Վերնատուն

«Ապրեցնել հայ մեղեդին հայ պոեզիայի հետ»․ կանցկացվի Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթ․ «Վերնատուն»

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ։ Նպատակը՝ միավորել աշխարհի տաղանդավոր կոմպոզիտորներին հայ դասական երաժշտության, պոեզիայի, լեզվի ու մշակույթի շուրջ։

«Ես պիտի հարմարվեի այդ դերին, թեկուզ անուն ազգանունի սահմաններում», – ասում է կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ «Հայ դասական պոեզիայի և հայ դասական երաժշտության հարաբերությունն է այս նախաձեռնության հիմքում, սա նորից ու նորից վերադարձ է Կոմիտասին, Կոմիտասի ողջ ժառանգությունը, հայոց լեզվի ու հայ պոեզիայի հետ է կապված», – ասում է կոմպոզիտորը։

Նախաձեռնության հեղինակը «Կողբ» հիմնադրամն է։ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանն ասում է, որ սա կոմպոզիտորների համար ինքնաբացահայտման մեծ հնարավորություն է՝ լեզվի, պոեզիայի իմացության ու ինքնաճանաչման։ Հայտադիմումների մեկնարկն արդեն տրված է՝ հոկտեմբերի 15-ից մինչև 2023 թ.-ի ապրիլի 1-ը:

Պոեզիայի ընտրության մեջ ժամանակային սահմանափակումներ չկան՝ ստեղծագործություններ կարող են ընտրվել միջնադարից մինչև մեր օրերը, մասնակից կոմպոզիտորների համար տարիքային սահմանափակում նույնպես չկա։

«Ես սպասում եմ, որ մեր կոմպոզիտորները կանդրադառնան հայ գրականության բոլոր շերտերին՝ հոգևորից մինչև ժամանակակից»,– ասում է մաեստրո Մանսուրյանը։

«Սովետի տարիներին կար երգ ստեղծելու պայմանական միջոց, ու սա մի տեսակ արհեստավորի աշխատանք էր․ տեքստերը ժողովրդականի նմանակումներ էին և ոչ իրապես ժողովրդական, հաճախ կեղծ բանահյուսական տեքստեր էին ստեղծվում, այս պարագայում՝ խոսքը դասական երաժշտության մասին է։ Խնդիրը՝ հայ մեղեդին հայ բանաստեղծության հետ ապրեցնելն է», – ասում է մաեստրո Մանսուրյանը։

Back to top button