ԿարևորԿյանքին ասել այո՛

Ինձ համար ամենադժվարը պատերազմից հետո տուն վերադառնալն էր․ Նիկոլայ Չաքմազյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ուրեմն հերոսը  սեպտեմբերի 27-ին  դիմավորեց շան լակոտներին, թուրքերին էլի։ Սկսեց կոտորել, դե ես պատկերացնում եմ՝ ինչ ձևով, որովհետև արդեն  երակներս  պատերազմի արյունը ամփոփել էին իրենց ներսում և լավ գիտեի՝  ինչ դուխ պիտի ունենաս, որ էդ ձևով կռվես։ Կոտորեց թուրքերին։ Նահանջ հրաման էին տվել, չէր լսել ֆիզիկապես, ականջները փակվել էին, բոլորը հետ էին դարձել, ինքը իր Ջեյրանով՝ Պեկայով, թուրքերին շնչահեղձ արեց։ Տեսավ, որ արդեն դրանց արյունն իր երեսով է տալիս, գլուխը բարձրացրեց, նկատեց հիմարների մոտ լինելը։ Կալցոն քաշեց․․․ուզում էր իրեն էլ հետները գմփացներ, բայց բախտներս բերեց․ ընկերը ժամանակին հասկացավ, որ  իրենց ուժը պակասել է։ Նկատեց՝ Կոյլան չկա։ Հետ վազեց, գնաց․․․Փառք Աստծո, փրկվեցին երկուսն էլ․․․»։

Փրկված Նիկոլայ  Չաքմազյանի մասին այս պատմությունը, որը  ներկայացվեց  Արցախի գրողների միության անդամ  Աննա Հակոբյանի՝ «Պարո՛ն, դուք վիրավո՞ր եք» գրքից, հեղինակը ավտոբուսում, պատահական հանդիպման ժամանակ լսել էր երևանցի Կարենից։  Պատերազմում  ոտքից վիրավորված ու հաշմանդամ դարձած Կարենը Կոյլային ու նրա հերոսություններին ծանոթացել էր Ջրականի «Նժդեհ» դիրքում։ Հարցնելով Կոլյայի ազգանունը, Աննան զրույցի վերջում էր միայն պարզել, որ Կարենի պատմության հերոսը Չաքմազյան Կոլյան է Հադրութի Մեծ Թաղեր գյուղից, իր կյանքի ընկերը։ Հարազատ գյուղից տեղահանված Կոլյայի ընտանիքն այժմ ապրում է Երևանում։

Կոլյան ասում է, որ իր համար ամենադժվարը պատերազմից հետո տուն վերադառնալն էր, և ոչ այն պատճառով, որ թշնամուն հանձնված Հադրութի Մեծ Թաղեր գյուղի հարազատ օջախի փոխարեն վերադառնալու էր երևանյան բնակարան։ Կոլյան տուն էր վերադառնում մեղքի զգացումով․ ինքը վերադառնում է, իսկ շատերը՝ ոչ։ Ծառայության համար բազմաթիվ մեդալների, շքանշաների ու Հայոց բանակի  լավագույն գնդացրորդ  տիտղոսին արժանացած մեր համեստ հերոսը  ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 17-ին։ Կոլյան սովորում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում, որտեղ էլ  զրուցել ենք նրա  հետ։

Տեսանյութում օգտագործվել են կադրեր Հանրային հեռուստաընկերության «Զինուժ» ծրագրից։

Back to top button