում ուրարտագիտական զարգացման և հետազոտությունների եզակի կենտրոն է։

Էրեբունի ՊՀԱԹ փոխտնօրեն Վահե Սարգսյանը, գիտահետազոտական վերականգնման և ամրակայման բաժնի ղեկավար Մանվել Ղալաչյանը և նույն բաժնի վերականգնող Սուրեն Մանուկյանը խոսում են մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման խնդիրների, զարգացման հնարավորությունների մասին։

Հնագիտական առարկաների վերականգնումն ու պահպանումը, կախված նյութի որակից, առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Էրեբունի ամրոցի պեղումներից հայտնաբերված ուրարտական որմնանկարների պահպանությունը, ինչպես նշում է Վահե Սարգսյանը, դժվարին և բարդ խնդիր է։

Հայաստանում չկան ուրարտական ժամանակաշրջանի որմնանկարների վերականգնողներ, չկա դպրոց, բուհերում չեն սովորում ռեստավրացիա՝ ասում է Վահե Ղալաչյանը։ Միայն Ռուսաստանի ռեստավրացիոն կենտրոնի հետ համագործակցության արդյունքում հնարավոր եղավ իրականացնել որմնանկարների վերականգնումը։

Տեղանքից կախված առարկաները շատ հաճախ պահանջում են վերականգնման առանձնահատուկ վերաբերմունք․ դարերով ջրի տակ մնացած իրերը երբեմն պատված են լինում մի քանի միլիմետրանոց կամ սանտիմետրանոց շերտով, որն ավելի ամուր է, քան բուն իրը։

«Եթե գործ ունես 3000 տարեկան իրի հետ ու դրա հետագա կյանքը կախված է մի շարք միջամտություններից, փրկում ես ոչ միայն իրը, այլ նաև քո պատմությունը»,- նշում են վերականգնողները։

Մշակութային ժառանգությունը գնահատելու և արժևորելու համար Վահե Սարգսյանը կարևորում է ժամանակակից մոտեցմամբ ցուցադրությունները, ասում է՝ մի քանի ամիս հետո մի շարք վերափոխումների արդյունքում՝ այցելուները կտեսնեն լիովին արդիականացված ցուցադրություն։

«Տևական ժամանակ մենք չենք ընկալել մարտահրավերները և չենք ունեցել զարգացում։ Թանգարանի կազմում ներառված են երկու հնավայր՝ Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը, որոնք գրեթե 90 ականներից սկսած վատ վերաբերմունքի են արժանացել, մշտապես աղտոտվել են։ Զարգացման համար նախ պետք է չաղտոտել հուշարձանները», – նշում է Սարգսյանը։

Back to top button