ԿարևորՏնտեսական

Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում

Տեքստիլագործության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացման հեռանկարները քննարկվել են նոյեմբերի 16-ին Երևանի Անի գրանդ հոթելում տեղի ունեցած գործարար համաժողովի ընթացքում։ Մինչ այդ՝ հյուրնոցի սրահում տեղի է ունեցել երկու կողմերի տեքստիլագործական ընկերությունների արտադրանքը ներկայացնող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

«Այս տարի Լիտվայի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո սա առաջին ծավալուն միջոցառումն է մեր երկրում, և հատկանշական է, որ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առաջին նախաձեռնողներից մեկը հենց ձեռներեցներն են»,- բացման իր խոսքում նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա հիշեցրել է, որ ՀԱԳՄ-ն Լիտվայի գործարարների կոնֆեդերացիայի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել դեռևս 2015 թվականին, իրարկանացվել են ակտիվ շփումներ, և այժմ շոշափելի աշխատանքներ են տարվում գործակցությունն առավել ամրապնդելու համար, որի վառ օրինակներից  է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի ու տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից ներկայումս իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը։

ԼՀՏԱԱ-ի գլխավոր տնօրեն Աստա Տումիտըտեն նշել է, որ իրենց համար հաճելի է պատասխան այցով լինել Հայաստանում։ Նրա հավաստմամբ՝ վերջին շրջանում տարվող համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է աճ արձանագրել երկկողմ առևտրաշրջանառության մեջ։ Աստա Տումիտըտեն հույս է հայտնել, որ երևանյան ցուցահանդեսն ու համաժողովը ևս իրեց նպաստը կունենան համատեղ տնտեսական ծրագրերի իրականացան գործում։

Արդեն համաժողովի ընթացքում ԼՀՏԱԱ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում մինչ այս կատարված աշխատանքները։ Այն մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից՝  նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։

Հայաստանում տեքստիլի և հագուստի ոլորտի արդիականացման և շուկա մուտք գործելու միջոցով արտահանման խթանմանն ուղղված  ՄԱԱԶԿ ծրագիրը ներկայացրել է հանրության հետ կապերի պատասխանատու Գոհար Առաքելյանը։

«Տրանս լոջիստիկ սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Իրինա Բելուբեկյանը հանգամանալի անդրադարձել է Լիտվայի և Հայաստանի միջև գործող բեռնափոխադրումների կարգին  և լոգիստիկ հնարավորություններին։

Բանախոսներին  տրված հարց ու պատասխանից հետո մասնակիցներին հնարավորություն է տրվել մասնակցել երկկողմ բանակցությունների։

Լիտվացի գործարարների պատվիրակությունը Հայաստանում է նոյեմբերի 15-ից։ Նրանք արդեն հասցրել են լինել Երևանի ու մարզերի՝ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններում, առաջիկա օրերին նախատեսված են ճանաչողական այցեր Գյումրի, Մարալիկ, Արթիկ, ծանոթություններ ու բանակցություններ գործարար շրջանակների հետ։ Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև նոյեմբերի 18-ը։

«Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում հայկական թեթև արդյունաբերության ոլորտի մեկ տասնյակ ընկերության ներկայացուցիչներ ս․թ․ հոկտեմբերի 8-15-ը ճանաչողական այցով եղել են Լիտվայի Հանրապետությում։ Ուղևորության ընթացքում հայ գործարարներն այցելել են Վիլնյուսի, Կաունասի, Ուտենայի առաջատար տեքստիլագործական ընկերություններ, առևտրի կենտրոններ, ցուցասրահներ։ Հայաստանյան պատվիրակությանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիայի փոխնախարար Վինկաս Յուրգուտիսը։ Հայաստանյան ընկերություններն առանձին միասնական տաղավարով ներկայացվել են Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։

Back to top button