Երաժշտական եռանկյունի

Հայկ Մելիքյան՝ համերգային նախագծերի հրավառություն․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի պարբերաբար մասնակցությունը մեր հաղորդաշարի թողարկումներին պայմանավորված է պարզ հանգամանքով՝ նա, կարելի է ասել, այն եզակի հայ ժամանակակից կատարողներից է, որը հետևողական և նպատակային կերպով մշտապես աշխատում է սեփական նվագացանկը ընդլայնելու, նորոգելու և «բարդացնելու» ուղությամբ։ Հետքովիդյան շրջանը նրա համար հանդիսացավ նոր հաղթահարումների և նվաճումների շրջան։

«Իսկապես, այս ժամանակահատվածը լի էր ամենատարբեր երաժշտական իրադարձություններով՝ անհատական համերգներով, ելույթներով բազմաթիվ նախագծերի շրջանակներում և անհատական ստեղծագործական դրսևորումներով, ինչպես նաև փառատոններով, վարպետաց դասերով և տարբեր հոբելյանական միջոցառումներով», — ասում է Հայկ Մելիքյանը։

Անցնող տարվա առավել հատկանշական համերգներից նշում է ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հետ համատեղ համերգային ծրագիրը, որը երաժշտասեր հանրությանը ներկայացվեց Արամ Խաչատրյան համերգային դահլիճում։ Բայց երաժիշտը չի սահմանափակվում ավանդական, ակադեմիական համերգային ձևաչափերով։

Վերջերս մեծ տարածում են ստացել համերգները բնության գրկում, կամ պատմա-մշակութային վայրերում և Հայկը իր մասնակցությունն է բերում նաև նման միջոցառումներին, որոնցից մեկը Երերույքի եկեղեցու տարածքում Ազգային կամերային երաժշտության կենտրոնի կազմակերպած գիշերային համերգն էր։

«Բացօթյա համերգ» ձևաչափը շատ հետաքրքիր է արտիստի, անչափ գրավիչ է հանդիսատեսի համար, չնայած բազմաթիվ տեխնիկական խնդիրների առաջ է կանգնեցնում կատարողին՝ ակուստիկայի բացակայություն, բաց տարածք, հաճախ նվագարանի ոչ կատարյալ վիճակ։ Բայց այդ ամենը չի խանգարում դաշնակահարին լավագույնս ներկայացնել ստեղծագործությունները։ Այդ համերգին հետևեց ելույթը Զվարթնոցի տաճարի տարածքում։

Նման «բացօթյա» իրադարձություններից էր մասնակցությունը «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող համերգային ծրագրին։ Երևանի կենտրոնում, Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում արդեն ավանդական դարձած համերգներից մեկը Հայկ Մելիքյանի մենահամերգն էր, որտեղ նա ներկայացրեց հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունների ընտրանի։

Հայնդիսատեսի հետ նման «անմիջական» շփումը շատ հոգեհարազատ է երաժշտին, նա մեծ սիրով մասնակցում է դասական երաժշտությունը հանրահռչակող և ճանաչողական տարբեր ծրագրերին — Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած հանդիպում-վարպետաց դասը, ինչպես նաև «Մի փոքրիկ արև» նախագծի շրջանակներում երիտասարդ լսարանի հետ տեղի ունեցած հանդիպումները այդ շարքից են։

2022-ի փառատոներից, որպես կարևոր մշակութային իրադարձություն, դաշնակահարն առանձնացնում է 14-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որին նա իր մասնակցությունը բերեց՝ կատարելով Շումանի ստեղծագործությունները Լեհաստանից ժամանած ջութակահար Քշիշտոֆ Բարաթիի հետ։

Հայկի ստեղծագործական կյանքում հատուկ իրադարձություն էր Սկրյաբինի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրի կատարումն ու նույն ծրագրով «Լուսաշղթաներ» ֆիլմ-համերգի նկարահանումները Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու տարածքում։

Հոբելյանական և հիշատակի համերգների շարքում էին կոմպոզիտորներ Հարություն Դելլալյանի և Լևոն Չաուշյանի մեծարման երեկոները, որտեղ դաշնակահարը հուզիչ և տպավորիչ կատարումներով հիշատակի տուրքը մատուցեց անվանի կոմպոզիտորներին, հերթական անգամ երաժշտական բերկրանքի պահեր հաղորդելով հանդիսատեսին։

Հաղորդման ընթացքում հնչում են Հայկ Մելիքյանի անցած, հագեցած համերգաշրջանի կատարումներից բազմաթիվ ձայնագրությունները։

Back to top button