ԿարևորՀասարակություն

Հայաստանը երկրորդ արբանյակը կուղարկի տիեզերք

Հայաստանում կզարգանա արբանյակաշինությունը, կունենանք սեփական արտադրության արբանյակ․ խոստումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանինն է։

Հավակնությունների հիմքում մայիսի 25-ին ԱՄՆ-ից ARMSAT-1 հայկական առաջին արբանյակի հաջող գործարկումն է, իսկ հաջողության մասին հուշում են արբանյակից արված առաջին լուսանկարները։ Դրանք, իհարկե, լայն հասարակությանը հասանելի չեն լինի։ Կպահվեն սերվերներում և ըստ անհրաժեշտության կտրամադարվեն գործընկեր կառույցներին։ Այս փուլում աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոն կառուցելու ուղղությամբ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ կառավարման կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի արբանյակը կառավարել արդեն Հայաստանից և մեր մասնագետների կողմից։

«Այն ոլորտները, որոնք հայտարարվել են, որ արբանյակ կիրառվելու է, բոլորը իրատեսական են։ Մենք տրամադրում ենք գործիք, որի կարողությունները, հզորությունները իմանալով՝ մեր գործընկերները կարող են օգտագործել այդ գործիքը ըստ անհրաժեշտության, իրենց խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեսաք, արդեն որոշակի նկարներ մենք ստանում են, և ամեն մեկն իր կիրառումը կգտնի»։

SATLANTIS-ը մեծ հաջողություն է գրանցել ոչ միայն գիտության ոլորտում, այլև Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի՝ նկատեց ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Հերանին՝  ուշագրավ համեմատություն կատարելով.

«Հայաստանը ոչ թե թանկարժեք Մերսեդես է գնել, այլ ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք Մերսեդեսը։ Այս տեխնոլոգիան ունի նաև գործածողներ։ Օգտատերերը կկարողնան ոչ միայն տվյալները ներբեռնել, այլև կկարողանան այդ տեղեկատվությունը մշակել ու գործածել հետագայում։ Իսկ գործարկումը կսկսենք գյուղատնտեսության ոլորտից»։

Համակարգչային ծրագիրը, որը կգործարկվի, ամբողջությամբ կվերահսկի արբանյակը, նաև բազմաթիվ տվյալներ կփոխանցի ջերմաստիճանի, կարողությունների սպառման, վոլտաժի և ծրագրված առաջադրանքների մասին։ SATLANTIS ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեի տեղեկացմամբ՝ նաև ահազանգերի համակարգ կլինի, որը կտեղեկացնի ցանկացած անհաջողության, համակարգում առաջացած խնդիրների մասին։

«Օրական 7-10 գործարկում կլինի։ Երկրային կայանի շնորհիվ մենք կկարողանանք արբանյակից  տարբեր տվյալներ ստանալ և տեղայնացնել։ Հայաստանի տարածքում այդ գործողություններն իրականացնելու համար 18 րոպե ենք ունենալու, իսկ տվյալներն ունենալու համար 22 րոպե կպահանջվի։  Այդ հնարավորությունը մենք կունենանք արբանյակի ուղեծրի և ընտրված երկրային ցանցի շնորհիվ։ Այդ ցանցին ավելացվել է մեկ ալեհավաք, որը Երևան քաղաքում է գտնվում»։ 

Տիեզերքի 90 տոկոսից ավելին մութ զանգված է։ Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը վստահ է՝ մեր ռեսուրսներով մեր լուման կունենանք Տիեզերական եվրոպական կազմակերպության կողմից մութ զանգվածն ուսումնասիրելու գործում։

«Գիտությունը բերեց նրան, որ տիեզերական տեխնոլոգիաների մեջ խորացած մի ձեռնարկույթուն վաղը կկարողանա այնպիսի հարցերի պատասխան տալ, որոնք կբերեն Նոբելյան մրցանակների, գիտության ամենամեծ առեղծվածների պատասխանների, և ես շատ ուրախ եմ, որ  SATLANTIS-ն է այդ ձեռնարկությունը»։

Կառավարման կենտրոնի բացումը շատ չի սպասեցնի։ Աշխատանքների վերջնական փուլում են։  Խոստանում են ավարտել մինչև տարեվերջ։

Տիեզերք արձակված առաջին հայկական արբանյակից հետո Հայաստանը մտածում է նաև երկրորդի մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի հավաստիացմամբ՝ երկրորդը առաջին արբանյակից էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլև նրանով, որ և նախագծման, և ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլև՝  հայկական արտադրության առաջին արբանյակը։

Փոխնախարարը վստահեցնում է՝ Հայաստանի տիեզերական ծրագրերն ունեն խաղաղ բնույթ, և  արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար: Ի դեպ՝ երկրագնդի տարբեր կետերից արված լուսանկարներում կա նաև Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող պատկեր, որն արվել է սեպտեմբերի 14-ին:

Back to top button