ԿարևորՔաղաքական

Երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Բաքուն չի ընդունի․ քաղաքագետ

Հայաստանի առաջարկներին Բաքուն սվիններով ու սպառնալիքներով է արձագանքում, հերթականն այսօր է եղել։ Ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասին առաջարկին Ալիևը ասել է, թե իբր Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։

Հաշվի առնելով, որ այս թեման կարմիր գիծ է համարվում Իրանի համար Ալիևը ասել է նաև, որ Թեհրանը նույնպես չի արգելափակի միջանցքը, հաշվի առնելով իր հետաքրքրությունը  տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։

Ալիևի այդ հայտարարությունները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեկնաբանել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները սկսելու լուրջ հնարավորությունների մասին ՀՀ վարաչապետի վերջին հայտարարությունը կդասվի հերթական չընդունվող առաջարկների շարքում, քանի որ Բաքվի համար կարևորը այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցք»-ն է, կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։  Հարցը առաջին հերթին քաղաքական է և ոչ տնտեսական, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ընդգծվում է կոմունիկացիաների բացման կարևորությունը, իսկ այդ փաստաթուղթը քաղաքական բովանդակություն ունի․

«Ինչու է հայկական կողմը սրա մասին խոսում, քանի որ սրա այլընտրանքը միջանցքի հետ համաձայնելն է։ Հատկապես վերջին շրջանում նկատվում է, որ շրջանցող նախագծային տարբեր առաջարկներ անելով, հայակական կողմը բոլոր դեպքերում փորձում է հասնել նրան, որ շրջանառությունից դուրս գա այսպես ասած «զանգեզուրյան միջանցք»-ի թեզը։

Նաև վերջին շրջանում  ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում է, որ չի կատարել ստանձնած պարտավորությունները՝ կոմունիկացիաների հետ կապված։ Ուստի  հայկական կողմը այս քննարկումներով կարծում եմ փորձ է անում ցույց տալ իր բարի կամքը և պատրաստակամությունը և հավատարմությունը նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ կարող է լուրջ հնարավորություն ստեղծվել վերականգնելու Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին:

Փաշինյանն ընդգծել էր, որ նոյեմբերի 23-ին Երևանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ դրական ազդակներ է ստացել նրանից: Նա սակայն նշել էր, որ այդ ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի: Փաշինյանը նաև կարևորել էր այն, որ հայկական կողմը ֆինանսական խնդիր չի ունենա այդ հարցում։

Այդ նախագծի իրականացման թեման շրջանառվում էր նաև մեկ տարի առաջ։ Տնտեսագետները հաշվարկներ էին անում, նշում ռիսկեն ու հնարավորությունները։ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությամբ պետք է սկսվեր երկաթուղու վերականգնումը։ Հստակ արձանագրված էր, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Սակայն, Փաշինայնի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթ ստորագրել։ 

Այդուհանդերձ հայկական կողմում  երկաթուղու վերագործարկման հաշվարկներն արդեն պատրաստ են։ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը «Ռադիոլուր»-ին վերջերս ասել էր, որ ընդհանուր առմամբ, երկաթուղու գործարկումը   Հայաստանի համար կարժենա մոտ 500 մլն դոլար։ Ամենաէժանը կլինի Երասխ-Նախիջևան հատվածը․

«Մեր հատվածը մոտ 5 մլն դոլար էր գնահատվել, Ադրբեջանի հատվածը՝ 6 մլն դոլար։ Ընդհանուր  առմամբ ծախսելով 11 մլն դոլար, հնարավորություն է ստեղծվում երկաթուղային  կապ հաստատել Նախիջևանի հետ: Սյունիքում ծախսն ավելի շատ կլինի՝  Մեղրիի 45 կմ հատվածի վերականգնումը գնահատվել է  200–235 մլն դոլարին համարժեք դրամ։ Հրազդանից դեպի  Իջևան, այնտեղից էլ Ղազախ ուղղությունը մոտավորապես կես մլրդ դոլարին համարժեք դրամ է գնահատվել»։

Այս առաջարկը և հնարավորթյուն է Հայաստանի համար, բայց նաև ռիսկեր ունի, ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Գուցե հայկական կողմին շատ ավելի շահավետ է այս ծրագրի քննարկումը և շահագործումը։  Թեպետ, կարծում եմ, որ տեսանելի ապագայում  ևս հնարավոր չի լինի իրագործել, քանի որ դրա իրագործման համար անհրաժեշտ է անվտանգության որոշակի բաղադրիչների ապահովում։ Կարծում եմ, որ միայն այս դեպքում է, որ հնարավոր կլինի կոմունիկացիաների բացումը և բեռների և մարդկանց տեղափոխումը»։

Արա Պողոսյանը հիշեցրեց, որ երկաթուղին  վերաբացելու այս առաջարկը դեռ մեկ տարի առաջ նաև Մոսկվայի միջնորդությամբ էր ներկայացվել  Բաքվին, սակայն այն մերժվել էր, և նույնը  կարելի է կանխատեսել նաև այս առաջարկի դեպքում։

Back to top button