ԿարևորՀասարակություն

14 կգ օդ՝  2 լիտր ջրով. սնդիկ, մկնդեղ, ծանր մետաղներ՝ Երևանի օդում

Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը։ Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանի մայրաքաղաքում օդի թունավորության ինդեքսը 370 է, այն դեպքում, երբ նորմալ է համարվում մինչև 100 ինդեքս ունեցող օդը։ Օդի աղտոտվածությամբ Երևանը գերազանցում է նույնիսկ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկին՝ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիին։ Շրջակա միջավայրի նախարարությունում կարծում են, որ համեմատությունը փոքր ինչ չափազանցված է, բայց որ Երևանի օդը աղտոտված է և աճի տենդենց ունի, վկայում են անգամ տեղական վիճակագրական տվյալները։ Սնդիկ, մկնդեղ, ծանր մետաղներ՝ Երևանի օդում: Ի՞նչ են անում պատկան մարմինները՝ փաստն արձանագրելուց բացի:

Չկա շաբաթ, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները չփաստեն, որ Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը։ Խնդիրը նոր չէ: Հիմնական աղտոտիչներն են շինարարությունը, արդյունաբերությունը, հատկապես ոչ մետաղական հանքերի գերօգտագործումը, ավտոտրանսպորտը, աղբվայրերի բաց այրումը։ Փոշու մեջ են թաղված Երևանի անգամ այն հատվածները, որտեղ շինարարություն չկա, հավաստիացնում է  Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե  Շահնազարյանը։ Ամենաաղտոտվածը, սակայն, շարունակում են մնալ Շենգավիթը, Կենտրոնը և Նոր Նորքը։

«Մենք օրվա ընթացքում շնչում ենք 14 կգ օդ և խմում մոտավորապես 2 լիտր ջուր։ Այսինքն՝ եթե համարժեքությամբ նայենք, պատահական չէ, որ մեր հանրությունն ու ամբողջ աշխարհն է  մտահոգված օդի աղտոտվածությամբ։ Մեր աղտոտվածության հիմնական մասը ձևավորվում է ավտոտրանսպորտից։ Վերջին հինգ տարիների կտրվածքով  մեր մթնոլոտի աղտոտվածությունը 35-40 տոկոսով աճել է»։

Երևանի մթնոլորտը տարիներ շարունակ ուսումնասիրում է նաև Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը։ Տարիների հետզաոտությունը փաստում է, որ թե ծանր մետաղները, թե փոշին մայրաքաղաքի օբյեկտիվ իրականությունն են, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։

«Ուզենք, թե չուզենք, դրանց ներկայությունը մենք պետք է ընդունենք։ Ծանր մետաղները ներկա են ոչ միայն ջրում, հողում, այլև մթնոլորտում, ուղղակի խնդիրը պարունակությւոնների տարբերությունների մեջ է։ Տարբեր տոքսիկ նյութեր կան, և կա կապար , և  մոլիբդեն, խրոմ, ցինկ, մկնդեղ։ Սնդիկի մասով վերջերս հետազոտություն չենք արել, բայց Երևանում սնդիկ նույնպես հայտնաբերել ենք։ Պոտենցիալ տոքսիկ տարրերը ասոցացվում են փոշու հետ և տարածվում են՝ նաև մեր բնակարաններ մտնելով։ Մենք դա արդեն գիտենք։ Դրա համար լրացուցիչ հետազոտություն հարկավոր չէ»։

Ինչպես կանխել․սա է խնդիրը։  Որպեսզի օդը մաքուր մնա, կառավարությունը սկսել է 1994 թվականից գործող՝ մթնոլորտային օդի մասին օրենքը բարեփոխել, հստակեցնել ընկերություններին առաջադրվող պայման-պահանջները, խստացնել վերահսկողությունն ու նոր չափորոշիչներ կիրառել։ Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը կարծում է, որ նոր օրենքը գոնե բալանս կստեղծի

«Այո, աղմուկ, բայց մինիմալ, աղտոտվածություն, բայց կառավարելի, որպեսզի նվազագույնի հասցվի նաև փոշու հասցրած վնասը»։

Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով որոշակի խստացումներ են նախատեսվում՝ ընդգծում են Շրջակա միջավայրի նախարարությունում։ Գործող օրենքը պատասխանատվություն է նախատեսում առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեության համար, իսկ  փոփոխություններով պատասխանատվության չափը խստացվել է: Եթե գործող օրենքում բացակայում է պատասխանատվությունը փորձաքննության պահանջները և պայմանները չկատարելու համար, ապա նորով նաև դրա համար է սահմանվել պատասխանատվություն։

Իսկ եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել, ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության արդյունքները, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում պատասխանատվությունից  չի խուսափի: Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իհարկե ողջունում են այդ փոփոխությունները, սակայն  մեծ հույսեր դրա հետ չեն կապում։ Քանի դեռ չկա գլոբալ կանխարգելում և տոտալ վերահսողություն, Լիլիթ Սահակյանը համոզված է՝ մեր երկրում մթնոլորտի աղտոտվածությունը առնվազն չի նվազելու։

Back to top button