ԿարևորՀասարակություն

90-ականների մոդելը՝ նոր փոփոխությունների հիմքում․ Կառավարությունը հաստատեց ՆԳՆ կազմավորելու նախագիծը

Մեկ նոր նախարարություն` ոստիկանության, փրկարար ու միգրացիոն ծառայությունների փոխարեն։ Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին։ Նոր ստեղծվելիք գերատեսչությունն  իր տանքի տակ կհավաքի ոստիկանական ուժերը, Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն ու փրկարար ծառայությունը, ինչպես նաև այժմ ոստիկանության կազմում գործող անձնագրային և վիզաների վարչությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիայի ծառայությունը։

Այլ կերպ ասած 1 նախարարություն 5 հիմական ոլորտներով՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկերի կառավարում,  միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Վարչապետը  վստահեցնում է՝ նախատեսվող փոփոխությունները միայն ավելի որակյալ համակարգ ունենալուն են միտված։

«Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ խոսքը միայն նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ։ Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն ու ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը Ներքին գործերի նախարարություն ունեցել է 90-ականներին։ 20 տարի հետո նույն մոդելին վերադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոլորտային բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է համարում։ Նախարարության ձևավորումից հետո ոլորտներում կառուցվածքային և գործառույթային փոփոխություններ էլ կլինեն։

«Մի քանի առանձնահատկությունների մասին եմ ուզում նշել․ նոր նախարարությունում ոստիկանության և փրկարար ծառայության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոտիկանության զորքերը կվերակազմավորենք որպես ոստիկանության գվարդիա, և այդ գվարդիան ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն ոստիկանության զորքերը»։

Նախարարության ձևավորումից հետո կմեկնարկի նաև կամավոր ատեստավորումը, շեշտում է կառավարության ղեկավարը։ Արդյունքում ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը պետք է առնվազն կրկնապատկվի։ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ սա որակյալ ծառայություններ ունենալու կարևոր բաղադրիչներից է։

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը հիշեցնում է, որ ոստիկանության բարեփոխումների մեկնարկը տրվել է պարեկային ծառայության ներդրումով։ Արդեն 2023-ի տարեսկզբից Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ևս կգործի պարեկային ծառայությունը։

«9․11 կամ 1․02 համարի ներքո նախատեսվում է ստեղծել մի օպերատորական խումբ, և քաղաքացին այլևս ստիպված չի լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգելու համար տարբեր համարներ հավաքել, այլ կլինի մեկ միասնական համար, որտեղ զանգահարելով քաղաքացին կիմանա, որ այդ շտապ օգնությունը կհասնի իրեն»,– ասում է Մինասյանը։

Նախագծի ընդունումից հետո, ըստ երևույթին, կդադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, սակայն փոփոխությունների անցնցում իրականացումն ապահովելու ու հանրությանը մատուցվող ծառայությունների անխափան ընթացքը ապահովելու համար կառավարությունը 4 ամիս անցումային ժամանակաշրջան կսահմանի ։ Այդ ընթացքում գործադիրը 12-ի փոխարեն կունենա 13 անդամ։

«Իհարկե սրանք հարցեր են, որ դեռ երկար պետք է քննարկվեն․ շատ մանրամասն ոսկերչական աշխատանք է պահանջում նոր նախարարության ձևավորումը, որի արդյունքում պետք է ունենանք նոր ոստիկանություն և նոր փրկարար ծառայություն»,– եզրափակում է վարչապետը։

Ներքին գործերի նախարարություն կազմավորելուն աջակցելու է Եվրամիությունը․10 մլն եվրոյի դրամաշնորհ կուղղվի ոստիկանության բարեփոխումներին։ Կառավարությունում  նշում են, որ բարեփոխումների ծրագիրը մշակելիս ավելի քան 3 տասնյակ երկրի փորձ է հաշվի առնվել։ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը քննարկելու է  առաջիկայում։

Back to top button