ԿարևորՀասարակություն

Բնակելի շե՞նք, թե՞ գիտական կենտրոն. քաղաքապետարանը թույլ է տալիս, կառուցապատողը գործում է, գիտնականը՝ տարակուսում

Օրերս ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասները կոտրեցին։ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ մտել էր կենտրոնի տարածք՝ «Աբուհայաթ» պատմական ջրանցքն իր, այսպես կոչված, «աշխատանքային գոտուց» քիմիական կենտրոնի տարածք տեղափոխելու համար։

Բանն այն է, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի 3 գիտական հիմնարկների՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, Օրգանական քիմիայի ինստիտուտի և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի մեջտեղում «Աբուհայաթ» պատմական ջրանցքն է ու մի ջրավազանը, որը դեռ 1990-ականներին տրամադրվել է քաղաքապետարանին, որն էլ  այն տվել էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանին, որն էլ օտարել էր ջրավազանը։ Մի քանի անգամ վերավաճառվելուց հետո ջրավազանի տարածքը անցել է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությանը, որը որոշել է այդտեղ բնակելի շենք կառուցել։

Ինչ վերաբերում է «Աբուհայաթ» պատմական ջրանցքին, ապա դրա՝ Ազատության պողոտայից մինչև Ուլնեցու փողոցն ընկած հատվածը 2021-ի հուլիսին կառավարության որոշմամբ դադարել է համարվել պետության կողմից պահպանվող հուշարձան։

Քաղաքապետարանից «Ռադիոլուր»-ին փոխանցում են, որ քանի որ այն խանգարում է ջրավազանի տարածքում շինաշխատանքներ իրականացնելուն՝ ընկերությանը թույլատրվել ջրանցքը տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք։

«Եթե մենք պիտի տեղափոխվենք, մինչև մեր տեղափոխվելը ոչ մի աշխատանք չի կարելի թույլ տալ։ Մեր տարածքի մեջ է հենց՝ 15-20 մետր ամենամեծ հեռավորությունն եմ ասում, որ էդ ամեն ինչը տեղի կունենա։ Եթե մեզ չեն տեղափոխելու (ես սա առաջարկել եմ նաև վարչապետին, ու ում որ դիմել եմ), եկեք դա համարեք գերակա շահ, որովհետև մեր կենտրոնը շատ կարևոր նշանակություն ունի, այդ տարածքը կամ հետ գնեք իրենցից, չեմ կարծում, որ կառավարության համար մի մեծ գումար է, եկեք հետ վերցրեք սա դարձնենք նորմալ կենտրոն, և կամ փոխանակի, ուրիշ տարածք առաջարկի»,- ասում է Գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այս հարցում լուրջ առարկություններ ունեն։ Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։

Բնակելի շենքն ու գիտական կենտրոնը նույն տարածքում անհամատեղելի են՝ կարծում են կենտրոնի աշխատակիցները։ Եվ այդ անհամատեղելիությունը, նրանց խոսքով, արդեն սկսել է երևալ և ավելի ակնհայտ է դառնալու  շենքը կառուցելուց հետո։ Գիտնականներն ապագայում կենտրոնի փակման վտանգ են տեսնում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հարությունյան․

«Ճիշտ է, դեռ մեր տարածք չեն մտել, դարպասները ջարդել են, բայց երկու կորպուսի գիտնականները ամեն օր մեզ բողոքում են, որ չեն կարողանում աշխատել աղմուկի պատճառով։ Գիտեք ինչ, սա արտադրություն չի, սա գիտական աշխատանք է, գիտնականը մտածում է»։

Գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանն էլ հայտնում է, որ այս պահին քիմիայի ինստիտուտում ժամանակակից ու թանկարժեք սարքավորումներ կան։ Նոր են ձեռք բերել և սպասում են ևս 700-800 միլոն դրամ արժեցող սարքերի։

«Դրանք գերզգայուն սարքավորումներ են, ու դրանց կողքին աշախատելու է էդ մեխանիկական մուրճը, չգիտեմ՝ ինչ է դառնալու։ Թղթի վրա և բանավոր բոլորը, նույնիսկ կառուցապատողն ասում է՝ ես կփոխհատուցեմ, բայց եթե սարքը փչացավ, մինչև վերանորոգել, մինչև պարզել որ իրականում դրանից է (դա դատարանի միջոցով է լինելու), այդ ընթացքում մենք կոլապսի ենք ենթարկվելու, որովհետև էդ ցանկացած սարքը բերվում է պրոյեկտների, համագործակցություններ իրականացնելու համար, ու էդ ընթացքում, եթե մենք ֆիզիկապես չեք  կարողանալու մեր պրոյելտներն իրականանցել, դրանց պատասխանատվությունն ո՞վ է կրելու։ Մե՛նք»։

«Վաղը-մյուս օր էլ ասելու են՝ գիտեք, բնակելի թաղամասին մոտ գիտահետազոտական կենտրոն, էն էլ քիմիական կենտրոն իրավունք չունի լինելու կամ  կփակեն, կամ կտեղափոխեն, չգիտեմ։ Ես զարմանում եմ՝ հիմա ինչ գիտանականները չաշխատե՞ն։ Միթե՞ ՀՀ–ի համար մի բնակելի շենքն ավելի կարևոր է, քան ամբողջ օրգանական քիմիան»,- տարակուսում է Գասպարյանը։

Գիտնականները նշում են, որ սխալն ի սկզբանե է եղել։ Ջրամբարն օտարելու իրավունք չի եղել։ Այս տեղակետի հետ դեռ 2019-ին «համաձայնել էր» դատախազությունը, որը հայտարարել էր, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնեական անփութության արդյունքում: Այսինքն՝ նախաքննությամբ հանցագործության փաստը հաստատվել էր: 

Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշված է եղել, որ դատախազությունը դեռ 2019-ի մայիսի 30-ին առաջարկել է Երևանի քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկել գույքը Երևան համայնքին վերադարձնելու համար։ «Ռադիոլուր»-ի այն հարցին, թե ինչու՞ դա տեղի չի ունեցել, քաղաքապետարանից խոստացան պատասխանել ավելի ուշ։

Այնուամենայնիվ, կառուցապատողը քաղաքապետարանի թույլտվությամբ  շարունակում է աշխատանքը, գիտնականներն էլ փորձում են իրենց ուժերով կանխել դա՝ մինչև խնդրի ամբողջական և ընդունելի լուծում գտնելը։

Back to top button