ԿարևորՀասարակություն

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի խնդիրը` չլուծված. դասապրոցեսը 3 ամիս խաթարված է

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում արդեն երեք ամիս ուսումնառության գործընթացը խաթարված է: Սեպտեմբերի մեկից սկսված բողոքի ակցիան դեռ շարունակվում է: Դասախոսները պահանջում են տնօրենի հրաժարականը, տնօրենը նրանց աշխատանքից ազատելու հրամաններ է ստորագրում: Արդեն երեք ամիս չհանգուցալուծվող իրավիճակի  հետևանքով տուժում են ուսանողները. նրանք, ըստ էության, երեք ամիս զրկված են կրթության իրավունքից:

Արդեն երեք ամիս Արմավիրի տարածաշրջանային քոլեջում իրավիճակը չի հանգուցալուծվում: Բողոքը դուրս է եկել քոլեջի սահմաններից և հասել վերադաս, տեսչական ու իրավապահ մարմիններին: Դասախոսները շարունակում են գործադուլը, իսկ տնօրենը նրանց աշխատանքից ազատելու հրամաններ է ստորագրում: Հոկտեմբերի 21-ին  6 դասախոս ազատվել է աշխատանքից, այդ թվում՝ ուսումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Մարգարյանը։

«Ես, Հարությունյան Կարինեն, Գևորգյան Գևորգը, Գևորգյան Վարսիկը, Գինոսյան Արմինեն և Ալոյան Մարինեն, այսինքն՝ ամբողջ ուսումնական մասն ու դասախոս Ալոյան Մարինեն: Ազատման հիմքեր չկան»:

Աշխատանքից ազատման հիմքերը, դասախոս Մարինե Ալոյանի կարծիքով, միայն  քոլեջի պատին փակցված գրություններն են: Ասում է, որ իրենց աշխատանքից ազատել են՝ խախտելով աշխատանքային օրենսդրության դրույթները։

«Ոչ  ծանուցված ենք եղել, ոչ էլ ինչ-որ հստակ նկատողություններ են եղել: Միայն  քոլեջի միջանցքի պատին փակցված հրամաններից ենք տեղեկացել, որտեղ գրված է՝  հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին  դաս չենք արել,  տնօրենը հրամայում է գնալ դասի: Դրանից հետո նորից պատի գրություններից տեղեկանում ենք, որ ազատվել ենք աշխատանքից»:

Մարինե Ալոյանին տարօրինակ է թվացել նաև իր ազատման հրամանի ձևակերպումը, որն իր պաշտոնի հետ որևէ աղերս չունի։

«Ես սովորական դասախոս եմ աշխատում, հրաման են տալիս՝ ուս. գծով փոխտնօրեն Մ. Ալոյանին ազատել աշխատանքից, որ չի կատարել այն գործառույթները, որ կատարում է ցիկլի նախագահը: Այդ գործառույթներն իմը չեն,  և վերջում՝ ազատել աշխատանքից՝ հիմք ընդունելով Վարսիկ Գևորգյանի կարգապահական տույժի ինչ-որ հրաման»:

Մարինե Ալոյանն իրեն աշխատանքից ազատված չի համարում և շարունակում է միանալ գործադուլավորներին: Տնօրեն Անգին Արշակյանը պարզաբանում է աշխատանքից ազատելու պատճառները.

