Երկրորդ շնչառություն

Հայ գիտնականներն Ալցհայմերի հիվանդության կանխարգելման դեղամիջոց են առաջարկում. «Երկրորդ շնչառություն»

Դեռևս 20 տարի առաջ, ստեղծելով Ալցհայմերի հիվանդության հայկական ասոցիացիան, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը կանխատեսում էր, որ Ալցհայմերի հիվանդությունը շուտով մեր երկրի համար էլ, ինչպես ամբողջ աշխարհում, մեծ մարտահրավեր է դառնալու:

Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների լիիրավ անդամ Աղաջանովի ղեկավարությամբ ԵՊԲՀ-ի Կենսաքիմիայի ամբիոնը և հայ գիտնականներն արդեն մի քանի տասնյամյակ ուսումնասիրում են Ալցհայմերի հիվանդությունը՝ տարբեր փորձերի միջոցով եղանակ փնտրելով հիվանդությունը կանխարգելման համար:

Արդյունքում, երկար փորձարկումներից հետո այսօր առաջարկում են «Էպոմ» դեղամիջոցը, որն արդեն կիրառվում է և ապացուցել է իր կենսունակությունը: Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Մ.Աղաջանովի խոսքերով, այն անձինք, որ ստանում են նշված պրեպարատի տարեկան մեկ ներարկումը, բավականին ակտիվորեն մտավոր աշխատանք են կատարում:

Հայ մասնագետները հույս ունեն, որ առաջիկայում կկարողանան արտադրել պրեպարատը մեծ շուկաների համար: Ծնված լինելով բժշկի ընտանիքում, ավարտելով բուժական ֆակուլտետը, զրուցակիցս չի կարողացել կտրվել կենսաքիմիայից կես դար նվիրելով սիրած գործին: Խոսելով իր երկարակեցության գաղտնիքների մասին՝ նա ասում է. «Երկար ապրելու նպատակ հատուկ չեմ ունեցել, ուղղակի չի եղել մեկ օր, որ չաշխատեմ, դեռ ուսանողական տարիներից զբաղվել եմ սպորտով, մեր բուհում որոշ հաջողություններ եմ ունեցել: Հիմա էլ տանը զբաղվում եմ սպորտով, փորձում եմ ընտանիքիս անդամներին ու թոռներիս էլ փոխանցել առողջ կենսակերպի իմ բանաձևը»:

Կարևորելով Մոնրեալյան թեստի միջոցով Ալցհայմերի հիվանդության վաղ կանխարգելման գործընթացը՝ պրոֆեսոր Աղաջանովն ասում է՝ որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան ավելի արդյունավետ է կառավարվում այն: 60-ից ավելի տարիք ունեցողներին պրոֆեսորը խորհուրդ է տալիս գտնել լուրջ զբաղմունք և պատասխանատու լինել որևէ բանի համար, անպայման որոշ չափով անհանգիստ լինել, որովհետև երկարատև հանգիստ վիճակը շատ լավ չէ: Մարդը, անցնելով թոշակի չպետք է խուճապի մատնվի, այլ մի հետաքրքիր զբաղմունք ունենա:

«Նարդին լավ բան է, բայց դա բավարար չէ, մարդ պետք է մի լուրջ գործ գտնի, որը կստիպի աշխատեցնել ուղեղը»,- պարզաբանում է գիտնականը՝ որպես նոր զբաղմունք մատնանշելով նոր լեզուներ ուսումնասիրելը, հաշվարկներ կատարելը և այլն: Այս ամենը, ըստ նրա, ակտիվ և աշխատանքային վիճակում է պահում մարդու ուղեղում առկա 6 միլիարդ նեյրոնները, միջնեյրոնային կապերի ակտիվացումն է ապահովում ուղեղի անխափան աշխատանքը:

Պրոֆեսոր Աղաջանովը նաև ընդգծում է, որ վատ սովորություններից, ինչպիսիք են ծխելը, խմելը, նստակյաց կենսակերպը, իսպառ պետք է հրաժարվել:

«Ալցհայմերի հիվանդությունն այս պահին բուժում չունի, բայց շատ մարդիկ ունեն այս խնդիրը, և նրանք ապրում են մեր կողքին, և նրանց հարկավոր է սովորեցնել, թե ինչպես պահել կյանքի որակը: Հարազատներն էլ պետք է իրազեկ լինեն, թե ինչպես վարվել հիվանդի հետ»,- ասում է գիտնականը՝ հավելելով, որ չափազանց կարևոր է լավատես լինելը:

Պրոֆեսորը, չնայած պատկառելի տարիքին, տիրապետում է թեմայի վերաբերյալ աշխարհում ամենավերջին տվյալներին: Աշխարհում այսօր ավելի քան 50 միլիոն մարդ ունի Ալցհայմերի հիվանդություն, ամեն երեք վայրկյան հետո մեկ հիվանդ է ի հայտ գալիս, իսկ 2050 թվականին հիվանդների թիվը, ենթադրվում է, որ կհասնի 100 միլիոնի:

Back to top button