Երկրորդ շնչառություն

Ընտանիքները պետք է խրախուսեն տարեցներին զբաղվել սիրած գործով․ «Երկրորդ շնչառություն»

Տարեցների համար ամենակարևորը պիտանի և օգտակար լինելու զգացողությունն է։ Հասարակությունն ու ընտանիքի անդամները պետք է փորձեն աջակցել ու խրախուսել նրանց՝ 65 տարեկանից հետո զբաղվելու սիրած գործով կամ վերջապես ժամանակ և ուժ գտնելու գնալ երիտասարդ տարիների երազանքների հետևից։

Կլինիկական հոգեբան, «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հոգեբան Սիաննա Մովսիսյանի խոսքերով, 65 տարեկան անձանց բուն թոշակի անցնելը խնդրահարույց չէ, ամեն ինչ կախված է, թե դրանից հետո անձն ինչ գործունեություն է ծավալում։

«Երբ մենք անձին ասում ենք՝ վերջ, դուք այլևս աշխատելու համար պիտանի չեք, մենք կարծես թե վերջ ենք դնում նրա կյանքին, իսկ երբ նրա համար ստեղծում ենք հարթակ ու հնարավորություններ զարգանալու, դրսևորվելու, սոցիալական նոր շփումներ հաստատելու, տարբեր գործընթացներում ներգրավված լինելու համար և հոգ ենք տանում նրա ֆիզիկական ու հոգևոր առողջության մասին, այս դեպքում որևէ խնդիր պետք է որ չծագի»,- ասում է մասնագետը՝ արձանագրելով, որ այսօր մեր երկրում արդեն ստեղծվում են հնարավորություններ, որ տարեց մարդն իր մտավոր ու ֆիզիկական հնարավորություններն օգտագործի ի շահ հասարակության։

Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին ու հարազատներին, ապա նրանք պետք է փորձեն օժանդակել տարեց մարդուն․ զբաղմունք մտածել նրա համար կամ աջակցել, երբ ռիսկի չեն դիմում որևէ նոր գործ սկսկել և աջակցել անգամ, եթե նրանք ուզում են ոչինչ չանել, այլ ուղղակի սիրած ֆիլմը նայել ու գիրքը վերընթերցել։

Ս․Մովսիսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսօրվա տարեցներն ապրել են սոցիալիստական հասարակարգում, և վերջին տասնամյակների իրողություններն ու արժեհամակարգային փոփոխություններն արդեն իսկ սթրեսային են նրանց համար։ Սերունդների միջև տարբերություններն այսօր ավելի ակնհայտ են, ինչը լրացուցիչ թյուրըմբռնումների պատճառ կարող է հանդիսանալ։ Համակարգչից, սմարթֆոններից, բանկոմատներից օգտվելու դժվարությունները, արժեհամակարգային տարբերությունները նույնպես բարդություններ են ստեղծում սերունդների համերաշխության առումով՝ խորացնելով միջսերնդային խզումը։

Հոգեբանը համոզված է, որ ծնողներից առանձին ապրելու միտումն ինքնին բացասական չէ, եթե երիտասարդների հետ շփումները պարբերական են, կարևորը հանդիպումների որակն է, այլ ոչ թե քանակը։

«Թեկուզ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներից որոշ առումով հետ են մնում մեր տարեցները, բայց նրանք շատ մեծ իմաստություն և փորձառություն ունեն և մեծ սիրով պատրաստ են կիսել իրենց փորձը»,- բացատրում է Սիաննան։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մեր հասարակությունն ավանդաբար դրական վերաբերմունք ունի տարեց մարդկանց հանդեպ․ պատահական չէ, որ ունենք շատ ասացվածքներ՝ Խոսքը՝ մեծին, ջուրը՝ փոքրին, Մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի և այլն, և շատ կարևոր է հավատարիմ մնալ մեծերին հարգելու այս սկզբունքին։

Back to top button