ԿարևորՎերլուծական

Ուժի և դիվանագիտության համադրությունը՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու միակ միջոց․ փորձագետ

Ադրբեջանը շարունակում է մի կողմից կրակել հայկական դիրքերի վրա, մյուս կողմից՝ ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայերն են խախտել  հրադադարը։ Այս գործելաոճը չի փոխվել նույնիսկ ԵՄ դիտորդների ներկայությամբ։ Վերջին երկու օրերն էլ բացառություն չէին։ Այսօր ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական ապատեղեկատվության հերթական հերքումն է տարածել։  

Փորձագետները նկատում են, որ հետպատերազմյան ժամանակահատվածի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել են նրան, որ նմանօրինակ միջադեպեր անընդհատ լինելու են։ Հետևաբար, մի շարք ուղղություններով, լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որոնց դժվար է լինելու զսպել ադրբեջանական սադրանքներն ու ագրեսիան։

ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի գործելաոճը կրկնվում է նաև Արցախում։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 13֊-ի լույս 14֊-ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։

Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանի զինուժը նոյեմբերի 12-ին  դարձյալ կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Փաստի հետ կապված հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն՝ Ադրբեջանին մեղադրելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մեջ: Նշվում է, որ հրաձգության հետևանքով բնակիչը թեթև վիրավորվել է, իսկ նրա տեխնիկան՝ վնասվել: «Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով փաստին թվիթերյան իր էջում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա, մինչ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գրանցվել է սպանության փորձի 54 դեպք, սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյոք սա՞ է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» նարատիվի կյանքի կոչումը»։

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ՖԲ գրառմամբ նկատել է, որ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, 1 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ միջադեպն է՝ նույն ուղղությամբ, նույն հայտվածում: 2 դեպքում էլ կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, վնաս պատճառվել:

«Վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով: Այդ սադրանքները հստակ ունեն համակարգված բնույթ, համենայդեպս, այս 2 և դրանից բացի գրանցված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն եղել»:

Աբրահամյանը նկատում է, որ կա հստակ ձեռագիր, կա պլանավորում, և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում: Ճիշտ է՝ բոլոր միջադեպերի ժամանակ ռուս խաղաղապահների միջամտություն եղել է, իրադրությունը կայունացվել է, սակայն ադրբեջանցիների պահվածքը, խոսքը ցույց են տալիս, որ նրանց ակտիվության նվազումը շատ հարաբերական է։  

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նույնպես այն կարծիքին է, որ լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որոնց դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան։ Ըստ քաղաքագետի՝ եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ հեռանկարում դա հնարավոր է.

«Իրավիճակը ավելի նորմալ հուն բերելու և ճգնաժամային վիճակներ թույլ չտալու համար Հայաստանն ուղղակի պետք է կարողանա այնպես հավասարակշռել Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն ուժային, այլ նաև դիվանագիտական հարաբերակցությունը, որ հնարավոր լինի, օրինակ՝ կանխարգելիչ հարվածներ հասցնել։ Հենց Հայաստանը դրա հանարավորությունը ունենա, կարող է նույնիսկ այդ հարվածների կարիքն էլ չլինի։ Դրանից հետո սադրանքները միանշանակորեն կնվազեն»։  

Եթե Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում ադրբեջանական կողմին, ապա Հայաստան-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարն ու կրկին հայկական կողմին մեղադրում իբր հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու այս ամենն արդեն անում է սահմանի ողջ երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ ներկայացուցիչների ներկայությամբ։

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները ՀՀ տարածքի վրա փաստագրված են ԵՄ մշտադիտարկման կարողությունների կողմից, Թվիթերի իր էջում վստահեցրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը.

 «Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից։

Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»։   

ԵՄ դիտորդները Հայաստանում են հենց իրավիճակն ու դրա փոփոխությունն արձանագրելու համար, իսկ նրանց զսպող դերն ընդամենը հոգեբանական է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։  

«Ադրբեջանը գիտի, որ այստեղ կան մարդիկ և տեսնում են, թե ինչ է կատարվում և սադրանքների հետ կապված որաշակիորեն հնարավոր է զսպի ինքն իրեն։ Բայց դա չի նշանակում, թե սադրանքներն ընդհանրապես դադարելու են։ Ավելին՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է հետագայում ևս դիմել սադրանքների։ Դա են վկայում Ալիևի վերջին հոխորտանքները Շուշիում։ Ադրբեջանը թե՛ Հայաստանի նկատմամբ, թե՛ Արցախի նկատմամբ ունի ծրագիր, նպատակ ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնում է դրան։ Նրան չեն զսպելու ո՛չ խաղաղապահները Արցախում, ո՛չ որևէ դիտորդական առաքելություն՝ անկախ, թե ում կողմից են ուղարկված»։

Հայաստանի խնդիրն այդ սադրանքներին դիմակայելուն պատրաստ լինելն ու միջազգային ճնշումն անընդհատ ուժեղացնելն է՝ ասում է քաղաքագետը։ Նա կարծում է, որ այդ միջոցով է հնարավոր որոշակիորեն զսպել Ադրբեջանին։

Այդ համապատկերում էլ նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ Նշվում է, որ Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հաղորդագրության մեջ նաև ասվում է.

«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով»:

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությամբ նաև նշվում է, որ Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ գործընթացները տրամաբանական շղթայի մեջ են։ Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվելու է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը։

«Նոյեմբերի 19-ին, կարծում եմ, արդեն որպես փաստ, ինչ-որ բան ընդունված կլինի և Փաշինյան-Մակրոն հանդիպումը կարող է այդ փաստի հիման վրա հետագա գործողությունների տրամաբանական քննարկման վերածել, ինչը, իհարկե, Հայաստանի համար բավական դրական առաջընթաց կլինի»։

Այդուհանդերձ, Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ներկա իրավիճակում «խաղաղության պայմանագիր» ասվածն ավելի մշուշոտ է դառնում՝ անկախ նրանից, թե ինչ հանդիպումներ և որտեղ կլինեն։ Քաղաքագետի ձևակերպմամբ՝ գործողություններ առանց հանգուցալուծումների դեռ բավականին ժամանակ շարունակվելու են՝ առնվազն այնքան, քանի դեռ համաշխարհային աշխարհաքաղաքական դաշտում հավասարակշռություն չկա։

Back to top button