Երաժշտական եռանկյունի

Մարկ Գրիգորյան՝ «երաժշտական եռանկյունի» և ոչ միայն․ «Երաժշտական եռանկյունի»

Հինգ տարի առաջ աշնանը հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը հրավիրելով ինձ իր մոտ՝ առաջարկեց ստեղծել նոր ռադիոհաղորդաշար, որը ճանաչողական, լուսավորչական ուղղվածություն կունենար և որը կհանրահռչակեր այն արժեքավորը, ինչ ստեղծվել է երաժշտության մեջ՝ ավանդական, դասական, հոգևոր, ակադեմիական, ջազային, ռոք և էքսպերիմենտալ տեսակների ոլորտում:

Եվ մեր զրույցը Մարկ Գրիգորյանի հետ ընթացավ հենց այն ձևաչափի մեջ, որը բնորոշ էր հաղորդաշարի սկզբնական շրջանին, երբ ես և իմ հյուրերը առաջարկում էինք մեր նախընտրած ստեղծագործող-կատարողներին և քննարկում ծավալում այդ նյութի շուրջ:

«Ես կաշխատեմ այսօր խոսել այն երաժիշտների մասին, որոնց հետ կամ անձնական առնչություն եմ ունեցել, կամ կապված եմ ինչ-ինչ պատմություններով»,- սկսում է Մարկ Գրիգորյանը՝ առաջարկելով ունկնդրել «Չիլինգիրյան» կվարտետի կատարումներից մեկը:

Մաեստրո Չիլինգիրյանի հետ Մարկ Գրիգորյանին կապում է Բրիտանիայում ապրած տարիների նրանց հին ընկերությունը: Այդ երաժիշտը ներկայացնում է բրիտանական կատարողական արվեստի բարձր խավը, և իմ զրուցակցի համար ընկերությունը և հանդիպումները նրա հետ միշտ լավ միջոց էին հանդիսանում ճանաչելու բրիտանական ակադեմիական երաժշտական միջավայրը ներսից:

Ի շարունակություն մեր ստեղծագործող հայրենակիցների թեմային, որոնք ապրում և աշխատում են արտասահմանում, ես փոխադարձաբար առաջարկեցի լսել շվեյցարաբնակ անվանի հայ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի «Լույսի մեսսայից» մի հատված, որը կատարվել էր մաեսրոյի հոբելյանական 60-ամյակին նվիրված համերգի ժամանակ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշության տանը, Հայաստանի և Երևանի պետական երգչախմբերի և Հայաստանի կամերային նվագախմբի և սոլիստների կատարմամբ, դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:

Այսօր յուրաքանչյուր հայ ստեղծագործող, ով ապրում և աշխատում է արտասահմանում, մեծ առաքելություն ունի, քանի որ ներկայացնում է ոչ միայն սեփական, այլ նաև հայկական ստեղծագործական և կատարողական արվեստը, և հատկապե կոմպոզիտորներ, որոնք ունեն մեծ ճանաչում մեծ աշխարհում, ամեն անգամ առիթ են ստեղծում խոսելու հայրենի արվեստի և մշակույթի մասին:

Ի պատասխան ինձ՝ Մարկ Գրիգորյանն առաջարկում է ունկնդրել Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը՝ ալտահար Քիմ Քաշքաշյանի կատարմամբ: Միացյալ նահանգների Ռոդ Այլենդի երաժշտական փառատոնի հիմնադիր և ղեկավար, անվանի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, հայրենանվեր հասարակական գործիչ և մշտապես հայկական երաժշտությունը հանրահռչակող Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործությունը հաջորդ հանգրվանն էր մեր երկխոսության:

Իմ առաջարկով մենք ունկնդրում ենք մաեստրոյի «Կոնցերտ ձայնի և բիգ բենդի համար» ստեղծագործությունից մեկ հատված՝ Տաթևիկ Հովհաննիսյանի և Վիլնյուսի կոնսերվատորիայի բիգ բենդի կատարմամբ: Ջազային երաժշտության ոլորտում այս կոնցերտն անգերազանցելի է և դասվում է այդ ժանրում լավագույն ստեղծագործությունների շարքին: Մաեստրո Պետրոսյանի ավանդը գնահատվում է նաև հայրենիքում, նա վերջերս արժանացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

Այսպես հեղինակից հեղինակ անցնելով՝ զրուցեցինք Ալեքսանդր Սպենդիարովից, թավջութակահար Սթիվեն Իսերլիսից, ջազմեն Մալխասից, երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանից, ինչպես նաև հայ կատարողական արվեստի փայլուն ներկայացուցիչներից՝ «Սաղմոսերգու» երգչախումբ, ֆլեյտահար Նելլի Մանուկյան, հայկական վիոլայի նվագող Գրիգոր Առաքելյան, փողային նվագարանների վարպետ Նորայր Քարտաշյան, երգչուհի Աննա Մայիլյան և Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Back to top button