Վերնատուն

Ստեղծարար արդյունաբերությունը զարգացնելու ճանապարհին․ «Վերնատուն»

Ժամանակակաից արվեստի ինստիտուտը արվեստի նախագծերի մշակման ու արտադրության լաբորոտորիա է, հետազոտությունների, ցուցադրությունների և արվեստի կրթության կենտրոն, որի գլխավոր նպատակներից մեկը ժամանակակից արվեստի կրթությունն ավելի հիմնարար և ինստիտուցիոնալ դարձնելն է։

Ժամանակակից արվեստի ինստիտուտը մոտավորապես 15 տարվա կայացման փուլում տարածքի փնտրտուքի մեջ էր։ Այս տարի հաջողվեց վերջնականապես հաստատվել Ավետ Ավետիսյան 47 հասցեում։ Այժմ Ինստիտուտն ունի բոլոր պայմաններն ու հնարավորությունները՝ ցանկացած մտահաղացում իրականացնելու համար․ դպրոց, լաբորոտորիաներ, ցուցասրահ, գրադարան– ընթեցասրահ, արվեստանոցներ, լսարաններ, հանդիպումների սրահ, աշխատանքային համասրահներ, կացարաններ, որտեղ արտերկրից ժամանած արվեստագետները կարող են բնակվել։

«Մեզ պակասում են հաստատութենական կայուն և ամուր գործող շրջանակներ, որոնք կարող են արտադրել իմաստ, չափանիշ ր արժեք, որոնք ուժ կունենան ապահովել շարունակականություն և փոխանցում մի ժամանակից մյուսը, մեկ սերնդից մյուսը, ունենալ զարգացման տրամաբանություն և պատմություն», – ասում է Ժամանակակից ինստիտուտի հիմնադիր, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։

Ժամանակակից արվեստի ինստիտուտն այսօր, ինչպես Նազարեթ Կարոյանն է ասում, փորձում է վերամտածել կրթական ծրագիրը՝ անցնելով երրորդ ցիկլի կրթության կամ՝ դոկտորական դպրոցի։ Մյուս կողմից՝ միջազգային արտոնագրումն է՝ կոչումներ շնորհելու համար։ Պատրաստվում են համաձայնագիր կնքել և՛ Գեղարվեստի ակադեմիայի, և՛ Պետական համալսարանի հետ՝ արվեստագիտության ոլորտում երիտասարդ մասնագետներ պատրաստելու նպատակով։

«Կա մի բան, որ բոլորիս միավորում է․ դա արվեստի համակարգն է՝ իր պահպանողականներով ու առաջադիմականներով։ Ժամանակակից արվեստի ինստիտուտը իր կարողությունների չափով պիտի նպաստի Հայաստանում ստեղծարար արդյունաբերության կայացմանը։ Մեր խնդիրն է փոխել մշակույթի մասին հին պատկերացումները, քանի որ մշակույթն ինքը տնտեսություն է, արդյունաբերություն է, կարող է տնտեսական արդյունքներ գրանցել, աշխուժություն մտցնել, կյանքը խթանել և սոցիալական փոփոխություններ բերել թեկուզ առանձին համայնքների կյանքում։ Պետք է առաջին քայլերն անել՝ իրավիճակ փոխելու, և արվեստը կարող է դա անել։ Եվրոպական ցանկացած փոքր քաղաք, գյուղաքաղաք այսօր ունի իր բրենդային՝ մշակութային, արվեստային ծրագիրը, որն իր տեսքով և բովանդակությամբ աներևակայելի հարստություն է», – ասում է Նազարեթ Կարոյանը։

Back to top button