

Տնտեսական տարբեր խնդիրների պատճառով լեռնային ու նախալեռնային շրջանների բնակիչները տարիներ շարունակ մեկնում են արտագնա աշխատանքի: Խոպանը նրանց եկամտի միակ աղբյուրն է. աշխատում են Ռուսաստանի, Ղազախստանի տարբեր քաղաքներում՝ հիմնականում ներգրավվելով շինարարական աշխատանքներում:
Վերջին տարիներին պետական քաղաքականությունը փոխել է գյուղացիներից շատերի արտագնա պլանները. մնացել են գյուղում ու զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ոլորտի պետական աջակցության ծրագրերից է օգտվել նաև Դավիթ Հովհաննիսյանը՝ զարգացնելով տավարաբուծությունը:
Առավոտյան ժամը 8-ին փողոցում լսվում է կաթ հավաքող մեքենայի ազդանշանը: Մարիաննան կաթով լի դույլերը ձեռքին տնից դուրս է գալիս: Դույլերից դեռ թարմ կաթի գոլորշին է բարձրանում, մեկ լիտրը 220 դրամով է հանձնում: Մարիաննայի ու ամուսնու՝ Դավիթի օրը սկսվում է առավոտյան ժամը վեցին:
Շուտ են արթնանում ու գոմ մտնում: Անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է, մինչև դրանով զբաղվելը ապրել են միայն խոպանի փողերով: Դավիթ Հոհաննիսյանն Արագածոտնի մարզի Արտենի գյուղից շատերի հետ 8 տարի անընդմեջ մեկնել է արտագնա աշխատանքի. Ռուսաստանի տարբեր քաղաքներում ճանապարհներ է ասֆալտապատել։
«Մոսկվայում, մարզի տարբեր քաղաքներում, որտեղ ասֆալտի աշխատանք կա: Ես ասֆալտը հարթեցնող տեխնիկա եմ վարում: Տարվա ինն ամիսն այնտեղ եմ, երեք ամիսն՝ այստեղ: Ամեն ինչ խնդիր էր, այստեղի աշխատանքով ոչ մի բան տնտեսել չէր լինում»:
Դավիթը կարիքից դրդված էր բռնել խոպանի ճամփան: Հինգ եղբայր են, չորսով ապրել են նույն հարկի տակ: Բոլորն էլ ամուսնացած են ու երեխաներ ունեն: Սեփական տուն ունենալու հույսով Դավիթն ամուսնությունից հետո արտագնա աշխատանքի է մեկնել, Ռուսաստանում աշխատելով՝ որոշակի հաջողությունների հասել։
«Խոպանով տուն եմ ձեռք բերել, ամեն ինչ լավ էր, նորմալ էր այնտեղ»:
Դավիթն աշխատանքային միգրանտ է, օրինական ճանապարհով մեկնել է, աշխատել ու վերադարձել, բայց այս տարի մտափոխվել ու հրաժարվել էր խոպանից: Ցանկությունը մեկն է՝ ընտանիքի կողքին լինել, աշխատել ու արարել հայրենի գյուղում: Չորս երեխա ունի՝ երկու աղջիկ և երկու տղա: Աղջիկներն արդեն դպրոցական են, տղաները` մանկապարտեզահասակ: Արտագնա աշխատանքից չորսամյա որդին է հետ պահել. օդանավակայանում դիմավորելիս չի ճանաչել հորը:
«Երեխաներն եկան օդանավակայան, տղաս մոտեցավ ինձ ու ասաց՝ հոպար, պապաս չի եկել: Դրանից հետո ասեցի՝ էլ չեմ գնա խոպան ու կմնամ, Հայաստանում կաշխատեմ»:
Մնաց ու միանգամից գործի անցավ, որոշեց անասնապահությամբ զբաղվել: Ձմեռը չխանգարեց նախաձեռնությունների իրագործմանը. գոմ կառուցեց ու կաթնատու տոհմային անասուններ ձեռք բերեց:
«Պետության օժանդակությամբ կովեր գնեցի: Երեք մլն դրամ անտոկոս վարկեր տրամադրեց՝ երեք տարով: Հինգ հատ անասուն գնեցի՝ հոլշտեին և սիմենթալ ցեղատեսակի կովեր, հետո երկրորդ վարկը վերցրի՝ 1 մլն 600 հազար դրամ, նորից մեկ կով գնեցի ու գոմի կառուցումն ավարտեցի»:
Դավիթ Հովհաննիսյանը օգտվել է պետության սուբսիդավորած գյուղատնտեսական վարկերից, որպեսզի զարգացնի տոհմային տավարաբուծությունն ու միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավի խոշոր եղջերավորների մթերատվությունը՝ ավելացնելով կաթի ու մսի արտադրությունը: Տոհմային կովի արդյունավետությունն արդեն տեսել է սեփական փորձով:
