ԿարևորՎերլուծական

Արցախի կարգավիճակի հարցը միջազգային է, Ալիևի «կարծիքը» դեր խաղալ չի կարող. քաղաքագետ

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ  պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի։ Ռուբեն Վարդանյանը ողջունել է Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսություն սկսելու Բաքվի ձգտումը, շեշտելով, որ Արցախն այդ գործընթացում պետք է սուբյեկտ լինի։ Պետնախարարի պատասխանից հետո փորձագետները Բաքվի քարոզչամեքենայի նոր ակտիվություն են նկատել։

Ոմանք հիշեցնում են, որ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության մեջ նոր բան չկա, նման շփումներ եղել են 90-ականներին և, եթե Իլհամ Ալիևը դա ժխտում է և չի ցանկանում այն վերականգնել, ապա դա արդեն ոչ թե հայկական կողմի, այլ հենց Ադրբեջանի խնդիրն է։ Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը կստիպի Ադրբեջանին մտնել նման խոսակցության ու աշխատանքների մեջ։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, Ադրբեջանի նախագահը արցախահայության հետ խոսելու պատրաստակամության մասին հայտարարություններով պարզապես փորձում է շեղել միջազգային հանրությանը։ Քաղաքագետը վստահ է, որ այդ կերպ Ալիևը փորձում է հեռանալ այն խնդիրներից, որոնք միջազգային հանրությունն էլ է ընդունում է, որ կան։

 «Միջազգային հանրության կողմից վաղուց ընդունված է, որ կա Արցախի հարց, Արցախի կարգավիճակի հարցը՝ որպես միջազգային հարց։ Դա ձևավորված է Մինսկի կոնֆերանսի կողմից և ձևավորել է Մինսկի խումբը, որը 30 տարուց ավելի փորձում է գտնել լուծում։ Մանդատը, որ նրանք ստացել են՝ կապված է Արցախի միջազգային ստատուսի հետ»։

Այսինքն, ըստ Արզումանյանի, հստակ է, որ հարցը վաղուց արդեն որոշված է, և Ալիևն իր ամենատարբեր հայտարարություններով հենց դրանից է փորձում խուսափել՝ դուրս գալ այդ խնդիրների շրջանակից։    

 «2020 թվականին հայտարարել են, որ Արցախը չկա, Արցախի հարց արդեն չկա։ Հիմա ստիպված, այսպես ասած, նահանջել՝ տեսնելով միջազգային հանրության ճնշումը և փորձում է ուրիշ մեթոդներ մտածել»։ 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան գրառմամբ արձանագրում է, որ ադրբեջանական քարոզչական հոդվածները ևս մեկ անգամ ի ցույց են դնում Բաքվի ագրեսիվ նպատակները. «Ինչպես և կանխատեսելի էր, Ռուբեն Վարդանյանի` Ալիևին տված պատասխանից հետո, ադրբեջանական քարոզչադաշտը անցել է նոր հարձակման։ Այս քարոզչական հոդվածների ուսումնասիրության իմաստն այն է, որ դրանք ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։ Հակառուսական երանգներով այս նյութում, չգիտես ինչու,  որոշել են նաև պաշտպանել Փաշինյանին, պնդելով, թե իբրև ռուսները փորձել են մի քանի անգամ ազատվել Փաշինյանից, բայց չի հաջողվել, դրա համար Վարդանյանն է հայտնվել ասպարեզում։ Ակնհայտ է, որ հոդվածագիրը լավ չի հասկանում մեր քաղաքական դաշտը ու Փաշինյանի մոտեցումները ՌԴ-ի հանդեպ, կամ չեն ուզում նկատել Փաշինյանի լոյալությունը ՌԴ-ին»։

