Վերնատուն

Մշակութային արժեքների պահպանության նրբությունները․ ֆոնդապահոցներ․ «Վերնատուն»

Վեհանուշ Փունարջյանը չորս տասնամյակից ավելի աշխատում է Հայաստանի Ազգային Պատկերասրահում, որից 21 տարին Պատկերասրահի ֆոնդապահն է։ Ասում է՝ ֆոնդապահի աշխատանքը թանգարաններում ամենաաննկատն ու ամենապատասխանատուն է։

Խոսելով ֆոնդապահոցների գործառույթի մասին՝ նշում է, որ Ֆոնդապահոցների համար կարևոր է ապահովել առարկաների հատուկ ջերմաստիճանի և անվտանգության ռեժիմները։

«Առարկաների յուրաքանչյուր շարժը՝ թանգարանից ներս, թե դուրս, փաստաթղթավորվում է։ Փաստաթղթավորվում է պահոցից մինչև ցուցասրահ ճանապարհը», – ասում է Վեհանուշ Փունարջյանը։ Ուրախությամբ նշում է, որ Պատկերասրահի պահպանության մասնաշենքն արդեն ապահովվել է ջերմա – խոնավային համակարգով, և վերանորոգումից հետո այն լիարժեքորեն կգործի։ Հուսով է, որ այդ համակարգը ֆոնդապահոցներում նույնպես կներդրվի, որը կօգնի առարկաների բնական ծերացումն ավելի դանդաղեցնել։

Ֆոնդապահները նկատում են թանգարանի ու առարկաների հետ կապված յուրաքանչյուր նրբություն, նրանք վարժվել են նկատել անտեասնելին, դրանք նրբություններ են, որոնց անտեսումը հնարավոր է ճակատագրական լինի առարկայի համար, ֆոնդապահի յուրաքանչյուր հայացք մոնիտորինգի մի տեսակ է արդեն։

«Մշակութային ժառանգության պահպանության համար, առհասարակ բոլոր թանգարաններում վերանորոգումից առաջ կարևոր է խորհրդակցել թանգարանների պահպանության բաժնի հետ, քանի որ նրանք գիտեն բոլոր նրբությունները և մասնագիտական ուսումնասիրություններ են արել», – ասում է Վեհանուշ Փունարջյանը։

Թանգարանային առարկայի մշտական պահպանության վայրը պահոցն է՝ նշում է տիկին Փունարջյանը, աշխարհի բոլոր մեծ թանգարանները պահոցներ ունեն։ Ասում է՝ ֆոնդապահների գործը պատասխանատու է, բայց կարևոր են նաև լրացուցիչ սարքավորումների ու թանգարանային առարկաների, պահպանության համապատասխան նյութերի գոյությունը, թանգարանային աշխատողների հանդեպ վերաբերմունքը, քանի որ ցածր աշխատավարձների պայմաններում թանգարաններում չեն կարող պրոֆեսիոնալ կադրեր ներգրավել ու սերնդափոխություն ապահովել։

Back to top button