Երաժշտական եռանկյունի

«Կայթ» կրթամշակութային հանգույց և երաժշտական նախագիծ․ «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակակից հայկական ֆոլկլորային խմբերը բազմաթիվ են՝ տարբեր նվագախմբային ձևաչափերով, մասնակիցների թվով, նվագարանների ընդգրկվածությամբ։ Մեր հաղորդաշարի ուշադրության կենտրոնում են հատկապես այն կոլեկտիվները, որոնք աշխատում են հավատարիմ մնալ ավանդական, «բնագրային» երաժշտական տեսակներին, ցուցաբերել հատուկ, ուրույն մոտեցումներ ազգային, ժողովրդական նյութը յուրովի ներկայացնելու գործում։

Այստեղ շատ է կարևորված ոչ միայն մեր ավանդական երաժշտական ժառանգության իմացությունը, նյութին տիրապետելու չափը, այլև սեփական ստեղծագործական ունակությունների և ձիրքի դրսևորումը։

«Կայթ» նախագիծը ստեղծվել է որոշակի գաղափարախոսության հիման վրա» — ասում է երաժիշտ-կատարող, նախագծի հիմնադիր Կորյուն Դավթյանը – «այն մասն է կրթամշակութային ընդարձակ հայեցակարգի, որը ներառում է ոչ միայն կատարողական, այլև գիտական-հետազոտական, կրթական և հանրահռչակման բաղադրիչները։ Մենք աշխատում ենք ցուցաբերել համալիր մոտեցումներ մեր ազգային արժեք ներկայացնող ֆոլկլորը պահպանելու և տարածելու հարցում»։

Երգացանկ կազմելիս երաժիշտները խորհրդակցում են ֆոլկլորագետների, երաժշտագետների հետ, առավել գրագետ և բնագրային տարբերակներին մոտ նյութ հայթայթելու նպատակով։ Այստեղ շատ է կարևորվում նաև այն հանգամանքը, որ այդ հսկայական երաժշտական ծավալից միայն չնչին մասն է «շրջանառության» մեջ և հանրությունը հաճախ պարզապես զրկված է սեփական արժեքների հետ առնչվելու, «առերեսվելու» որևէ հնարավորությունից, քանի որ այդ երգերն ու մեղեդիները չեն կատարվում մեզանում։

«Կայթ» նախագծի գեղարվեստական ղեկավար, հայկական և արևելյան փողային նվագարանների կատարող, ինչպես նաև խմբի գործիքավորող Գրիգոր Քարտաշյանը նշում է, որ անհայտ նյութի հայթայթումը նախագծի գլխավոր նպատակներից է, որից հետո գալիս է նյութի հետ աշխատելու, մշակելու փուլը։

Նախագծում ընդգրկված են ինչպես ավանդական, այնպես էլ նորաստեղծ փողային և հարվածային նվագարաններ, որոնք խմբի համար պատրաստում է հայկական նվագարանների հայտնի վարպետ և կատարող Նորայր Քարտաշյանը, ինչպես նաև քանոն և բաս կիթառ։ Այսպես ավանդականը, փորձարարականն ու ժամանակակիցը համադրվում են հայկական ֆոլկլորը յուրովի ներկայացնելու գործում։

Գործիքավորման հարցում էլ երաժիշտներն առաջնորդվում են սեփական զգացողության և ինտուիտիվ որոնման սկզբունքով՝ կոմպոզիցիաները վերջնական տեսքի են գալիս երկար փորձերի, տարբերակների և հաճախ «հրաժարումների» գնով։

Նախագծի երաժշտական ղեկավար և հարվածային գործիքներ նվագող Գրիգոր Դավթյանը օգտագործում է ավանդական լայն կիրառում ունեցող և վաղուց կիրառումից դուրս եկած հարվածայիններ՝ կոպալով դհոլ, դափեր և նորաստեղծ տարբեր նվագարաններ, ինչը շատ է ընդլայնում երաժշտության էքսպրեսիվ դիապազոնը, նոր տեմբրային գույներ հաղորդում ընհանուր երաժշտական պատկերին ու բնորոշում միայն «Կայթ» խմբին հատուկ հնչողությունը։

Հաղորդման ընթացքում առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում հնչում են «Կայթ» նախագծի ստուդիական ձայնագրությունները։

Back to top button