Ժամանակի վկան

Հեքիաթից իրականություն՝ մեկ քայլ․ Նվարդ Վարդանյան, Արմինե Կարապետյան-Կունդակջյան․ «Ժամանակի վկան»

Ո՞վ չի սիրում հեքիաթ և ո՞վ չի մեծացել մեծերի պատմած հեքիաթներով։ Մարդուն ողջ կյանքում ենթագիտակցորեն ուղեկցում են մանկության հեքիաթները։ Շատերս փորձում ենք իրականություն դարձնել դրանք կամ նմանվել մեր սիրելի հեքիաթների հերոսներին։ Հեքիաթից իրականություն մեկ քայլ է։ Հեքիաթները ո՛չ միայն բանավոր պատմվում են՝ փոխանցվելով սերնդեսերունդ, այլև գրվում են, ինչպես նաև՝ ուսումնասիրվում։

Այս հաղորդման ընթացքում հեքիաթ հետազոտողի և հեքիաթագրի հետ կներթափանցենք հեքիաթների իրական ու անիրական աշխարհները։ Իմ հյուրերն են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, բանագետ Նվարդ Վարդանյանը և «Փոքրիկ մողեսի այցելությունը» հեքիաթի հեղինակ Արմինե Կարապետյան-Կունդակջյանը։

Նվարդ Վարդանյանի համար մանկության հեքիաթները դարձել են գիտական ուսումնասիրության առարկա։ Անվանի գիտնական, բանասեր-բանագետ Սարգիս Հարությունյանի ուղղորդող կարծիքը շրջադարձային եղավ հետազոտական թեման ընտրելիս։

Հեքիաթը բանահյուսական ժանրի ստեղծագործություն է, գերազանցապես արձակ, այն բանավոր փոխանցվող պատմվածք է՝ բազմատեսակ ու բազմաշերտ, հարուստ բովանդակությամբ, և օժտված խորը իմաստնությամբ։

Իսկ ո՞րն է իրապատում և հրաշապատում հեքիաթների տարբերությունը։ Ինչո՞վ են պայմանավորված աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթների նույնականությունը կամ ընդհանրությունները և ո՞րոնք են հեքիաթի ու էպոսի միջև տարբերությունները։
Այս բոլոր նմանություններով հանդերձ հեքիաթներն ունեն շեշտված ազգային առանձնահատկություններ։

Ժամանակակից փուլում կատարվում է, այսպես կոչված, «հեքիաթի քայքայման» գործընթաց, որը հանգեցրել է նոր ժանրի՝ գրական հեքիաթի ծննդին։ Գրական հեքիաթը սերում է բանահյուսական կամ ժողովրդական հեքիաթից։

Ամերիկաբնակ մեր հայրենակից Արմինե Կարապետյան-Կունդակջյանը, որ հայտնի է իր «Ստալինյան ժամանակաշրջանի վերապրածների հուշերը» գրքով, կտրուկ ժանրային անցում է կատարել՝ հրատարակելով մողեսի մասին ժամանակակից հեքիաթը։ Կենդանական կերպարի առկայությունը հեքիաթում գալիս է վաղնջական ժամանակներից։

Իսկ ինչպե՞ս ընդունեց Ալիքը տատիկի հորինած հեքիաթը։ Ժամանակակից այս հեքիաթը իրապատում և կենդանապատում հեքիաթների միաձուլում է։ Իսկ որո՞նք են հեքիաթի հերոսի՝ մողեսի միջոցով երեխաներին հաղորդվող պատգամները։

Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր կնիքն է դնում ստեղծվող մշակութային արժեքի վրա։ Տվյալ ժամանակաշրջանի ազդեցությունն են կրում նաև հեքիաթները, որոնք կարծես թե ժամանակից դուրս են։ Իսկ դրանց խոհափիլիսոփայությունը բոլոր ժամանակների համար է։

Մեր օրերում ո՛չ միայն հեքիաթներ են քիչ գրվում, այլև մանկական գրականությունն է զգալիորեն նվազել։

-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչը հատկապես կգրավի երեխաներին Ձեր հեքիաթում,- հետաքրքրվեցի տիկին Արմինեից։

Կենդանապատում հեքիաթների ամենասիրված կենդանին աղվեսն է։ Ինչո՞ւ, ինչո՞վ է դա պայմանավորված,-հարցրի Նվարդ Վարդանյանին։

Արդյոք հեքիաթներում որոշ արժեհամակարգային սխալ ընկալումներն են տեղիք տալիս մտածելու, որ, մի գուցե, մեր երեխաներին սխա՞լ հեքիաթներով ենք դաստիարակում։

Back to top button