Արդրբեջանագետն ուշագրավ է համարում այն, որ հոդվածի վերջում, անդրադառնալով Վարդանյանի պատասխանի այն հատվածին, որտեղ նա կոչ է անում չգնալ նոր պատերազմի, այլ՝ բանակցել, հոդվածագիրը նշում է, որ «մի անգամ հաղթել ենք, մի հատ էլ կհաղթենք…»։ Այսինքն, ադրբեջանագետի ձևակերպմամբ,  իրենց ռազմատենչ պլանների մասին մեր այսպես կոչված «խաղաղատենչ» դրկիցները ակնհայտ խոստովանում են։

Արցախի Հանրապետության պետնախարարը, պատասխանելով Իլհամ Ալիևին, շեշտել է, որ ողջունում է Ադրբեջանի նախագահի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը։ Բայց Արցախն, ըստ Վարդանյանի, այդ գործընթացում պետք է սուբյեկտ լինի»:

Ռուբեն Վարդանյանը նաև ողջունել էր միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը:

«Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։

Վարդանյանը նաև գրել է, որ պատերազմը միշտ պատերազմ է բերում, ուստի երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը։

Ալիևը հայտարարել էր․ «Եթե ​​Հայաստանը ցանկանում է  խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, դա չի ստացվի, մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի։ Նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով»։

Այս հայտարարությունն Ալիևն արել էր ԵՄ Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ։ Սա այն դեպքում, երբ ԵՄ-ը միջնորդական առաքելություն ստանձնելու լուրջ հայտ է ներկայացրել և բավականին ակտիվ է հայ-ադրբեջանական համատեքստում։

Ըստ քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի՝ հայկական կողմը պետք է հստակ պնդի և կանգնի միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի վրա, որտեղ և պետք է լուծվի Արցախի հարցը։ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային է, ուստի Ալիևի, այսպես ասած, կարծիքն այստեղ մեծ դեր խաղալ չի կարող, համոզված է քաղաքագետը։

«Իմ կարծիքով՝ պետք չէ ինչ-որ սպասումներ ունենալ, կամ գնահատական տալ։ Ֆրանսիայի սենատը հստակ խնդիրը դրել է, ԱՄՆ Սենատի կոմիտեում այդ հարցերը դրվել են։ Կարելի է եզրակացնել, որ այդ ճանապարհով շարժվելով, մենք  ինչ-որ նվաճումներ կունենանք։ Ուղղակի, պետք է դուրս գալ պարտվողական-պաշտպանվողական վիճակից։ Արցախի հարցը, սա սկզբնաղբյուր է և եթե կա ցանկություն տարածաշրջանում, իրոք, խաղաղություն ունենալու, որի մասին խոսում են ուժային կենտրոնները, ապա դու պետք է Արցախի հարցը դնես և լուծում տաս՝ որպես միջազգային խնդիր։ Կան հիմքեր և հնարավորություններ։ Պետք է կամք դրսևորել»։

Ադրբեջանի նախպագահի հայտարարությանն այսօր արձագանքել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրելով հետևյալը. «Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր»։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը մեզ հետ զրույցում նկտեց, որ Մինսկի խումբը որպես ձևաչափ գոյություն ունի և դա փաստվեց նաև ԱՄՆ սենատում նախօրեի քննարկումներով.

«Ուղղակի հարց է առաջացել՝ ինչպես ձևափոխել  խմբի աշխատանքը, որ հանվի Ռուսաստանի գործոնը, որն այսօր չի աշխատում և չի աշխատելու։ Այսինքն՝ հարցն աշխատանքային հարց է, ոչ թե Մինսկի խմբի հարց։ Մանդատը, որը տրվել է Մինսկի խմբին, դա նորից վերահաստատվել է՝ Արցախի հարցը, Արցախի ստատուսի հարցը որպես միջազգային հարց, մնում է»։

Քաղաքագետ Արզումանյանը կարծում է, որ նման հարցերի շուրջ հայկական  դիվանագիտությունը երբեք չպետք է համաձայնի, կամ՝ մտնի դիսկուսիաների մեջ։ Պետք է պարզապես հիշեցնել Արցախին ու արցախահայությանը վերաբերող Մինսկի կոնֆերանսի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջազգային նշանակություն ունեցող որոշումները։ 

Back to top button