Մտքի ուժը

Հայ գիտնականները ծանր մետաղների հայտնաբերման նոր տեխնոլոգիա են մշակում․ «Մտքի ուժը»

2019 թվականին Բրազիլիայում գտնվող Բրումադինոյի պոչամբարի փլուզումը Córrego do Feijão հանքավայրում 200-ից ավելի մարդու կյանք խլեց։ Այս պոչամբարն արդեն լքված էր փլուզումից երկու տարի առաջ։ Մասնագետներն ասում են, որ եթե մոնիտորինգը ճիշտ կատարվեր, ապա աղետ տեղի չէր ունենա։

Հայաստանում երկու տասնյակից ավելի մետաղական հանքավայր է շահագործվում։ Գրեթե նույնքան էլ պոչամբար կա՝ գրանցված ու չգրանցված։ Բնապահպան մասնագետները պնդում են՝ պոչամբարում կուտակված պոչանքի ծավալները վտանգավոր են։ Դրանք լեցուն են թունավոր նյութերով ու փլուզման դեպքում կորուստներն անդառնալի են լինելու։

Եվ ահա Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները շրջակա միջավայրում և հանքարդյունաբերությունում ծանր մետաղների քանակական որոշման նոր տեխնոլոգիա են մշակում։ Սա ծանր մետաղների հայտնաբերման զգայուն մեթոդ է, որը թույլ է տալիս որոշել ծանր մետաղների պարունակությունը շրջակա միջավայրում և հանքարդյունաբերության օբյեկտներում, ժամանակին ախտորոշել վտանգավոր պրոցեսների ընթացքը, կանխել այդ պրոցեսները: Մեթոդի առավելությունը բարձր զգայունությունը և առկա նյութերի հստակ տարանջատումն է։ Սա ըստ գիտնականների, հնարավորություն է տալիս նմուշում հայտնաբերել ծանր մետաղների փոքր կոնցենտրացիաներն ու դրանց չնչին փոփոխությունները կարճ ժամանակահատվածում։ Ալբերտ Շահինյանն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող է, գիտական խմբի ղեկավար։ Պատմում է․ «Մենք վերցնում ենք նմուշը հանքարդյունաբերական վայրերին կից տարածքների հողից ու ջրից և դնում ենք մեր ինստիտուտում առկա էլեկտրոնային արագացուցչի ու ցիկլոտրոնի ֆոտոնային ու պրոտոնային փնջի տակ»։

Ճառագայթման հետևանքով նմուշներում առաջանում են այնտեղ առկա ծանր մետաղների իզոտոպներ: Ծանր մետաղների հայտնաբերման որոշ մեթոդներ քիմիական մշակում են պահանջում։ Այս դեպքում քիմիական մշակման անհրաժեշտություն չկա, իզոտոպներն իրենց ուղեկցող գամմա ճառագայթման սպեկտրում ունեն բնորոշ գամմա պիկեր, որոնք իրարից հեռու են լինում ու մենք կարող ենք հայտնաբերել այդ իզոտոպները և տարանջատել իրարից։

Այս հետազոտությունն անցկացնելու համար Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան բացի էլեկտրոնային արագացուցչից և ցիկլոտրոնից, ունի նաև ցածր ֆոնային ստորգետնյա լաբորատորիա՝ Ավանի աղի հանքում։ Եվ հենց այդ առավելությունն է հնարավորություն ստեղծել մշակելու ծանր մետաղների հայտնաբերման նոր մեթոդը։
Գիտական խումբն ըստ Շահինյանի՝ նմուշառում է վերցրել Ամուլսարի հարակից տարածքից։ Հանքավայրից ներս նմուշառում չեն կարողացել վերցնել։ Եվ քանի որ թույլտվություն չեն ստացել, նմուշառումն էլ կատարել են հանքավայրերին կից տարածքներից։

Գիտնական Լևոն Պողոսյանը գիտական խմբի անդամ է, աշխատում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Ալբերտ Շահինյանն ընդգծում է, այս պահին դեռ հանքավայրը չի շահագործվում։ Շահագործվելու դեպքում վտանգներ կարող են լինել։
Գիտնականների պնդմամբ, այժմ էլ կան տարբեր մեթոդներ, բայց ֆոտոնային ու պրոտոնային փնջով հետազոտություն միայն այս գիտական կենտրոնում են կատարում: Գիտնական Լևոն Պողոսյանի խոսքով, որքան մեկ նմուշում նյութերը շատ լինեն, այնքան գործող մեթոդներով բարդ է լինում դրանց քանակը որոշելը, իրենց մեթոդը հնարավորություն է տալիս պարզելու նույնիսկ փոքր քանակությամբ նմուշում պարունակվող նյութերը: Այս մեթոդի առավելություններից է նաև, ի տարբերություն այլ մեթոդների, նյութում պարոնակվող սնդիկի քանակի ավելի ճշգրիտ որոշումը: Այժմ դա ակտուալ է, քանի որ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի համաձայն, Հայաստանը ստանձնել է համապատասխան պարտավորություններ:

Նախատեսվում է նմուշառումներ կատարել Հայաստանի բոլոր հանքավայրերում և պոչամբարներում, այս դեպքում միայն թե պետական գերատեսչությունների ու սեփականատերերի համաձայնությունն է պետք։ Գիտնականներն այլ՝ ավելի հեռուն գնացող նպատակ էլ ունեն, ոչ միայն պարզել, թե ի՞նչ նյութեր կան հանքավայրերին կից տարածքներում ու պոչամբարներում, այլ նաև գտնել օգտակար նյութերը, ասում է Ալբերտ Շահինյանը։

Back to top button