ԿարևորՔաղաքական

Քաղաքական գնահատականներ՝ քաղաքական գնահատականի բացակայությանը

Թեև  Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի  ընթացքում քաղաքական գնահատական չտրվեց  Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, ինչը հայկական կողմի գլխավոր ակնկալիքն էր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը  երևանյան քննարկումներն անկեղծ ու դրական է գնահատում։  

Հայաստանի վարչապետը երեկ չստորագրեց ՀԱՊԿ հռչակագիրը և մեր երկրին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Նույն ակնկալիքն ունի նաև կառույցի գլխավոր քարտողարը։ Թե կոնկրետ ինչ ձևակերպումներ են եղել տեքստում և  ի՞նչ առաջարկներ են արվել, կողմերը չեն մանրամասնում։

Քաղաքական արձագանքի բացակայությունը տարբեր արձագանքների առիթ է դարձել Հայաստանում։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, իշխանությունները շտկումներ են սպասում կազմակերպությունից։

Դվին հյուրանոցային համալիրում ժամեր տևած քննարկումները  չեն գոհացրել ոչ Հայաստանին, ոչ էլ ՀԱՊԿ–ին, բայց երկու կողմերն էլ հույս ունեն, որ համաձայնության գալ դեռ հնարավոր է։  

Հայաստանը հրաժարվեց ստորագրել  ՀԱՊԿ հռչակագիրը, քանի որ ակնկալվում էր, որ այն պետք է պետք է ամրագրի կառույցի քաղաքական գնահատականը մեր երկրի սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժման վերաբերյալ։ Չստորագրվեց նաև Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ամփոփելով գագաթաժողովի արդյունքները, նշեց, որ օժանդակության մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, բայց լրամշակման կարիք ունի․ վերանայումից հետո այն կներկայացվի  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին։

Հայաստանը փաստաթուղթը չի ստորագրել դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով՝  պարզաբանում է  Հայաստանի վարչապետը, բայց և նկատում՝ թեև չի հաջողվել  ընդհանուր համաձայնության գալ, բայց դա չի նշանակում, թե քննարկումն անարդյունավետ էր։

«Չնայած հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի ՀԱՊԿ արձագանքը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով, բայց ընդհանուր առմամբ  տեղի է ունեցել բաց, դրական քննարկում:  Դրական  են  համարում նաև ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»։

Հռչակագիրը բաղկացած էր 17 կետից, դրա բովանդակությունը չի մանրամասնվել, նշվել է միայն, որ հայկական կողմի համար խնդրահարույց են եղել կետերից երկուսը։

Իսկ  ՀԱՊԿ նիստի շրջանակում  ՀՀ վարչապետը բացատրել էր, որ ստեղծված իրավիճակում խոսքը ադրբեջանական ագրեսիային հստակ գնահատական տալու մասին է․դրա բացակայությունը կարող է ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարումից հրաժարում ընկալվել, այլև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես Հայաստանի դեմ ագրեսիան շարունակելու  ազդակ։

Ավելի ուշ թեմային նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակն անդրադարձավ։ Դմիտրի Պեսկովը նշեց, որ ՀԱՊԿ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը։ «Թեման շոշափվել է շատ անկեղծ ու անմիջական և կառուցողական մթնոլորտում, սակայն կան դետալներ, որոնք դեռ համաձայնեցված չեն, թեման օրակարգում է»,-ասաց։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Պուտինի խոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում։ «Չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնել, սակայն ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը հաստատեց կազմակերպության կենսունակությունն ու պահանջված լինելը։  Բանակցությունների բարդությունը պայմանավորված է պահի բարդությամբ, միջազգային հարաբերություններում և միջազգային համակարգում պարադիգմայի փոփոխությամբ, որը մենք այժմ վերապրում ենք»։

Պեսկովը թեև կարեւորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, սակայն ձեռնպահ է մնացել ժամկետեր նշելուց։ Գործընթացը բարդ է և ժամկետեր նշելը սխալ կլինի՝ ասել է նա։

Գնահատականներն ավելի բաց են քաղաքական հարթակներում։ Քաղաքական գնահատականից խուսափելու ՀԱՊԿ–ի մոտեցումը զավեշտալի է որակում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Զավեշտալի է։ Մենք ՀԱՊԿ անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար, պարզ է չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմից ու երբ եկել է ժամանակը, երբ պետք է քաղաքական գնահատական տրվի, այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, և դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ այդ գնահատականը տեղ կգտնի փաստաթղթում»։

ՀԱՊԿ–ի ռազմական ներկայությունն,  ըստ ԱԺ նախագահի,  համեմատելի չէ ԵՄ դիտորդական առաքելության հետ, քանի որ վերջինները քաղաքացիական գործառույթ ունեն։ Չնայած դրան՝ նրանց ներկայությունն, ըստ Ալեն Սիմոնյանի, զսպող է։ ԱԺ նախագահը հույս ունի, որ ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետը կերկարաձգվի։

Ինչ վերաբերում է սահմանին չդադարող կրակոցներին,  ապա ԱԺ խոսնակի կարծիքով՝ դրանց նպատակը նաև ԵՄ դիտորդական առաքելությունը թերագնահատելն է։ Այլ է պատկերը ՀԱՊԿ ներկայության մասով։

«Փաստը մնում է փաստ, որ այդ կողմից մենք բավարար չափով ռազմական ու նաև քաղաքական առումով աջակցություն չունենք։Եթե մենք բավարար աջակցություն ունենք, ապա ինչու ունենք ռազմագերիներ, ինչու եղավ  Սև լիճը, Խծաբերդը, Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը։ Եթե ռուսական զորակազմի մասին ենք խոսում պետք է հասկանանք՝ եթե կան բա ո՞նց տենց եղավ»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀԱՊԿ–ի կողմից ադրբեջանական ներխուժմանը քաղաքական հստակ գնահատական չտալու հարցում մեղադրանքներն ուղղում է իշխանություններին, հիշեցնում 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո կառույցի արձագանքը։ Այն էապես տարբերվում է այսօրվա մոտեցումից՝ ասում է ընդդիմադիր պատգամավորը։  

«Շատ ավելի բարդ իրավիճակի պարագայում, 2016 թվականի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայից հետո և հայկական կողմի հաղթանակից հետո 16 թվականի հոկտեմբերին Երևանում Հայաստանի նախագահությամբ ընդունվեց հայտարարություն, որը պարունակում էր թե ազգերի ինքնորոշման իրավունքը, թե պարունակում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի կարևոր պայմանավորվածությունները»։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ կառույցներն ու դրանց նպատակները չեն փոխվել, փոխվել են անհատները, ինչով պայմանավորված էլ փոխվել են մոտեցումները։ Իշխանական թիմի անդամները, մինչդեռ, սպասում են ՀԱՊԿ հռչակագրի վերախմբագրված և հայկական կողմի համար ընդունելի խմբագրությամբ տարբերակին։

Back to top button