ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի նպատակը Լաչինի միջանցքն է. Բաքուն շարունակում է տապալել պայմանավորվածությունները

Ապատեղեկատվության տարածում և Բրյուսելում սպասվող  հանդիպման չեղարկում. ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովից անմիջապես  հետո Ադրբեջանը նոր քայլեր է ձեռնարկում: Այսօր հայտնի դարձավ, որ Ալիևը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ իր որոշումը պայմանավորելով դրան Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։  Մինչդեռ Հայաստանը պատրաստ է հանդիպել այն ձևաչափով, որով կայացել էր Պրահայի հանդիպումը՝ Փաշինյան, Ալիև, Մակրոն, Միշել։

Այս համատեքստում հայ փորձագետներն  արդեն վերլուծում  ու ենթադրում են, թե ինչի համար է, օրինակ, շրջանառության մեջ դրվել Սարիբաբա կոչվող բարձունքում իբրև թե ականներ հայտնաբերելու մասին ապատեղեկատվությունը:

Ադրբեջանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը: Առաժմ հիմքեր է նախապատրաստում։ Առաջին քայլը ապատեղեկատվության  տարածումն է, թե Սարիբաբա կոչվող բարձունքում իբրև թե հայտնաբերվել են նախորդ տարվա ընթացքում  Հայաստանում արտադրված ականներ: Լուրի իմաստը Թվիթերում պարզաբանել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը.

«Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը, սակայն միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականների առկայության մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, այնտեղից ականներ տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանքներ ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու մեջ»:

Սա շղթայի առաջին օղակն է: Հաջորդ քայլերը կամ նպատակները կարող են լինել մի քանիսը: Սրանց մասին արդեն Ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա լուրջ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանը փորձում է այս քայլով հասնել առավելագույնը՝ Լաչինի միջանցքի փակմանը, նվազագույնը՝ այնտեղ անցակետ տեղադրելուն:

Վերլուծելով Ադրբեջանի վերջին օրերին քաղաքականությունը, նույն նպատակներն է առանձնացնում նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը.

«Այս գործընթացը իրականում վաղուց է սկսվել: Դեռևս նոյեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը նմանատիպ հայտարարություններ էր արել, այդ շրջանում նաև ակտիվ տարածում էին գտել նմանատիպ խոսությենրը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում: Այժմ տեսնում ենք այդ գործընթացի երկրորդ ալիքը և նպատակը ակնհայտ  է՝ կա՛մ Լաչինի միջանցքում ինչ-որ սադրանքների իրականացումն է, կամ էլ ընդհանրապես ավելի լայնամաշտաբ ռազմական էսկալացիայի իրականացումը: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, օրինակ, կարող է փորձ կատարել ինչ-որ անցակետեր տեղադրել Լաչինի միջանցքում և փորձել իչ-որ վերահսկողություն հաստատել նաև այդ միջանցքում»:

Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի, և Ադրբեջանն այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի», ապա նպատակն առավել քան ակնհայտ է:

Ադրբեջանական քայլերի թիրախում են հայտնվել նաև ռուս խաղաղապահները:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը հայտարարել էր, թե Բաքուն փաստեր ունի «ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման», ինչպես նաև «ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման» մասին։ Բացի այդ, Բաքուն Հայաստանին մեղադրում է ռազմականացման և Ղարաբաղում սադրանքների համար պայմաններ ստեղծելու մեջ:

Արցախը զինաթափելու և ՊԲ–ն լուծարելու նպատակներն Ադրբեջանը տեսել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, թեև փաստաթղթի որևէ կետում նման պայման չկա: ՊԲ լուծարումը Արցախում համարում են անընդունելի, բազմիցս հիմնավորել են, թե ինչ գոյաբանական վտանգ է այն պարունակում: Արցախի Հանրապետության ԱԺ մեծամասնության ղեկավար Արթուր Հարությունյանը նշում է.

«Մեր ՊԲ լուծարման մասին ընդհանրապես խոսք չի եղել ու չի լինելու: Այսինքն՝ չարձագանքելը և գործնական քայլեր չձեռնարկելը լինելու է Ադրբեջանի համար նոր ցեղասպանության արտոնագիր: Ադրբեջանի նախագահի բացահայտ այդ սպառնալիքները, որոնք հնչում էին և՛ ՀՀ, և՛ Արցախի Հանրապետության, դրանք հենց վկայում են, որ իրենց նպատակը հենց դա է»:

Արդեն այս փուլում վերլուծաբանները խոսում են Ադրբեջանի կողմից հրահրվող նոր էսկալացիայի վտանգի մասին: Ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ դրա մասին հուշում են Ադրբեջանի քայլերը։