«Կաթնատու կովեր են, մի հատ հոլշտեին ցեղատեսակի ունեի, օրական 30լ կաթ էր տալիս»:
Կաթի մշակման գործը Մարիաննային է բաժին ընկել: Անցած տարի հոլշտեին ցեղատեսակի մեկ կովը լիարժեք հոգացել է տան հոգսերը. տնային պայմաններում ստացված կաթնամթերքի մեծ մասը վաճառել է, մի մասն էլ պահել են ընտանիքի կարիքների համար:
«Կաթը մշակում էի, պանիր սարքում՝ թել, տափակ, չեչիլ: Զտում էի կարագ ու յուղ ստանում, կեսը վաճառում էի, կեսն էլ՝ մեզ համար: Այդ մի կովով ամեն ինչ անում էի. և՛ երեխաներն էին օգտվում , և՛ վաճառքն էր բավարարում»:
Միանգամից մի քանի անասուն կթելն այդքան էլ հեշտ գործ չէ, կթի սարք են գնել ու հեշտացրել աշխատանքը: Սարքով կթելն ավելի հարմար է ու մաքուր:
«Ագրեգատը գնեցինք, դրանով էլ կթում ենք»:
«Ագրեգատով ավելի հարմար է, ձեռքերդ չի ցավում: Առաջ ցավում էր, երբ մի կով էի կթում՝ հոգնում էի, ձեռքերս շուտ էր թուլանում, հիմա չէ: Կթից առաջ կովի կուրծքը լվանում ենք, սրբում, չորացնում հետո միացնում սարքը»:
Բացի կթի սարքից՝ խոշոր եղջերավորներին կերակրելու համար ուրիշ տեխնիկա էլ են գնել. աղաց է, խոտն ու կանաչ զանգվածը աղում են, հետո լցնում մսուրքը. այդպես են անվանում անասունների փայտե կերատաշտը:
Դավիթն ասում է, որ անցած տարվա երաշտի պատճառով անասնակեր ձեռք բերելու դժվարություններ են ունեցել. խոտը թանկ էր, բայց ձմեռը հաղթահարել են:
«Խոտի մի հակը գնել եմ 3000 դրամ, 10 օրը մեկ 20 հակ ճարում էինք, գնում: Այս տարի խոտ շատ ունենք, տարբեր գներով են վաճառել՝ 500 ,1000, 1300 դրամ: Անցած տարի նույնիսկ ծղոտ ենք գնել 1200 դրամով ու կերակրել անասուններին»:
Արտենիում արոտավայրեր գրեթե չկան, մշակովի հողատարածքներ են: Անասանատերերը հիմնականում իրենց այգիներում ու դաշտերում են արածեցնում խոշոր եղջերավորներին: Դավիթի հողը մոտ մեկ հեկտար է, որտեղ միայն առվույտ է ցանում: Ասում է՝ հողերի որակը վատ է, նույնիսկ առվույտը լավ չի աճում:
«Այդ առվույտի մեջ եմ պահել անասուններին: Խոտը երրորդ անգամ չեմ քաղել, որպեսզի անասուններն արածեն: Արոտավայրեր չունենք, եթե լիներ, շատ հեշտ կլիներ»:
Դժվարություններից Դավիթը չի ընկճվել, գիշեր ու ցերեկ շարունակել է աշխատել հայրենի գյուղում՝ ձեռքի խոտհնձիչով վարձու աշխատանք է կատարել: Իր ունեցած կովկասյան գորշ ցեղատեսակի կովի հորթից բացի՝ նոր տոհմային հորթեր է գնել: Անասունները շատացել են, գոմը մեծացնելու անհրաժեշտություն է առաջացել: Շինարարությունը գարնանն է սկսելու:
«Երբ գործին նվիրված ես մոտենում ու սիրով, ամեն ինչ հեշտ է լինում»:
Երեխաները հիմա հորն ավելի շատ են տեսնում տանը: Երեկոյան հավաքվում են տաք վառարանի շուրջն ու միասին խաղում, հեռուստացույց նայում: Երեխաներին եմ հարցնում.
«-Մարիամի՛կ, կուզեի՞ր հայրիկը խոպան գնա,
-Չէ, կարոտում ենք, հիմա լավ է, որ այստեղ է, անասուններին է դաշտ տանում՝ կովերին ու հորթերին»:
Մարիամիկը վեց տարեկան է, Էլենը՝ 8: Հիմա Դավիթի հոգսերը համեմատաբար թեթևացել են, ձմռանը մի քիչ կհանգստանա ու կպլանավորի հաջորդ տարվա անելիքը: