Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայ կինոյի «սահմաններ հատողը». «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը ռուսական կինոարտադրության ակտիվ դերակատարներից մեկն է։ Սակայն քչերին է հայտնի այն, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համագործակցելուց հետո ռեժիսորը հետագայում իր բախտը պիտի որոներ օտարության մեջ։

Կարեն Գևորգյան

Կինեմատոգրաֆիական ընտանիքում մեծացած ռեժիսորը մասնագիտություն ընտրելիս արագ կողմնորոշվեց։ 1963 թվականին ավարտեց ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը, մի քանի տարի անց էլ՝ Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Ավարտելուց հետո վերադարձավ «Հայֆիլմ», որտեղ էլ անցավ փորձություններով լի ստեղծագործական ճանապարհ։

Նրա գլուխգործոցը՝ «Ծովեզրով վազող չալ շունը» ֆիլմը, 1991 թվականին հաղթող ճանաչվեց Մոսկվայի 17-րդ միջազգային կինոփառատոնում։ Այս հաղթանակից մի քանի տասնամյակ առաջ նկարահանված նրա երկու ֆիլմերն էլ՝ «Օգոստոս» և «Հրաժեշտ սահմանագծից անդին» նույնպես ունեին փառատոնային ֆիլմեր դառնալու բոլոր նախադրյալները, սակայն դա տեղի չունեցավ։

«Ե՛վ «Հայֆիլմ» կինոստուդիայի, և՛ այն ժամանակվա ղեկավարությունը բավականին խոչընդոտեցին այս ֆիլմերի էկրան բարձրանալուն»,-ասում է Կարեն Գևորգյանը:

Կինոգետ Միքայել Ստամբոլցյանը մեր կինոսեր հանրությանն այսօր առավել հայտնի է «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնում ծավալած գործունեությամբ, սակայն երեք և ավելի տասնամյակ առաջ նա որպես խմբագիր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Կարեն Գևորգյանի հետ նրա առաջին իսկ հանդիպումը հետագայում վերածվեց երկար տարիների ստեղծագործական և ընկերական մտերմության։ Պատմում է, որ Հայաստան վերադառնալուն պես, Կարեն Գևորգյանը նկարահանել է իր առաջին լիամետրաժ՝ «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմը, որին էլ հաջորդել է «Օգոստոսը»։ Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների հիման վրա նկարահանված այս ֆիլմին, սակայն, բաժին ընկավ դժվար ճակատագիր։

Միքայել Ստամբոլցյան

«Անցյալ դարի 60-ականների երկրորդ կեսին ընթերցողի դատին հանձնվեց Հրանտ Մաթևոսյանի «Օգոստոս» պատմվածքների և վիպակների ժողովածուն: Կարեն Գևորգյանն ու մոսկվայաբնակ սցենարիստ Էդուարդ Մարգարովը այդ ժողովածուում տեղ գտած չորս պատմվածքների հիման վրա ստեղծեցին հետաքրքիր մի կինոսցենար»,-պատմում է Միքայել Ստամբոլցյանը:

Հայկական հեռուստաալիքներից մոռացված այս ֆիլմը այժմ հասանելի է միայն ռուսական տարբերակով։ Կարեն Գևորգյանը հույս ունի, որ օրերից մի օր ֆիլմը կթարգմանվի հայերեն, նոր շունչ կստանա և համացանցից բացի հայ հանդիսատեսը կկարողանա այն դիտել հայկական հեռուստաալիքներով։

«Ֆիլմն այժմ ռուսերեն կրկնօրինակմամբ է, բայց ցանկության դեպքում իհարկե հնարավոր է հայերեն կրկնօրինությամբ այն ներկայացնել: Պարզապես այդ ցանկությունը չկա»,-ափսոսանքով նշում է Կարեն Գևորգյանը:

«Օգոստոս» ֆիլմի՝ էկրան բարձրանալուց մի քանի տարի անց, Կարեն Գևորգյանը ֆիզիկոս, սցենարիստ Ալեքսանդր Դիվանյանի ներկայացրած սցենարից ոգևորված ստանձնեց «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի նկարահանման առաջարկը։ Ֆիլմ, որում ներկայացված խորհրդային մարդու նյութապաշտությունն ու հոգևոր արժեքների բացակայությունը պիտի հակադրվեին ժամանակի՝ իբրև թե վեհ, գաղափարախոսությանը։ Բայց այս ամենը պիտի տեղի ունենար հետագայում։

««Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմը «Հայֆիլմում» նկարահանված իմ երրոդ լիամետրաժն էր: Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ այն ժամանակ, երբ նկարահանումների ավարտից հետո ֆիլմը ներկայացվեց Մոսկվայի կինոկոմիտեի գեղարվեստական խորհրդի անդամներին: Ֆիլմում տեղ գտած կաշառակերության տեսարանները, որոնք իմ կարծիքով բավականին մեղմ էին  ներկայացված, խորհրդային տարիներին տիրող կաշառակերության ֆոնի վրա, պատճառ դարձան, որ ֆիլմը երկար ժամանակ էկրան  չբարձրանա», -ասում է Կարեն Գևորգյանը:  

Թեև ռեժիսոր Կարեն Գևորգյանը համոզված է, որ ֆիլմը ոչ մի առիթ չէր տվել նման վերաբերմունքի, սակայն ֆիլմի խմբագիր Միքայել Ստամբոլցյանն այլ կարծիքի է։

«Գիտեք մոսկովյան խմբագիրներն էլ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի բաժնի աշխատակիցներն էլ, որոնք ի դեպ վերջնական որոշում ընդունողներն էին, շատ լավ հասկացել էին ֆիլմի ասելիքը: Իսկ այն հետևյալն էր, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որը հոգևոր արժեքներից զուրկ է: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ ֆիլմը երկար տարիներ դասվի դարակային ֆիլմերի շարքին»,- նշում է Միքայել Ստամբոլցյանը:

«Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի հետ կապված բանավեճերից, քննարկումներից ու քաշքշուկներից հետո, Կարեն Գևորգյանը որոշեց տեղափոխվել և աշխատել «Լենֆիլմ»-ում։ Նա այսօր ակտիվ նկարահանման աշխատանքների մեջ է, շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր նկարահանած ֆիլմը։ Ռեժիսորն այսօր էլ իր լավագույն գործը շարունակում է համարել «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմը և կես կատակ-կես լուրջ ավելացնում, որ օրերից մի օր, հավաքելով անհրաժեշտ գումարը, վերադառնալու է Հայաստան ֆիլմը վերականգնելու և հանդիսատեսի դատին ներկայացնելու նպատակով։

Back to top button