ԿարևորՏնտեսական

Ինչի՞ հաշվին են աճել հարկային եկամուտները

Այս տարվա  9 ամիսներին պետական բյուջե է  մուտքագրվել 1 տրլն 412 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Հարկային եկամուտները ծրագրվածից գերակատարվել են ավելի քան  77 մլրդ դրամով կամ մոտ 6 %-ով: Փորձագիտական դաշտում տնտեսական հաջողությունները հիմնականում ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված օտարերկրացիների ներհոսքով են պայմանավորում։ Գործադիրում չեն հերքում այդ փաստը, բայց և նկատում են՝  միայն ռուս–ուկրաինական պատերազմը չէ տնտեսական հաջողությունների պատճառը։

Շահութահարկ ու ԱԱՀ․ այս տարվա ինն ամիսներին հարկային եկամուտների աճը այս հարկատեսակներն են գրանցել։ Սա տնտեսության աշխուժանցման մասին է  խոսում ՝ արձանագրում  է ՀՊՏՀ ինֆորմատիկայի և  վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը։ Նրա  խոսքով՝ այստեղ իր դրական ազդեցությունն է  ունեցել  հատկապես ռուս–ուկրաինական պատերազմը։ Տնտեսագետն արձանագրում է․

«Բանկային համակարգում գեներացվող լրացուցիչ եկամուտը՝ շահույթը, հետևաբար, դրա արդյունքում առաջացող հարկերը մուտքագրվում են տնտեսություն։ Իսկ այդ լրացուցիչ եկամուտներն ու շահույթները ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան ներհոսող գումարներով, արտարժույթով են պայմանավորված, որը կարող է նաև կարճաժամկետ բնույթ ունենալ»

Պետեկամուտների կոմիտեի  տվյալներով՝ այս տարվա  9 ամիսներին պետական բյուջե է վճարվել 1 տրլն 412 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Ծրագրային ցուցանիշը գերակատարվել է  ավելի քան 77 մլրդ դրամով կամ 5․8%-ով: Հարկային եկամուտները 2022 թ․ առաջին 9 ամիսներին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Սա, ըստ ՊԵԿ տվյալների, վերջին տարիներին արձանագրված աճի ամենաբարձր տեմպն է։ Վիճակագրության համաձայն՝ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ։

Ցուցանիշը մոտ 40 մլրդ դրամով կամ 30%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հարկային եկամուտներում մեծ է նաև գնաճի  բաղադրիչը՝ արձանագրում է տնտեսագետ Խաչիկյանը

«Դա  պայմանավորված է նաև լրացուցիչ արտարժույթի ներհոսքով։ Եթե դիտարկենք հունվար–սեպտեմբերը նախորդ տարիների համեմատ , Հայաստանում ավելացել է մոտավորապես 1 մլրդ 300 մլն դոլարի չափով ավել գումար։ Ամսական կտրվածքով դա 300 մլն դոլարից ավելի գումար է, որը մուտք է լինում տնտեսություն։ Բնականաբար այդ գումարը չի ազդում գնաճի վրա, քանի որ, եթե մուտք լինեն իրական կամ ֆինանսական հատված, բնականաբար տնտեսությունն են աշխուժացնում, իսկ եթե որպես սպառողական եկամուտներ են մուտք լինում, ինչը ցավոք սրտի այդպես է, բնականաբար, դրանք նաև գնաճը կավելացնեն»։

Տնտեսության աշխուժացմամբ պայմանվորված՝ այս տարվա ինն ամիսներին ուղղակի հարկերի՝ շահութահարկի, եկամտային հարկի մասնաբաժինն ավելացել է նաև հազար խոշոր հարկատուների մասնաբաժնում՝  կազմելով  31 տոկոս, 2021–ին այն 24 տոկոս էր կազմում։ 135 ընկերություն այս տարվա հունվար սեպտեմբերին 200 մլն դրամից ավելի շահութահարկ է վճարել, 2021–ին  այդ ընկերությունների թիվը 100–ից պակաս էր։ 204 ընկերություն  ավելի քան 200 մլն դրամ եկամտային հարկ է վճարել, 2021–ին 180 նման ընկերություն կար։ 2018–21 թթ առաջին հարյուրյակում ներառված  միջին վիճակագրական հարկատուն վճարել է 4․2-4․7 մլրդ դրամի հարկ։ Տնտեսագետ Արմեն Քթոյանն  արձանագրում է

«Հարյուրյակի միջին վիճակագրական հարկատուն վճարել է 6․5 մլրդ դրամի հարկ, 2021–ին՝ 4․7 մլրդ դրամ էր։ Այստեղ   բոլոր հարկատեսակների մասով ավելացում կա։ Հարյուրյակի 2021–ին միջին վիճակագրական հարկատուն վճարել էր  600 մլն դրամի շահութահարկ, այս տարի՝ մոտավորապես 1 մլրդ դրամի։ Եթե ԱԱՀ–ն վճարել էր մոտ 20 մլրդ դրամ ՝ 2021–ին, այս տարի՝ 400 մլն դրամով ավելի է»։

Փորձագիտական դաշտում կարծում են, որ եթե չլիներ ռուս–ուկրաինական պատերազմը, հարկային եկամուտների աճ կլիներ, բայց ոչ այս ծավալի։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանի դիտարկմամբ՝ հարկերը գեներացվել են շինարարության ոլորտից ու ոչ միայն.

«Թիվ մեկ ոլորտը որտեղից հարկեր են գեներացվել ՝ 8 և ավելի տոկոս, հանքրադյունաբերությունն է։ Այս ոլորտը կախված չէ ռուս–ուկրաինական պատերազմից։ Բայց այստեղ էլ միջազգային շուկայում տիրող գնաճն է իր ազդեցությունը թողել»։

Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է ՝ գաղտնիք չէ, որ տնտեսական հաջողությունները հատկապես ՌԴ–ից Հայաստան եկած այցելուներով են պայմանավորված։ Միաժամանակ փոխնախարարը նկատում է․

«Բայց դա չի նշանակում, որ եթե  այդ մարդիկ չլինեին, ապա մեր մոտ աճ չէր լինի, կամ շատ փորք կլիներ։ Մենք 7 տոկոս տնտեսական աճ էինք նախատեսել ու վստահ էինք, որ հնարավոր է  այն ապահովել»։

Կառավարությունում պլանավորել են 2023 թվաանին հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը  հասցնել 23․7  տոկոսի՝ 2021–ին  22․7–ի,  2022–ի՝  23․4 –ի փոխարեն։ Վստահեցնում են, որ հաշվի են առել  տնտեսական բոլոր զարգացումները։

Back to top button