ԿարևորՀասարակություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կբարելավի քաղաքացիների կյանքի որակը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի ներկա էր նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը:

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո պարոն Զիբերթ,
Ձերդ գերազանցություն, տիկին Վիկտորին,
Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,
Sիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք Կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017 թվականին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հնգամյա հոբելյանի կապակցությամբ:

Ստորագրումից ի վեր Համաձայնագիրը եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով եվրոպական լավագույն փորձի հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական և մրցակցային տնտեսության ձևավորմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը:

Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության և մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին:

Հարկ է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ և ժամանակին կիրարկումը:

Գործընթացի համակարգման և մշտադիտարկման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ և մշակվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ամբողջական ճանապարհային քարտեզը:

Կցանկանայի հատուկ մատնանշել մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել և իրականացվում են CEPA-ի ներքո մեր համագործակցության շրջանակում: Դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների և Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները:

Հարգելի՛ ներկաներ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս և ընդգծել, որ Համաձայնագրի ամբողջական և արդյունավետ կիրարկումը հնարավոր է միայն բոլորիս ջանքերի համատեղման միջոցով, ուստի Կառավարությունը շարունակում է բաց մնալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների և համագործակցության համար՝ ի նպաստ Հայաստան-Եվրամիություն բարեկամական հարաբերությունների զարգացման և մեր քաղաքացիների բարեկեցության։

Շնորհակալություն»: 

Back to top button