ԿարևորՔաղաքական

Ընդդիմադիրները կասկածում են՝ պե՞տք է ոչնչացնել ԱԱԾ-ում պահվող փաստաթղթերը

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց: Դրանք վերաբերել են ԱԱԾ աշխատանքին, հարկային օրենսդրությանը և Ընտրական օրենսգրքին:

Սեփական օրակարգով խորհրդարանում աշխատելու մասին ազդարարած ընդդիմադիրներն այսօր ակտիվ մասնակցել են քննարկումներին: Հատկապես թեժ է եղել ԱԱԾ-ին առնչվող նախագծերի քննարկումը՝ փոխադարձ մեղադրանքներով և կասկածներով:

Ի՞նչ փաստաթուղթ կա ԱԱԾ արխիվում, որը պետք է ոչնչացնել. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն ընդդիմադիր պատգամավորները հասկացել են այս տեսանկյունից:

Նախագծի հատկապես մեկ նախադասությունը խորհրդարանականներին ստիպեց խոսել  գործակալական ցանցերի գաղտնազերծման մասին, հիշատակել «նարիմանովներին» և «ալֆաներին», վերադառնալ ԱԱԾ նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության և ԱԱԾ-ից «Մարտի 1»-ի գործին առնչվող փաստաթղթերի անհետացման առեղծվածներին:

Ընդդիմադիրները պնդում են, որ փոփոխությամբ ԱԱԾ-ին տրվում է նախկինում չունեցած այնպիսի լիազորություն, որը հետագայում անհնարին կդարձնի քաղաքական և մասնագիտական «լյուստրացիան»: Անհանգստացնող դրույթը օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում է: Նոր խմբագրությամբ նախատեսվում է.

«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Ընդդիմադիրների համար առավել կասկածելի է այն հրատապությունը, որով նախագիծը բերվել է խորհրդարան։ Այն ընդգրկվել է արտահերթ նիստի օրակարգում, քննարկման է ներկայացվել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցումն առաջինից 3 ժամ հետո  կազմակերպելու ռեժիմով: Հնարավոր վտանգների և կասկածների մասին «Հայաստան» խմբակցությունից խոսեցին Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը և Արմեն Խաչատրյանը.

Արծվիկ Մինասյան․ «Մի օր շատ բաներ են բացահայտվելու՝ առանց անձնավորելու: Հիմա մենք ինչո՞ւ ենք այսօր այդ իրավունքը վերապահում, որպեսզի նյութերի ոչնչացման քայլով նաև լուրջ կասկածներ հանրության մոտ առաջանան։ Ի՞նչն է պատճառը»:

Գեղամ Մանուկյան․ «Պայմանական էր «Ալֆայի» օրինակը: Ցանկացած գաղտնի փաստաթուղթ կարող է ոչնչացվել: Մեկ գրիչի հարվածով Հայաստանի ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք, հնարավորություն ոչնչացնել հսկայական արխիվներ»:

Արթուր Խաչատրյան․ «Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ հենց հիմա, հրատապ ռեժիմով այս նախագիծը պետք է ընդունվի։ Այդ ի՞նչ թուղթ կա, որ արխիվում այլևս դրա համար տեղ չկա: Այդ հարցը լեգիտիմ հարց է, որը մենք ուզում ենք հասկանալ»:

Հասկանալու հատուկ  բան չկա. ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի պնդմամբ՝ ԱԱԾ-ից որևէ փաստաթուղթ ինքնակամ չի կարող վերացվել: Ընդդիմադիրների կասկածները պաշտոնյան կապում  է օրենսդրությունը լավ չիմանալու հետ: Խորհուրդ է տալիս կարդալ դեռևս 1996-ին ընդունված  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը:

«Որևէ խնդիր չկար չեղած տեղն աղմուկ բարձրացնելու, որովհետև ձեր ասած հարցերը արդեն իսկ կարգավորված են դեռևս 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով, հոդվածներ 15 և 16, որտեղ նախատեսվում են ինչպես ոչնչացման ենթակա նյութերի պահպանման ժամկետները, դեպքերը, այնպես էլ Կառավարության 2020թ․ որոշմամբ նախատեսված պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը»:

Մեկ այլ հստակեցում էլ անում է ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը։

«Տվյալ օրինագծով առաջարկվող ոչնչացումը խնդրում եմ չառանձնացնել դրանից առաջ գրված գաղտնազերծումից, որովհետև սա ենթադրում է հստակ, բնականոն կապ՝ գաղտնազերծում, ապա ոչնչացում, այլ ոչ թե ուղղակի ոչնչացում»:

Ընդդիմադիրների մտահոգություններին զուգահեռ կասկածներ ունեն նաև իշխանական պատգամավորները: «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը և Անդրանիկ Քոչարյանը փոխադարձ մեղադրանքներ ունեն:

Վահագն Ալեքսանյան․ «Ես մեծ հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց, այնուամենայնիվ, կբացահայտվի, բայց ցավն այն է, որ ենթադրաբար այդ գործակալական ցանցը ՀՀ հատուկ ծառայությունների հետ չէ, որ աշխատում է: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միֆական բաներ են ոչնչացվում, ես կառաջարկեմ, որ նախ և առաջ մենք գանք ու հանգենք այն պատասխանին, թե վերջիվերջո հեղափոխության փուլում ո՞վ, այնուամենայնիվ, ձեզանից կամ ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ «Մարտի 1»-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»:

Անդրանիկ Քոչարյան․ «Գործակալական ցանցի հետ կապված կան, իհարկե, կառույցներ և՛ դրսում, և՛ ներսում: Անհանգստանալու առիթներ կարող է ունենան: Ես համաձայն եմ, որ մեր հատուկ ծառայությունների համար  հատկապես պատվի խնդիր է Մարիուս Յուզբաշյանի,  «Հոկտեմբերի 27»-ի գործերն օր առաջ բացահայտելը»:

Ուշագրավ է, որ սա օրակարգային առաջին հարցն էր, որի քննարկմանն, ըստ էության,  մասնակցեց 6-ամսյա դադարից հետո խորհրդարան վերադարձած ընդդիմությունը: Վերադարձից առաջ նրանք զգուշացնում էին, որ աշխատելու են սեփական օրակարգով: 

Back to top button