ԿարևորՀասարակություն

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն շենքային  և գույքային առավել բարենպաստ պայմաններով

Կառավարությունը վերաբաշխման միջոցով  1,933,373.9 հազար դրամ կուղղվի  մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը:

Գումար կհատկացվի թվով 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար, որոնցից 15-ը՝ Արագածոտնի մարզում, 7-ը՝ Արարատի մարզում, 13-ը՝ Արմավիրի մարզում, 6-ը՝ Գեղարքունիքի մարզում, 17-ը՝ Լոռու մարզում, 6-ը՝ Կոտայքի մարզում, 21-ը՝ Շիրակի մարզում և 11-ը՝ Տավուշի մարզում։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար: Գումար կհատկացվի նաև թվով 101 դպրոցի գույքով ապահովման համար։

Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝ 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ, 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ, 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները և կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ, 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ, 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ, 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեում կատարել վերաբաշխում՝ 154,674.0 հազար դրամի չափով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերման նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի Դաշտավան համայնքի, Արագածավան համայնքի, Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի և Ջրվեժ գյուղի, Արամուս համայնքի, Մարմաշեն համայնքի Հացիկ, Ջաջուռավան և Լեռնուտ բնակավայրերի մանկապարտեզների գույքային հագեցվածության բարելավումը։

Կառավարությունը 2022 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում 353,830.7 հազար դրամ գումարի չափով՝ թվով 13 դպրոցի գույքով ապահովման համար: Մասնավորապես գումարներ կհատկացվեն  Երևանի Տ. Շևչենկոյի անվան  N  42, Ա. Ղարիբյանի անվան N 142, Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5, Սևանի Խ. Աբովյանի անվան, Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան, Արթիկ քաղաքի թիվ 3  ավագ դպրոցներին, Գյումրու Ակադեմիական վարժարանին, Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցին և այլն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրակրթության և նախադպրոցական  ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու որոշումը և մեկ անգամ ևս հորդորել՝ շինաշխատանքները պետք է  իրականացվեն որոկով և  նոր ստանդարտով:  

Կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: «Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակներում ատեստավորվող ուսուցիչների  առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 3883 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել  են  2329-ը, որոնցից 1090 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30-50% հավելավճար:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու և բաշխման ցանկը: Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը: Ներկայումս հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է   2.007.244.735 դրամ արժողությամբ գույքի պահանջարկ:

Back to top button