Երաժշտական եռանկյունի

Անի Ղուշչյան՝ Երիտասարդական օպերային ծրագրի նոր անուն․ «Երաժշտական եռանկյունի»

Երիտասարդական օպերայի ծրագրի ընթացիկ աշխատանքներին և հաջողություններին մենք պարբերաբար անդրադառնում ենք «Երաժշտական եռանկյունու» եթերներում:

Ծրագրի արդյունավետությունը փաստում են շրջանավարտների հաջողությունները բազմաթիվ միջազգային մրցույթներում և հրավերները՝ գլխավոր դերերգերը կատարելու Հայաստանում և արտերկրում:

«Մեր ծրագրի ուսուցիչների թիմը բազմամարդ չէ, սակայն մենք կարողանում ենք համակարգել աշխատանքն այն բարձր մակարդակի վրա, որը ընդունելի է արտերկրում, սա ոչ միայն մեթոդական առանձնահատկություն է, այլ նաև դասական արվեստին անսահման նվիրումը և երիտասարդ սերնդի հետ աշխատելու, ուսուցանելու կենսափորձը»,-ասում է ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը:

Այսօր նա ներկայացնում է ծրագրի ևս մեկ մասնակից Վրաստանից՝ Անի Ղուշչյանին:

«Ես ծնվել եմ Ախլցխեում և պատանեկությունս անցկացրել եմ այնտեղ և Թբիլիսիում: Գալիս եմ հայ հոգևորականի ընտանիքից և դա ճակատագրական դերակատարություն է ունեցել իմ մասնագիտական ընտրության մեջ»,-ներկայանում է Անի Ղուշչյանը:

Երգելով եկեղեցական երգչախմբում, սովորելով Թբիլիսիի հայկական դպրոցում՝ նա ձևավորվել է հայկական մշակույթի ներքո, մասնակցել բազմաթիվ համայնքային միջոցառումների, երգել Սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբում:

Նաև մենակատար է եղել վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Երգչուհի դառնալու որոշումը կայացրել է 16 տարեկանում՝ տեղափոխվելով Երևան և ընդունվելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը, որն ավարտելուց հետո՝ վերադառնալով Թբիլիսի ընդունվում է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան և փայլուն ավարտում է: Նաև ուսման այդ տարիներին նա «Էրազմուս պլյուս» ուսանողական փոխանակման ծրագրի շնորհիվ մեկնում է Լատվիա՝ Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա, ապա՝ Լյուբեկի երաժշտական ակադեմիա՝ Գերմանիայում:

Վերադառնալով Հայաստան՝ նա ընդգրկվում է Ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերայի ծրագրում և մի շարք միջազգային մրցույթների մասնակցության հայտ ներկայացնում՝ արժանանալով մրցանակների և ստանալով առաջարկ եվրոպական մի շարք թատրոններից:

Հաղորդման ընթացքում հնչում են Անի Ղուշչյանի օպերային և դասական ստեղծագործությունների կատարումները:

Back to top button