ԿարևորՄիջազգային

Իրանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակում կիրականացնի

Շուտով Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակում կիրականացվի:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, կիրակի օրը, Էլեկտրաարդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն ասել է. «Իրականացվել է Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի համաժամացումը և շուտով կիրականացվեն Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրացանցերի ընդհանուր համաժամացման տեխնիկական միջոցառումներ»:

Մեհրաբյանը նշել է, որ փոխանակման հարցը հարևան երկրների հետ Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության հիմնական ծրագրերից է. «Երբ Իրանին անհրաժեշտ է, էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, իսկ երբ ավելցուկ է ունենում, այն արտահանում է այդ էներգիայի կարիքն ունեցող երկրներ»:

Նոյեմբերի 20-23-ը Թեհրանում գործելու է Իրանի էլեկտրաարդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին մասնակցում են 350 տեղական ընկերություն և 22 արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ 9 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Իսպանիայից և Չեխիայից։

Back to top button