«Աշխատանքից ազատելու հիմքերը պարզ են. Երեք ամիս ոչ պատշաճ աշխատանք, բացարձակ չեն կատարել: Սա  էլ դասացուցակն է, ասում են՝ տնօրենը չի հաստատել, իհարկե, թեկուզ թերություններով՝ հաստատված է»:

Ըստ դասախոսների՝ ուսումնաօժանդակ մասն ու դասախոսն աշխատանքից ազատվել են, որպես գործադուլի կազմակերպիչներ: Նշում են՝ նախաձեռնությունը բոլորինն է։

 «Ամեն օր գալիս ենք, ժամը 9-ից այստեղ ենք լինում, տեսնում ենք ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի ձևով չեն արձագանքում մեր պահանջներին՝ մենք էլ շարունակում ենք գործադուլը»:

«Վկայակոչում է՝ իբր կազմակերպիչներն իրենք են, բայց, ինչպես տեսնում եք, դրանից հետո էլ մենք շարունակում ենք մեր գործադուլը»:

Աշխատանքից ազատվածների փոխարեն տնօրենն աշխատակազմը համալրում է նոր աշխատակիցներով, որոնք արդեն վարձատրվել են: Անգին Արշակյան.

«Ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենն արդեն 5 օրվա ավանս է ստացել, բոլորն էլ 5 օրվա աշխատավարձ ստացել են»:

Իսկ դասախոսները պնդում են, որ իրենց աշխատած օրերի դիմաց չեն վարձատրվել:

«Մոտ մի ամսվա գումարային հաշվարկով մենք դասեր պարապել ենք: Հաշվապահը չի վարձատրել, բայց մենք պարապել ենք. Սեպտեմբերին էլ, հոկտեմբերին էլ, որոշ օրեր՝ նոյեմբերին»:

Նոր աշխատակիցները փոխարինելու են գործադուլավորներին: Դասախոս, սոցիալ-իրավագետ Լիաննա Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակիցներից է, դասավանդում է հասարակագիտություն առարկան.

«Ես աշխատանքից ազատված չեմ, բայց այն լսարանը, որտեղ ես եմ պարապում, առանց հիմնավորման մի այլ անձ է մտել և ներկայացել, որպես այդ առարկայի դասախոս: Հարցրեցինք՝ մրցույթով է անցել, չներկայացրեց»:

Դասախոսների գործադուլից տուժում են ուսանողները: Նրանց կրթության իրավունքն արդեն  3 ամիս խախտվում է։

«Դասախոսներն ասում են, երբ տնօրենը գնա՝ դաս կանենք, տնօրենն ասում է, երբ դաս անեն՝ դասը կլինի»:

«Երկուշաբթի մեր կուրսի երեխեքի մեծամասնությունը եկել էր, գյուղերում են մնում՝ չեն գալիս: Գիտեն, որ դաս չեն անում, դրա համար»:

«Ամենաշատը դասերն արել ենք 3-4 շաբաթ: Ուսանողների մեծամասնությանը  հետաքրքիր չի տնօրենն է մեղավոր, թե դասախոսը, իրենք ուզում են, որ դաս անեն»:

Առաջին կուրսեցիները չունեն ուսումնառության պայմանագրեր, ստուգարքի և ուսանողական գրքույկներ: Տնօրեն Անգին Արշակյան.

«Երեխաների մատյաններն էլ են պատրաստ, ստուգման գրքույկներն էլ, ուսանողականներն էլ, բոլորը պատվիրված, բերված է: Փակել են դռները, աթոռները դրել, նստել, որ ոչ մի աշխատանք չարվի: Իսկ պայմանագրերը մեր կադրերի տեսուչի մոտ են, թույլ չեն տալիս, որ երեխան ծնողի հետ մոտենա, ստորագրի ստանա, որովհետև դաս չկա»:

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի թնջուկին արձագանքում է  ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը.

«Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք իրավիճակի կարգավորման, անթույլատրելի ենք համարում դասապրոցեսի խաթարումը: Առաջին հերթին խախտվում է ուսանողների կրթության իրավունքը: Եվ սա ամենակարևոր բանն է, որ բոլորիս մտահոգում է: Եվ մենք պատրաստվում ենք գործուն քայլեր ձեռնարկել այս իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Մինչև նախարարությունը գործուն քայլեր կձեռնարկի, քոլեջում շարունակվում է գործադուլը, որի միակ պահանջը տնօրենի հեռացումն է:

Back to top button