ԿարևորՎերլուծական

Հայաստանի և Իրանի շահերը երբեք այսքան չեն համընկել․ իրանահայ պատգամավոր

Վերջին շրջանում հայ-իրանական հարաբերություններում նկատելի են բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։

Նախօրեին Իրանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Փորձագետները կարծում են, որ հայ-իրանական հաճախակի դարձած շփումները  պայմանավորված են նրանով, որ ներկայումս ստեղծվել է եզակի պահ, երբ Հայաստանի ու Իրանի շահերը լիովին համընկնում են։ Նկատելի է նաև, որ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ մտնում են ակտիվ գործնական փուլ։

Իրանի Մեջլիսի ազգությամբ հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը կարծում է, որ հայ-իրանական բավականին ինտենսիվացած շփումները երկու հանգամանքով են պայմանավորված։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ընդգծում է այն, որ նախ՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու վճռականություն կա, ապա և այն, որ այդ ամենը պայմանավորված է ներկայումս ստեղծված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային  իրողություններով։

 «Իրանը, ի մասնավորի, անցած մեկ տարվա ընթացքում փորձել է տնտեսական, հատկապես՝ ենթակառուցվածքային բնագավառում Հայաստանի հետ  հարաբերությունները ավելի զարգացնել և խորացնել, ինչու չէ՝ հայկական կողմում էլ ունեցել են նման ցանկություն և դրդապատճառ։ Եվ նաև տարածաշրջանում քաղաքական և ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական վայրիվարումները. բոլորս տեսնում ենք, թե ինչ ընթացք է ունեցել  44-օրյա պատերազմից հետո և Իրանը, փորձելով ուշիուշով հետևել իրադարձություններին, և իր անվտանգությունից ելնելով, հարաբերությունները փորձել է տարբեր ոլորտներում հարաբերությունները խորացնել, սերտացնել։ Հատկապես՝ ընթացքի մեջ գտնվի, տեղեկատվական առումով նկատի ունեմ, թե՛ իսկապես հայկական, Հայաստանի պետական այրերը ինչպես են փորձում տնօրինել առաջ եկած մարտահրավերները։ Հետևաբար, ես կարծում եմ, այդ երկու դրդապատճառն էլ դեր են ունեցել»։      

Իրանահայ պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի շահերը երբեք այսքան միմյանց համընկնող չեն եղել։ Այդ առումով, նա կարծում է, որ այսօր պատմական եզակի պահ է ստեղծված։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ։ Նա շեշտել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր գործնական քայլ է երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար։

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն իր հերթին անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջերս Հայաստան կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը բացմանը։ Նա ասել է, որ դա մեծ զարգացում և շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։ Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի հիմնարար և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ։

Նա, մասնավորապես ասել է, մեջբերում եմ․  «Առկա են համապատասխան կարողություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար, և ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա»։

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին 9 ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 45 տոկոսով,  ընդ որում՝ Հայաստանից Իրան արտահանումն աճել է 83.2 տոկոսով, կազմելով 84 մլն 648 հազար դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝ 39.2 տոկոսով: Անդրադառնալով այս աճին, Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, մեջբերում եմ. «Դա պայմանավորում ենք մի քանի հանգամանքով: Երկու կառավարությունների կողմից եղել է հստակ հայտարարություն՝ տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու և երկու երկրների գործարարների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու: Աճը պայմանավորված է նաև միջազգային վերջին զարգացումներով, ԵԱՏՄ անդամ այլ երկրների միջազգային առևտրի աշխարհագրության, առևտրական քարտեզի փոփոխությամբ, ինչպես նաև՝ երկու երկրների տնտեսությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմամբ»:

Վարդան Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը և Իրանը բոլոր ուղղություններով խորացնում են տնտեսական հարաբերությունները, մտածում են համատեղ արտադրություններ հիմնելու մասին, աշխատանքներ են տարվում նաև փոխանակությամբ առևտուր անելու ուղղությամբ:

Հայաստանը նաև փորձում է կամուրջ դառնալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ երկրներ, քանի որ միակ անդամ երկիրն է, որը ցամաքային սահման ունի այդ երկրի հետ: 

Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ասում է, որ Իրանում էլ Հայաստանի շուկան ոչ միայն առանձին են դիտարկում, այլև Հայաստանը կամուրջ են համարում դեպի ԵԱՏՄ շուկա: Պարզ է, որ Իրանն ամենատարբեր տեսանկյունններից և ամենաբարձր մակարդակներով է շեշտադրում Հայաստանի հետ սահմանի կարևորության մասին։

44-օյա պատերազմից հետո էլ դա շեշտադրվեց՝ ելնելով ոչ միայն տնտեսական, այլև՝ անվտանգային նկատառումներից։   

«Բոլորիս համար պարզ  է, որ եթե նույնիսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ էլ չլիներ, աշխարհաքաղաքական և անվտանգության առումով Հայաստանի սահմանը կարևորվում է նրանով, որ, ի վերջո, Իրանի համար այլընտրանքային ճանապարհները ընդհանուր առմամբ առկա է մնում Հայաստանի օգնությամբ։ Հետևաբար, տնտեսական հարաբերությունները որքան Հայաստանի և Իրանի միջև զարգանան, տնտեսական այդ համակեցությունը կարող է ինքնըստինքյան ուղղակիրեն առնչակից լինել անվտանգությանը։ Կարծում եմ՝ դա արդեն բոլորի համար պարզ է։ Մնում է միայն առավել շեշտակի, ծրագրված և հեռանկարային գործնական փուլի անցնել։ Այստեղ նկատի ունեմ, որ թե՛ իրանական կողմում է պահանջվում ավելի ակտիվություն և հստակ շփումներ Հայաստանի հետ, թե՛ հայկական կողմում»։  

Իրանահայ պատգամավորը կարծում է, որ կողմերը հասկանում են, որ աշխարհաքաղաքական առումով այսօր նաև բավականին բարդ իրավիճակ է, բայց նաև՝ հստակ է, որ երկու երկրների շահերը պահանջում են համատեղ առաջ շարժվելու կամք։

«Իմ կարծիքով, այդ կամքը ներկայումս ավելի շատ կա, քան թե անցյալում։ Հավանական է՝ երկու երկրները, ելնելով իրենց ուրիշ նպատակահարմարություններից, կամ ուրիշ գործընկերների շահերից , հիմա, կամա թե ակամա, ինչ-որ վերապահումներ ունենան։ Ես դա չեմ հերքում, բայց, կարծում եմ՝ անվտանգության հարցն այս պահին այնքան առկա ու շեշտակի է, որը երկու երկրներին պիտի մղի, և՝ բնականորեն կմղի, որ հարաբերություններն ավելի զարգացնեն»։   

Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանի խոսքով, տնտեսական հարաբերությունները ձևավորելիս, շատ լավ հաշվի են առնում, որ Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվելը խոչընդոտող հանգամանքներից է։  Այդուհանդերձ, Հայաստանի և  Իրանի կառավարությունների կողմից տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու, սերտացնելու հանձնառություն կա: Երևան ու Թեհրանը պայմանավորվել են նաև բանակցությունները շարունակել՝ հաջորդ տարի առևտրաշրջանառության ապրանքատեսակների ցանկն էլ ավելի մեծացնելու համար:

Back to top button