«Այս փուլում, կարծես թե ավելի շատ ակտիվություն նկատվում է Արցախում: Ամեն օր տեսնում ենք, որ հաղորդագրություններ են տարածվում, թե ՊԲ և թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, այդ մասին երեկ հաղորդագրություն տարածեց նաև Ռուսաստանի ՊՆ-ն: Ամենայն հավանականությամբ, եթե ինչ-որ էսկալացիա տեղի ունենա , այն տեղի կունենա հենց Արցախում: Միջազգային հանրության տարբեր ազդեցիկ խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն կարող են ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, բայց իրականում նրանց լծակները գետնի վրա բավական սահմանափակ են: Այստեղ ռազմական ներկայություն ունեցող միակ տարածաշրջանային ուժը Ռուսաստանն է, որը ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանի հետ ուղիղ առճակատման չի ցանկանում գնալ»:

«Միջզգային հանրության»-ը նույնպես է բաժին է հասնում ադրբեջանակն սադրանքներից: Ադրբեջանի նախագահը չեղարկել է դեկտեմբերին 7-ին Բրյուսելում նշանակված քառակողմ հերթական հանդիպումը: Ալիևի հիմնավորմները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դեմ են: Անգամ խոսում է Ֆրանսիայի խաղաղապահ առաքելության անհնարինության մասին: Ադրբեջանի այս քայլն ինչպե՞ս կհանդուրժի միջազգային հանրությունը՝ «Ռադիոլուր»-ի հարցին քաղաքագետ Թևան Պողոսյանը պատասխանում է. 

«Միջազգային հանրությո՞ւնն է այն դիտորդներին ուղարկել մեզ մոտ, որ ամեն օր կրակում են: Այդ նույն միջազգային հանրությունը չէ՞ր, որ ասում էր երեք սկզբունք, ուժի չկիրառում, սպառնալիք անգամ թույլ չէր տալիս: Դա ինչպե՞ս ստացվեց, այն ժամանա՞կ ուր էին: Մեզ դա չեղա՞վ, որ չկա որևէ մեկը բացի մեզանից և այսօրվա դրությամբ մերմիակ ռեսուրսը մենք ենք, մեր ազգային միասնությունը կարող է լինել: Կամ միասնական կդառնանք, ռեսուրս կձևավորենք, ինչ-որ մի կերպ մեր շահերը կպաշտպանենք, իսկ եթե ոչ՝ ապա առանձին-առանձին կջարդեն: Միջազգային հանրությունը կձևավորվի այն րոպեին, երբ կզգա, որ այս բռունցքի մեջ ուժ կա  ու ինքը կարող է դրանից օգտվել: Այդ ժամանակ միանգամից կարող է ասել՝ հայկական տեսակետը պետք է հաշվի առնել: Իսկ մինչ այդ այդ «միջազգային հանրություն» որ ասում եք, որտե՞ղ եք դա տեսել»:

Բրյուսելի հանդիպման չեղարկումը, փաստացի պրահյան քառակողմ ձևաչափին է առնչվում: Այն ձևավորվել էր այս տարվա հոկտեմբերին:  Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը իրատեսական է համարում նաև այս ձևաչափի փոփոխությունը:

«Եթե Ադրբեջանի իշխանությունները պնդեն, որ պատրաստ չեն բանակցություններ վարել Ֆրանսիայի միջնորդությամբ, ապա ամենայն հավանականությամբ այդպես էլ տեղի կունենա: Մենք ունենք նույն ՄԽ ու ՄԽ համանախագահության փորձը, երբ ինչ-որ փուլում Բաքուն հրաժարվեց այդ ձևաչափով մասնակցել որևէ բանակցությունների: ԵՄ ձևաչափը շարունակում է գոյություն ունենալ, ռուսական միջնորդությունը շարունակում է գոյություն ունենալ: Մեծ հաշվով սկզբունքային տարբերություն չունի նույն ԵՄ ձևաչափի և ԵՄ ու Ֆրանսիայի ձևաչափի միջև: Ես այդպիսի մեծ նշանակություն չէի տա, օրինակ, նույն ֆրանսիայի մասնակցությանը այդ բանակցություններին»:

Ստեղծված իրավիճակում ինչ քայլեր պետք է անի հայկական կողմը. Հարցի այսպիսի ձևակերպումը կամ րոպեական լուծումների փնտրտուքը քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով ամենամեծ սխալն է: Ասում է՝ այն գալիս է ազգային մեծ նպատակների և միասնության բացակությունից: Անհրաժեշտ են այնպիսի այնպիսի բարեփոխումներ, որոնք լրացուցիչ ռիսկերի, ցնցումների չենթարկեն սահմանադրական կարգը՝ եզրափակում է վերլուծաբանը։

Back to top button