ԿարևորՔաղաքական

Ընդդիմադիրները «Հայաստան» դաշինքի փլուզման մասին պնդումները միֆ են որակում

ԱԺ «Հայաստան»  խմբակցությունում տարակարծություններ կան, բայց կազմալուծման մասին խոսելը չափազանցություն է՝ պնդում են ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից ոմանք արդեն հայտարարել են  «Հայաստան»  խմբակցության մաս կազմող  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու, բայց խմբակցության կազմում մնալու որոշման մասին։ Այս հայտարարությունները իշխող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հիմք են տալիս պնդելու, որ  «Հայաստան» դաշինքը փլուզվում է։

Դուրս գալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից՝  ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգյանը շարունակելու են մնալ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Հերքելով լուրերը, թե ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը կազմալուծվում է՝ Աննա Գրիգորյանն ասում է, որ խոսքը  ներթիմային խնդիրների մասին է։

«Այն միֆը կամ իլյուզիաները, որը որոշ մարդիկ տածում են առ այն, որ «Հայաստան» խմբակցությունը կազմաքանդվում է, իրականությանը չի համապատասխանում։ Խմբակցությունը կուռ է, կա։ Ես, Արթուր Սարգսյանը, ինչպես նա Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները։ Ուղղակի ես ու Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ քանի դեռ երկրում կան ներքաղաքական լարված իրավիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, տեղին չէ ներթիմային տարաձայնությունների մասին բարձրաձայնելը։ Անդադառնալով խմբակցության պատգամավորների մանդատները վայր դնելու մասին հարցին՝ Աննա Գրիգորյանը տեսականորեն այդ հեռանկարը չի բացառում։

«Տեսականորեն որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց նման քննարկում խմբակցության ներսում մինչև այս պահը չի եղել»։

Ոչինչ չի բացառում նաև նույն խմբակցության  պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Բայց նաև ընդգծում է՝ «Հայաստան» խմբակցությունն առողջ օրգանիզմ է, որտեղ կարող են նաև տարբեր կարծիքներ լինել։

«Հայաստան» խմբակցությունում բռնապետական համակարգ չէ։ Խմբակցությունը որոշում ունի ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո, կարող են լինել պատգամավորներ, որոնք իրենց անձնական և այլ պատճառներից ելնելով, կարող են նման որոշում կայացնել։ Այդ տեսանկյունից ես չեմ բացառում, որ այո կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր դնելու որոշում կայացնեն։

Իրականում՝ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը  դեռևս ամսիներ առաջ են դուրս եկել կուսակցությունից՝  հավաստիացնում է այդ քաղաքական ուժի ղեկավ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Ավելին՝ լրատվամիջոցների հետ զրույցում կուսակցության ղեկավարը հայտնել է, որ խոսքը կուսակցական կարգապահության մասին է: Պատճառը, ըստ նրա, պատգամավորների միանձնյա որոշումներն են: Չցանկանալով փակագծեր բացել՝ վստահեցրել է, որ իր գլխավորած «Վերածնվող Հայաստան»–ը շարունակելու է գործունեությունը, ավելին՝ առաջիկայում նոր ծրագրեր ունի: Պատգամավորը հերքել է նաև մամուլում շարունակ շրջանառվող լուրերը մանդատը վայր դնելու մասին։ Մինչ Վահել Հակոբյանը հավաստիացնում է,որ նման մտադրություն չունի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում  է ընդդիմադիր երեք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավոր  գործընթացի մասին։  

«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: Ալեն Սիմոնյանը նաև վստահ է, որ շուտով ընդդիության կազմում այլ ուժեր կտեսնենք։ ԱԺ նախագահն  առհասարակ ընդդիմության կազմում է փոփոխություններ ակնկալում։ Ըստ նրա՝ ոչ «Պատիվ ունեմ»–ը, ոչ էլ «Հայաստան» դաշիքը ապագա չունեցող քաղաքական ուժեր են, երկրորդի մասնատումն արդեն սկսվել է։

Կուսակցությունից դուրս գալու լուրը հաստատել է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Ավելի վաղ՝ կուսակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, իսկ կուսակցության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ մեկ ամիս առաջ վայր է դրել մանդատը: 

Back to top button