ԿարևորՔաղաքական

Կադրային փոփոխություններ Արցախում. շրջանառվում են նաև Հայաստանի նախկին արտգործնախարարների անունները

Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում։  Ի՞նչ արդյունք կունենան կադրային փոփոխությունները հանրապետության տնտեսական ու քաղաքական կյանքում։ Արցախցի քաղաքագետն կառավարության կազմում փոփոխությունները տրամաբանական է համարում, սակայն, կարծում է, որ անձերի փոփոխությունը չէ, որ հանգեցնելու է կոնկրետ  արդյունքների։  Ռուբեն Վարդանյանը, որ պետնախարարի պաշտոնում փոխարինել է Արտակ Բեգլարյանին ու Արցախի նախագահից լայն լիազորություններ ստացել,  իր համակարգման ոլորտում գտնվող նախարարներին երեկ ազատել է աշխատանքից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով 9 նախարարներից չորսը նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուս 5–ի փոխարեն պաշտոնակատարներ են նշանակվել  նրանց տեղակալները:

Մեկնաբանելով  Արցախի  կառավարությունում կատարվող կադրային փոփոխությունները, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը իր այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ  Արցախում իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է, և այդ հանգամանքը պահանջում է նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ, ճկունություն:

Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում պետնախարարն այսպիսի գրառում է արել, մեջբերում եմ․

«Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նախարարներին, որոնցից ոմանք պաշտոնն ստանձնել են հետպատերազմական բարդ շրջանում  ու ամեն ինչ արել՝ այդ փուլը հաղթահարելու համար: Շնորհակալ եմ նրանց,  գնահատում եմ նրանց անցած ճանապարհը: Վստահ եմ, որ նրանք պետք են լինելու Արցախին»:

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է, որ մինչ պետնախարար նշանակվելն իր հանդիպումներում Ռուբեն Վարդանյանը շեշտադրում էր կադրային քաղաքականությունը և այս առումով ոչ մի անակնկալ չկա ու պաշտոնանկությունները տրամաբանական են։ Քաղաքագետը դա բնականոն գործընթաց է համարում։

«Ըստ էության, Ռուբեն Վարդանյանը փորձում է նոր թիմ ձևավորել։ Իհարկե, թե դա օբյեկտիվ, թե՞ սուբյեկտիվ հիմքերով են պայմանավորված՝ կերևա արդեն նոր նախարարների նշանակումների դեպքում»։

Արցախի ուժային կառույցներին կադրային փոփոխությունները չեն առնչվում,  քանի որ դրանք Արցախի նախագահի լիազորության ներքո են։

Ռուբեն Վարդանյանը նաև տեղեկացնում է, որ արդեն սկսել է քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով։ Ներկայացրել է նաև, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա է ձևավորելու իր կաբինետը։ Եվս մեկ մեջբերում Վարդանյանի գրառումից.

«Պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, թափանցիկություն, հետևողականություն ու կարգապահություն,  ժողովրդին ծառայելու պատրաստականություն, պետական շահը նեղ անձնականից վեր դասելու գիտակցում  և, իհարկե, ամենակարևորը՝ սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ»։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը կարծում է, որ հայտարարված սկզբունքները շատ հարաբերական հասկացություններ են, չկան հստակ չափորոշիչներ, որ պարզ լինի, թե պաշտոնանկ արված նախարարներն ինչո՞վ չէին համապատասխանում դրանց։ Որպես արցախցի և որպես քաղաքագետ՝ Ժիրայր Ազիզյանը կադրային քաղաքականությունը կարևորում է, սակայն կարծում է, որ ամեն ինչ չէ, որ անձերով է պայմանավորված։ Նա կարծում, որ Արցախի մասին խոսելիս պետք է մի առանձնահատկություն հաշվի առնել։ Կադրային արդյունավետ քաղաքականության խնդիր կա, սակայն, դա պայմանավորված է որակյալ կադրերի պակասով։  

«Այս առումով պետք է առաջին հերթին շեշտը դրվի պետական կառավարման համակարգում արդյունավետ և ռեալ մեխանիզմների ներդրման միջոցով արդյունավետ կադրերի ձևավորում ունենալու վրա։ Այսինքն, պետք է ոչ թե հույսներս դնենք, որ որևէ այլ մասնագետ, այլ նախարար գալու է ու վաղն ապահովի ավելի արդյունավետ կառավարում, ինչը միֆ է, ֆիկցիա, այլ այդ մեխանիզմների և արդեն գոյություն ունեցող մասնագետների վերապատրաստման միջոցով հասնենք գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ինչ վերաբերում է անձերին, ապա մենք բազմիցս ականատես ենք եղել տարաբնույթ, ընդ որում՝ նաև քաղաքական հիմունքներից ելնելով տեղի ունեցած կադրային փոփոխությունների, որոնք, մեծ հաշվով, այնքան էլ արդյունք չեն ապահովել»։

Աշխատանքից ազատված նախարարներն  ըմբռնումով են մոտենում կադրային փոփոխություններին։ Անդրադառնալով հարցին, թե  ի՞նչ կարելի է սպասել դրանցից, Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը կարծիք է հայտնել, որ փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ «կայացած երկրում այդ փոփոխությունները կրում են ինստիտուցիոնալ և էվոլյուցիոն բնույթ ։

Մեջբերում ենք նրա խոսքից. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի իրավիճակն ավելի բարելավվի, աշխատանքի արդյունավետությունը բարձրացվի, ինչպես նաև գործում ընդգրկվեն պրոֆեսիոնալներն ու հայրենասերները։ Սա բնական է, առավել ևս մեր՝ նման իրավիճակում գտնվող երկրի համար շատ կարևոր են։ Հետևաբար՝ շատ հանգիստ պետք է վերաբերվել նման ցանկացած զարգացման, ինչը նաև կախված է անձի կայացվածությունից, անցած ճանապարհից»։

Բաբայանն ասել է՝ պարզ է, որ մեկ մարդը չի կարող ողջ կյանքը զբաղեցնել մեկ աթոռ, իսկ հայրենիքին մարդու կողմից մատուցվող ծառայությունն աթոռով չի չափվում։ Որպես արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար նա շարունակում է իրականացնել իր պարտականությունները նույն ռեժիմով։  

Երեկ արդեն մամուլում Արցախի ԱԳ նախարարի հնարավոր թեկնածուների անուններ հայտնվեցին։ Շրջանառվում էին,  մասնավորապես, ՀՀ նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի,  Արա Այվազյանի անունները։

Արցախի  նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեկնաբանել է շրջանառվող այդ լուրերը։

«Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ ԱՀ  Նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ,  այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, կարծում է, որ պաշտոնակատարներ նշանակված 4 նախարարները կվերանշանակվեն՝ նոր նախարարների այդ դեպքում չենք տեսնի։ Մյուս 5 նախարարների պաշտոնում նորմարդիկ կլինեն, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի օրերին կիմանանք նրանց անունները։   

Back to top button