ԿարևորՀասարակություն

Ֆրանսիական վավերագրական կոմիքս՝ Հայոց ցեղասպանության մասին

Ընթերցողները հաճախ կոմիքսները կապում են ֆանտաստիկ պատմությունների և գեղարվեստական ​​կերպարների հետ: Այնուամենայնիվ, վերջին տասնամյակներում դրանք ավելի ու ավելի են դառնում ոչ գեղարվեստական ​​գրականության հարթակ:

Euronews-ը ներկայացրել է այս տարի հրատարակված պատկերավեպի համարձակ նախագծերից մեկը: Վեպը պատմում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին:

«Հայոց ցեղասպանության պատմություն» (Une Histoire du Génocide des Arméniens) կոմիքսում ֆրանսիացի գրող Ժան-Բլեզ Ջիանը (Ջիան), աշխատելով խմբագիր, կինոպրոդյուսեր և սցենարիստ Գորուն Ափրիկյանի հետ, կարողացել է համատեղել գեղարվեստական ​​և արխիվային նյութերը։ Սա վավերագրական գեղարվեստական ​​ստեղծագործություն է, որի նպատակն է օգնել ընթերցողին ավելի լավ հասկանալու Հայոց ցեղասպանության բարդ պատմությունը և, առաջին հերթին, պահպանել հիշողությունը։

Վավերագրական կոմիքսի արխիվային լուսանկարներով նկարազարդված էջերը ցույց են տալիս, թե ինչպես է Օսմանյան կայսրությունը 1915-1923 թվականներին, ներկայիս Թուրքիայի տարածքում կոտորել և տեղահանել առնվազն 1,2 միլիոն հայերի:

«Մենք զգացողություն ունեինք, որ այս թեման պետք է բացել»,- euronews-ի հետ զրույցում ասել է Գորուն Ապրիկյանը։

«Կարևոր է, որ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը դպրոցներում  քննարկման առարկա դառնա։ Մենք զգացինք, որ անհրաժեշտ է ուսանողների, ինչպես նաև ուսուցիչների համար հնարավորություններ ստեղծել՝ պատմության այս շրջանի հետ կապված խնդիրները ավելի լավ հասկանալու համար»,- նշել է նա:

«Հայոց ցեղասպանության պատմությունը» վեպի գործողությունը տեղի է ունենում 1915 թվականին և պատմում է Հակոբյանների ընտանիքի մասին։

Թեև Օսմանյան կայսրությունում քաղաքական իրավիճակը երկար տարիներ լարված է, սակայն թուրք և հայ համայնքները ներդաշնակ են ապրում լեռնային փոքրիկ Դենդիլ գյուղում։ Այստեղ է ապրում նաեւ Հակոբյանների ընտանիքը։ Բայց մինչ եվրոպական տերությունները կռվում են Առաջին համաշխարհային պատերազմի խրամատներում, օսմանյան կառավարությունը մշակում է հայերի զանգվածային բնաջնջման ծրագիր։

Ընտանիքի հորը՝ Առաքելին, թուրքերը սպանում են, իսկ մնացած անդամները  բռնի տեղահանության են ենթարկվում։

Պատմության հերոսը Միքայելն է՝ Հակոբյանների դեռահաս որդին, որը ստիպված է չորս երկար տարիներ թաքնվել Դենդիլում՝ փորձելով խուսափել տեղահանությունից:

«Այս գրքի գաղափարը մեզ տվել է Petit à Petit հրատարակչության հիմնադիր և տնօրեն Օլիվյե Պետիտը»,- ասում է Գորուն Ափրիկյանը։ Ջիանի հետ նախորդ համատեղ նախագծում նա հրատարակել էր «Վարտո» գրաֆիկական վեպը, որը նկարել է Ստեֆան Թորոսյանը, այն լույս է տեսել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին՝ 2015թ.-ին:  «Վարտոն» պատմում է երկու դեռահասների մասին, որոնք դիմակայում են ցեղասպանության սարսափներին։

«Petit à Petit-ն առաջարկում է կրթական կոմիքսներ, որոնք միաձուլում են գեղարվեստական ​​պատմությունը պատկերազարդ վավերագրական նյութի հետ: Ես մտածեցի, որ դա ճիշտ ձև է մեր պատկերավոր վեպի համար»:

«Արվեստի գործը պարունակում է կյանքի ճշմարտություն, սրտի ճշմարտություն, որը չի կարող փոխանցվել միայն չոր պատմական դիսկուրսի միջոցով,- բացատրում է Ափրիկյանը,- բոլորը գիտեն, թե ինչ է եղել [1915թ.], բայց ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես է դա եղել։ Մեր վավերագրական կոմիքսը թույլ է տալիս ընթերցողին հասկանալ, որ սա ողբերգություն է, և դա ավելի լավ հասկանալու համար հարկավոր է ավելի հեռուն գնալ դեպի անցյալ՝ պատմելու համար ոչ միայն մարդկանց, այլև էթնիկ խմբի, քաղաքակրթության մասին։

Ապրիկյանն անդրադառնում է նաև նացիստներին, որոնց համար Հայոց ցեղասպանությունը օրինակ է դարձել. Նա հիշեցնում է, թե ինչպես է Հիտլերը եզրափակել իր ելույթը Օբերզալցբերգում 1939 թվականին. «Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»։

Back to top button