Գերդաստաններ

Սողոյաններ․ երեք քանդակագործ՝ մեկ ընտանիքում․ «Գերդաստաններ»

1870-ական թվականներին Էրզրումից գաղթած հայերի մեծ մասը հաստատվեց Ախալցխայում։ Նրանց մեջ էին նաև Սողոյանները։ Գերդաստանում շատ  արհեստավորներ կային, որոնց որդիներից շատերը հետագայում, նույնպես, շարունակեցին այս աշխատանքը, շատերն էլ տեղափոխվեցին Գյումրի, որն այնքան էլ հեռու չէր Ախալցխայից։

Այդ արհեստավորներից մեկը Մկրտիչն էր, որի որդիներից Ֆրիդը դարձավ հայտնի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ է։ Նրա դիմաքանդակներն ու մոնումենտալ գործերը  պահվում են աշխարհի շատ  թանգարաններում, իսկ իր հայրենի Գյումրին դարձել է նրա և որդիների գործերի մի  հիասքանչ բաց թանգարան։ 

Ֆրիդ Սողոյանը որդիների հետ

Եվ այսպես, Գյումրիի՝ նախկինում Կիրովի անվան, իսկ հիմա Լուժկովի անունը կրող փողոցի տներից  մեկում 1936 թվականի հոկտեմբերի 2-ին ծնվեց Ֆրիդը, երիտասարդ տարիներից սկսեց նկարել և պլաստիլինով ստեղծել փոքրիկ, հետաքրքիր պատկերներ։ Ու հենց այդ տարիքից էլ աչքի ընկավ փիլիսոփայական հետաքրքիր մտքերով, յուրահատուկ մոտեցումներով։ Մինչև այսօր էլ Գյումրիի հայրական տանը նրա առաջին գործերը պահպանվում են։

Պատանին ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը, և այդ ժամանակ էլ ստեղծվում են նրա առաջին աշխատանքները։ Ֆրիդն անմիջապես շահում է ուսուցիչների համակրանքը։ Նա կարոտում էր իր հայրենի, կոլորիտային քաղաքը, ծնողներին, հատկապես մայրիկին՝ լեհուհի Ելիզավետա Ստեպելին։ Շատ էր հաշվի առնում հենց նրա կարծիքը՝ պատմում է Ֆրիդ Սողոյանի քույրը՝ Թագուհի Սողոյանը։

Ֆրիդը 33 տարեկան էր, երբ սիրահարվեց գյումրեցի մի գեղեցկուհու, բանիմաց ու  համեստ Ելենա Սարգսյանին։ Երբ ծնվում է նրանց առաջին որդին՝ Վահեն, ամուսինները մեկնում են Մոսկվա. Երևանում կազմակերպված  ցուցահանդեսի ժամանակ Ֆրիդին նկատում է ռուս մի քանդակագործ ու հրավիրում է Մոսկվա՝ աշխատելու։ Ֆրիդը հետագայում ստեղծագործում է Ուկրաինայում և Մոսկվայում։

Ստեղծվում են բազմաթիվ գլուխգործոցներ՝ ռազմական և  պատերազմական թեմաներով մեծ, մոնումենտալ արձաններ ու արձանախմբեր, հայտնի ու հետաքրքիր անձանց դիմապատկերներ, որոնք  անչափ խոսուն են և կենդանի։

Արվեստաբան Արմեն Առուստամյանը թվարկում է ու պատմում դրանցից մի քանիսի մասին։ Օրինակ՝ «Մայր Հայրենիք»-ը Կիևում, Մեծ  հայրենականին նվիրված, հաղթանակը խորհրդանշող հզոր արձանախմբեր, երկու քրիստոնյա կանանց պատկերներով և խաչի միասնությամբ ստեղծված «Միասնական խաչ» բարձրաքանդակը, որը խորհրդանշում է քրիստոնյա ժողովուրդների բարեկամությունը և այլն։ Կնոջ՝ Ելենա Սարգսյանի սերը մեծ ուժ է պարգևել նրան։

«Այդ սերն է ինձ ուժ տվել,  որպեսզի նոր ստեղծագործություններ ունենամ, ինչպես նաև կանգնեմ տղաներիս  կողքին՝ համատեղ ուժերով արարելու նոր գործեր։ Երբ մարդը շատ ուժեղ է սիրում,  դա շատ երկար է մնում։ Որքան ժամանակն անցնում է, այդ սերն ավելի է պնդանում։ Իմ ու կնոջս սերը եղել է փոխադարձ ու առաջին հայացքից, դա ամենախորն էր ու բնությունից տրված, ինչն էլ ուղեկցում է ողջ  կյանքի ընթացքում»,- գրել է քանդակագործը։ 

Թագուհին լավ է հիշում, թե ինչ մեծ ցավ պատճառեց  տաղանդավոր ու անսահման բարի քանդակագործին իր կնոջ մահը։ Նա իր հայտնի աշխատանքների կանանց կերպարները քանդակել է իր կնոջ դիմապատկերով, հետաքրքիր է, որ նույնիսկ պատերազմական թեմաներով ստեղծած արձանախմբում, ուկրաինուհի բուժքրոջը ևս նա քանդակել է Ելենայի դիմապատկերով ու շատ դժվար է բաժանվել նրա աստվածային կերպարից։

Ֆրիդ Սողոյանի երկու որդիներն էլ նրա արժանի հետևորդները դարձան, երկուսն էլ հայտնի քանդակագործներ են։ Մանկությունից սկսած նրանք միասին նկարում էին, միասին քանդակում, իրենց հորաքրոջ տղայի՝ Տիգրանի հետ միասին, որը ճարտարապետ է։ Երիտասարդներով միշտ հիշում են Ֆրիդի խրատները։

Միքայել Սողոյանն անբաժան է հոր՝ Ֆրիդ Սողոյանի հետ կապված հուշերից, սիրտը հպարտությամբ է շնչում, երբ հոր գործերի մասին է խոսում ու պատմում։ Հուզմունք է ապրում, երբ հիշում է՝ ինչպես էին աշխատում միասին, ինչպես էին համաձայնության գալիս որևէ հարցի շուրջ։

Հոր հետ կապվածությունը նաև մոր բացակայության արդյունքն է։ Նրանք մորը շատ  լավ չեն հիշում, քանի որ Վահեն տասներկու տարեկան էր, իսկ Միքայելը ինը, երբ նա մահացավ։ Բայց Միքայելն ասում է, որ մայրն իրենց հետ է ամեն օր և ընդմիշտ։

Միքայել Սողոյանը երազանքով, հպարտությամբ ու համբերությամբ է սպասում հայրենիքում իր նոր գործերի՝ Ծովակալ Իսակովի կիսանդրու տեղադրմանը, որը Մայր Հայաստան ռազմական թանգարանում է այժմ պահվում, և Գրիգոր  Լուսավորչի արձանի բացմանը, որը նախատեսված է հաջորդ տարի։ Բայց քանդակագործը նաև այլ ծրագրեր ունի։

Ֆրիդ Սողոյանը կյանքի վերջին ժամերը ցականում էր անցկացնել հայրենի քաղաք Գյումրիում, սակայն նրա երազանքը չիրականացավ։ Նա հանգչում է Մոսկվայի հայկական հին եկեղեցու բակում։

Back to top button