Վերնատուն

Հայ — հռոմեական դաշինքի արդիական ուղերձները․ «Վերնատուն»

Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում կբացվի «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսը։ Առաջին քրիստոնյա միապետերի՝ կայսեր Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծ արքայի երկխոսության դրվագը կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմական հիշողություններում, մշակութային, ծիսական ավանդույթներում։

Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար, ցուցահանդեսի գիտական համաղեկավար՝ Նազենի Ղարիբյանը և արվեստաբան, միջնադարագետ, ցուցահանդեսի համադրող Գայանե Բաբայանն անդրադառնում են ցուցահանդեսի արդիական ու կարևոր շեշտադրումներին։

Նազենի Ղարիբյանն ասում է, որ այս թեման հայոց պատմության մեջ 4-րդ դարից սկսած մինչև 18-րդ դար անընդհատ արծարծվել է և հսկայական տեղ, դեր և նշանակություն է ունեցել հայ քաղաքական մտքի, եկեղեցական հարաբերությունների, ծիսական ավանդույթների և մշակութային առնչությունների մեջ, բայց այսօր այդ մասին քչերը գիտեն։ Նա ընդգծում է, որ այս հանդիպումը խոսում է Հայաստանի կշռի մասին, Հայաստանը դնում միջազգային հարթակի վրա։

«Սա առաջին անդրադարձն է գիտական շրջանակներում։ Սա նաև արդիական բանավեճի թեմա է հայագիտության շրջանակներում», — ասում է Նազենի Ղարիբյանը։

«Մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է այս հանդիպումը ամրագրվել պատմության մեջ, հայ պատմիչների երկերում, ապա ավանդույթ դարձել 9-11րդ դարերում, և թե ինչպես են այս զարգացումն իր գագաթնակետին հասել Կիլիկյան Հայաստանում՝ 12–13–րդ դարերում։ Մարդիկ ասոցացրել են փրկությունը այս երկու միապետների հետ․ և՛ մարդկության, և՛ Հայաստանի», – ասում է ցուցադրության համադրող Գայանե Բաբայանը։

«Ես պատմությունն ուսումնասիրում եմ՝ այսօրը և վաղը հասկանալու համար։ Կան որոշակի հանգամանքներ և կառույցներ, աշխարհաքաղաքական կամ մշակութային առնչություններ, որոնք այսօր էլ արդիական են։ Այս թեման երկու աղեղ ունի՝ Հայաստան և աշխարհ դաշինքը, և երկրորդ ՝ այս դաշինքի պատմությունը հիմք է դարձել ազգային ազատագրական շարժումների համար։ Սա գիտելիք է, որ մեր հասարակությունն ու քաղաքացիներն իմանան, և այս թեման արդիական է», – ասում է Նազենի Ղարիբյանը։

«Ցուցադրությունը առիթ է՝ մտորելու և մտածելու, թե ինչպես վերանայել մեր տեսլականը՝ քաղաքական ռազմավարական մտածողության ու դիվանագիտության կառուցման, և այդ ներուժը մենք ունենք», – ասում է Գայանե Բաբայանը։

«Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսը Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում կբացվի նոյեմբերի 24- ին և կտևի մինչև 2023 թ. մարտի 31-ը։

Back to top button