Վերնատուն

Այսօրվա երգիծանկարները` ապագայի փաստաթղթեր․ «Վերնատուն»

Երգիծանկարիչ, նկարազարդող, անիմատոր, «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին խոսում է երգիծանկարչության մշակույթի հայաստանյան դրսևորումների մասին, պատկերավոր խոսքի հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին։

Վրեժ Քասունին սկզբունքորեն մերժում է «ծաղրանկարչություն» արտահայտությունը։ Ասում է՝ երգիծանկարչության ու ծաղրանկարչության միջև ընկալման փիլիսոփայական տարբերություններ կան։

Երգիծանքը, կամ երգիծաբանությունն իր մեջ պարունակում է հեգնանքը, հումորը, սրամտությունն ու ծաղրը իր բոլոր շերտերով, հետո բացատրում, որ ծաղրանկարի հանդեպ բացասական վերաբերմունք կա, իսկ երգիծանկարչությունն ինքնին փիլիսոփայություն է։

«Մեզ մոտ կան ուժեղ նկարիչներ, բայց չունենք ուժեղ մտքեր՝ քաղաքական երգիծանկարչության առումով, չունենք դպրոց, ինստիտուցիոնալ մոտեցում։ Մեզ համար երգիծանկարչությունը երկրորդական է», – ասում է Քասունին։

Ասում է՝ գուցե պատճառն այն է, որ խորհրդային տարիներին այն ծառայել է պրոպագանդային, և եղել են «կարմիր գծեր» ու սահմանափակումներ, այսօր էլ նույն իներցիան շարունակվում է, եղած նկարներն էլ սուր միտք չունեն և խնդիր ստեղծող չեն։

«Մենք չունենք որևէ մամուլ, որը երգիծանկարչությամբ հանդես գա, ոչ թե օրվա հոդվածները ձևավորի, այլ ինքն իր ասելիքով հանդես գա։ Մեկ երգիծանկարը կարող է ավելին ասել, քան մի քանի էջանոց քաղաքական վերլուծությունը։ Երգիծանկարչությունը ժողովրդավարության և ազատ մտքի թռիչքի խորհրդանիշն է , մենք չենք կարող մեր մեդիայում այն չունենալ», – ասում է Քասունին։

Խոսելով երգիծանքի հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին՝ Քասունին ասում է, որ յուրաքանչյուր անհատ մեր հասարակության մեջ ինքն իրեն իդեալական է տեսնում, ինչպես և մեր քաղաքական վերնախավը։

Վրեժ Քասունին ստեղծել է քաղաքական երգիծանկարների «Փուշթուզ» առցանց հարթակը։ Ասում է` սա երկխոսության, մտքի ազատության ու արտահայտման մի ձև է և ուզում է, որ նման մի տարածք ուրիշներն էլ ստեղծեն։

«Երգիծանկարները փաստավավերագրական իրողություններ են, դրանք 50-100 տարի հետո մեր այսօրվա իրողության մասին են պատմելու։ Այսօրվա մեր երգիծանկարները դառնալու են ապագայի փաստաթղթերը։ Մեր քաղաքական գործիչները պիտի սովորեն երգիծանքին թեթև նայել», – ասում է Վրեժ Քասունին։

Back to top button