Մտքի ուժը

Նանոտեխնոլոգիաները գրավել են աշխարհը, Հայաստանում ևս այդ ուղղությամ քայլեր են արվում․ «Մտքի ուժը»

Նանոտեխնոլոգիաներ. դա աշխարհը գերփոքր մասնիկներով գրաված գիտության և տեխնոլոգիայի անվանումն է։ Մինչ Հայաստանում այս ուղղությամբ առաջին քայլերն են արվում, տեխնոլոգիապես զարգացած երկրներն այս ոլորտում գրանցում են աներևակայելի հաջողություններ։

Նկատենք, որ նանոգիտության փառավոր ապագայի վերաբերյալ շուրջ 60 տարի առաջ մարգարեական կանխատեսում էր արել հռչակավոր ֆիզիկոս Նոբելյան կրկնակի մրցանակակիր Ռիչարդ Ֆեյմանը՝ ասելով, որ այնտեղ՝ նանոչափային աշխարհում, շատ տեղ կա, նկատի ունենալով հնարավոր նոր գիտական հիմնարար ձեռքբերումները և դրանց խոստումնալից կիրառությունները։

Հաջորդ կարևոր գործոնը դարձավ 1995 թվականին ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի գերգաղտնի զեկույցը ԱՄՆ պաշտպանության նախարար Փերիին՝ որում ասվում էր, որ ժամանակակից նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը:

Կուտակված հիմնարար գիտական, ինչպես նաև տեխնոլոգիական ձեռքբերումների հետ այս զեկույցը հզոր խթան հանդիսացավ այս ոլորտի սրընթաց զարգացման համար՝ պատմում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ բակալավրական կրթական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը։

Մասնագետները վստահ են՝ նանոտեխնոլոգիական նոր ձեռքբերումները ռազմարդյունաբերության ոլորտում հետ են թողնելու ԱԹՍ-ներին։ Շատ արագ անցնելու են դրանց ժամանակները։ Վեցերորդ սերնդի պատերազմներում հաղթելու են նորագույն նանոտեխնոլոգիական մշակումներով ստեղծվող հարձակողական զինատեսակները և պաշտպանական միջոցները։ Այս ոլորտում աշխարհում արվող ահռելի ներդրումների շնորհիվ, որը պայմանավորում է ոլորտի բուռն զարգացում, այսօր նույնիսկ գիտնականների համար դժվար է կանխատեսումներ անել։ Այսօր նախագծեր կան զենքեր ստեղծել միջատների տեսքով նանոռոբոտների (նանոմիջատներ) միջոցով, որոնք կարող են հայտնվել ցանկացած տեղում ու խափանել ամենատարբեր սարքերի աշխատանքը կամ պայթյուն առաջացնել։ Նանոչափային մասշտաբներում տեղի ուենցող երևույթների կառավարման միջոցով են հնարավոր դարձել և հնարավոր են դառնալու նորագույն ամենախելացի սարքերի ստեղծումն ու կիրառությունը բոլոր ոլորտներում:

Նանոֆիզիկան իր ձեռքբերումներով այսօր ամենուր է։ Մենք այն հայտնաբերում ենք ամեն տեղ և ամեն վայրկյան։ Չեք հավատո՞ւմ, վերցրեք թեկուզ ձեր ամենասովորական ու ամենագործածական իրը, որը դարձել է բոլորիս առօրյայի անբաժանելի մասը՝ սմարթֆոնը, նայեք ու փորձեք հասկանալ, թե ինչպես է աշխատում բազմապիսի հնարավորություններով այդ փոքրիկ սարքը։

Պրոֆեսոր Վարդանյանն ասում է. «Պատկերացնո՞ւմ եք, մեկ քառակուսի սանտիմետրի վրա միլիարդավոր սարքեր են տեղակայված։ Դրանք շատ ավելի հուսալի են աշխատում, էներգախնայող են, արագագործ։ Եթե մենք փորձենք պատկերացնել այս հեռախոսի հնարավորությունները 25 տարի առաջվա միջոցների օգնությամբ, ապա մենք, երևի թե, ամբողջ Հայաստանը պետք է ծածկեինք մեծածավալ սարքերով, որպեսզի սրա հնարավորությունների մեկ տասներորդ մասը կարողանայինք իրականացնել։

Նանոտեխնոլոգիաները նաև բժշկության մեջ են և գրեթե բոլոր ոլորտներում: Համաշխարհային գիտական զարգացումներից հետ չմնալու նպատակով արդեն Մայր բուհի ֆիզիկայի ֆակուլտետում մասնագետներ են պատրաստում։ Ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն արձանագրում է՝ ժամանակակից պատերազմներում հաղթում են նորագույն տեխնոլոգաիներ ունեցող երկրները։ Ներկա աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ օր առաջ պետք է նորագույն տեխնոլոգիաները զարգացնել՝ ընդ որում ոչ միայն պաշտպանության ոլորտում:

Ինչպիսի՞ն կլինի ապագայի հագուստը մենք գուցե չգիտենք, բայց գիտնականները գիտեն ու մտածում են այդ ուղղությամբ։

Հարավային Կորեայում դեռ երկու տարի առաջ էին նախագծել այն։ «Այսօր խոսում են այնպիսի հագուստների մասին, որոնք կարող են անընդհատ ռեժիմում օբյեկտիվ նկարագրել մարդու օրգանիզմի վիճակը։

Դու գիտես, թե օրգանիզմումդ ինչ է տեղի ունենում։ Սա օրգանիզմի կենսագործունեությունը հսկող հագուստ է, կարող է հստակ արձանագրել օրգանիզմի նորմատիվային շեղումները, կարգավորել ջերմաստիճանային ռեժիմը։ Երկու տարի առաջ Հռոմում մասնակցում էի մի գիտաժողովի, որտեղ Հարավային Կորեայի գինտականները զեկուցում էին այդպիսի հագուստների մասին:

Աշխարհում նանոտեխնոլոգիաների զարգացման համար մեծ գումարներ են հատկացնում։ Հայաստանում առաջին քայլերն են արվում։  Երիտասարդները հետաքրքրվում են ժամանակակից մասնագիտությամբ։ Ավելին այս տարի չնայած բոլոր բուհերում թափուր տեղերը շատ էին, բայց այս մասնագիտությունը պահանջվածների շարքում է։  

Նանոտեխնոլոգիրաները կիրառվում են սննդարդյունաբերության մեջ։ Նանոփաթեթավորումն օգնում է ապրանքի թարմությունը շատ ավելի երկար պահել առանց սառնարանի:

Այժմ մշակվում է նանոֆիլմ, որը ոչ միայն կպաշտպանի բանջարեղենն ու մրգերը աղտոտվածությունից  և վնասակար բակտերիաներից, այլև ինքն իրեն կքայքայվի ստամոքսում։ Այսպիսով, Նանոտեխնոլոգիայով սնունդը կարելի է ավելի առողջ դարձնել, սննդարար և նույնիսկ ավելի համեղ։ Ի վերջո, նանոմասնիկները հեշտությամբ ներթափանցում և ինտեգրվում են մարդու մարմնի բջիջների մեջ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են «ուղղակի հասցեատիրոջը հասցնել» մեծ քանակությամբ անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր և այլն:

Նանոտեխնոլոգիաները գրավել են աշխարհը, բայց  դրանք հսկայական վտանգ ունեն, մարդկությունը մնալու է «մերկ»։ Գիտության առաջ մարդկությունը դառնում է անպաշտպան։

Back to top button