Ծովահայեր

Ջրահարսերն ու ջրի ոգիները` հայկական լճերում․ «Ծովահայեր»

  • Հայկական լեռնաշխարհի ջրային ավազաններում ինչպիսի՞ ոգիներ են բնակվում,
  • Ո՞ր լճերում են ջրահարսեր տեսել,
  • Ինչպե՞ս են պաշտպանվում ջրի չար ոգիներից։
Չնայած տեխնիկայի առաջընթացին՝ Հայաստանի շատ բնակավայրերում դեռ հավատալիքներ են պահպանվել։ Շիրակում պատմում են ջրի չար ոգիների, իսկ Ջավախքում՝ ջրահարսերի մասին։
Ջուլիետա Պողոսյան
Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչ 87-ամյա Ջուլիետա Պողոսյանը պատմում է, որ գիշերով ջրի մոտ գնալիս անպայման խաչակնքվում են ու «Հիսուս Քրիստոս» ասում, որ ջրի չար ոգիները իրենց չվնասեն։ Իսկ Աշոցքից ոչ շատ հեռու՝ Ջավախքում պատմում են, որ Սաղամո լճում իրենց պապերը ջրահարս են տեսել և լճի մոտակա աղբյուրն անվանել Հարսնաղբյուր։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Գալստյանն ուսումնասիրել է հայկական զրույցներն ու դասակարգել ջրի ոգիներիը։ Բանահավաքը պատմում է, որ ըստ ժողովրդական զրույցների և հավատալիքների` փերիները, հավերժահարսները, ջրանույշները, հրեղեն աղջիկները, ջրի աղջիկները, երկնքի աղջիկները, փերի ղզիները, հնարքներն ու ջրի պառավները ջրերի ու անտառների ոգիներ են և հիմնականում հանդես են գալիս փերիներ ընդհանուր անվան տակ։
Հասմիկ Գալստյան
Ինչպես իրանական, սլավոնական և այլ ժողովուրդների հավատալիքներում, այնպես էլ ջրի ոգիների մասին հայկական առաջին խմբի զրույցներում, փերիներին ու ջրի աղջիկներին վերագրում են աստվածային գեղեցկություն: Փերիներին նկարագրելիս ժողովուրդը հատուկ ուշադրությամբ ընդգծում է նրանց գեղեցկությունն ամբողջացնող երկու կարևորագույն հատկանիշ՝ կապույտ աչքերն ու շեկ կամ կարմիր մազերը։
Ջրի ոգիների մասին զրույցների երկրորդ խմբում գործ ունենք իրենց գեղեցկությունից զրկված փերիների հետ։ Չար բնավորության պատճառով, օրինակ, հնարքները կորցնում են իրենց կուսական գեղեցկությունը և հանդես են գալիս իբրև ջրի պառավ կամ չար ոգիներին նմանվող էակներ։ Շիրակյան զրույցներում ջրի ոգիները՝ հոթոթներն ու ճոճի պառավները, առավելապես տգեղ ու կեղտոտ արտաքին ունեն։
Երկու խումբ ջրի ոգիներն ունեն գործառութային միևնույն նշանակությունը։ Հասմիկ Գալստյանը «Ծովահայերի» եթերում բանահյուսական հետաքրքիր զրույցներ է ներկայացնում նաև այն մասին, թե Սևանա ու Վանա լճերի ավազաններում ինչպիսի առասպելազրույցներ են պահպանվել ջրերում ապրող հրեղեն մարդկանց ու կենդանիների մասին։
Back to top button