Ժամանակի վկան

Ուդիները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են․ Սուսաննա Աբրահամյան․ «Ժամանակի վկան»

Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունն ուղղված է Կովկասյան Աղվանքն ադրբեջանական համարելու սուտ միտքը տարածելուն, առաջ մղելով գոյություն չունեցած «Աղվանական եկեղեցու» և իբր դրա «հետևորդ» ուդիների մասին կեղծ, արհեստածին թեզը։

Ովքե՞ր են ուդիները, ի՞նչ լեզվով են խոսում, ի՞նչ կապ ունեն Հայ Առաքելական եկեղեցու հետ, ի՞նչ պատմական ընթացք են ունեցել և այժմ ի՞նչ վիճակում են․ այս և այլ հարակից հարցեր կմանրամասնենք հաղորդման ընթացքում Հայաստանում ուդիների համայնքի ղեկավար, «Պատմական Աղվանքի ուդի ժողովրդի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Աբրահամյանի հետ։

Պատմական աղբյուրները վկայում են, որ ուդի/ուտիների քրիստոնեական մշակույթը ձևավորվել և զարգացել է Շաքի – Կապաղակ աշխարհագրական գոտում։

Թե ի՞նչ լեզվով էին խոսում Կովկասյան Աղվանքում, բացահայտվեց անցյալ դարի 90-ականների կեսերին։

7-րդ դարում արաբական արշավանքների ու նվաճումների հետևանքով բուն Աղվանքն անկում ապրեց։

18-20-րդ դարերում տեղի է ունեցել ուդիների իսլամացում։ Սակայն կապելով իրենց ճակատագիրը հայ ժողովրդի հետ՝ 1918-20 թթ․, ապա 1988-90 թթ. ուդիները ենթարկվեցին ջարդերի, բռնությունների և հալածանքների։

Խորհրդային տարիներին՝ մինչև 20-րդ դարի 30-ական թվականները, ուդիները կրում էին հայկական անձնանուններ և ազգանուններ, սովորում էին հայկական դպրոցներում, իսկ Հայաստանում փոքր քանակությամբ ուդիներ բնակվում են 70-80-ական թվականներից։

Չնայած փոքր քանակով, բայց ներկայում ուդիները շարունակում են ստեղծագործել և տպագրել ուդիերեն գրքեր։

Հայաստանում ուդիների համայնքի համախմբման գործում շրջադարձային էր «Պատմական Աղվանքի ուդի ժողովրդի վերածնունդ» հասարակական կազմակերպության հիմնադրումը։

Հայերի և ուդիների պատմությունը շաղկապված է։ Հայկական ազգանուններով, սակայն ազգությամբ նշանավոր ուդիներ կան, որոնց հայ չլինելը շատերը չգիտեն։ Այս տարի ԵՊՀ-ում նշվեց նրանցից մեկի՝ ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ, անվանի զորահրամանատար Մովսես Սիլիկյանի 160-ամյակը։

Ադրբեջանական քարոզչությունը, թե իբր ուդիական մշակույթն ադրբեջանական մշակույթի մաս է և ադրբեջանցիներն ուդիների հետնորդներն են, սուտ է։

Ուդիներն ի սկզբանե ուղղափառության հետ նույնպես կապ չեն ունեցել, իսկ առավել ևս, մեծ սխալ է նրանց համարել գոյություն չունեցած «Աղվանական եկեղեցու» հետևորդներ, ինչպես որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է Դադի վանքի ուդիներին, դրանով խզելով պատմական կապը Հայ Առաքելական Եկեղեցու, հետևաբար նաև՝ Դադի վանքի հետ:
Հայաստանում ուդիների համայնքի ղեկավար «Պատմական Աղվանքի ուդի ժողովրդի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Աբրահամյանի կատարմամբ հաղորդման սկզբում և վերջում հնչած երգը ուդիերեն է։

Back to top button