Էկոսֆերա

Երևանում ծառատունկ իրականացվում է ամեն տարի, բայց կանաչ գոտիների թվային բարելավում չունենք․ «Էկոսֆերա»

Երևանի կանաչ գոտիները 1990-ականներին կազմել են 908 հա, իսկ այժմ՝ ունենք 867 հա (2020 թ․-ի տվյալ)։ Չնայած ամեն տարի իրականացվող ծառատնկման աշխատանաքներին, ցուցանիշների բարելավում չունենք։ Ինչպե՞ս է իրականացվում ծառերի տնկման ամբողջ գործընթացն ու ինչպե՞ս են ընտրվում ծառատեսակները։

Երևանը գտնվում է կիսանապատային գոտում։ Նորություն չէ՝ ունենք բավականին տաք, չոր և փոշու բարձր քանակությամբ քաղաք։ Տրանսպորտային միջոցների օրեցօր աճող թիվը մեծացնում է մթնոլորտում վտանգավոր արտանետումների քանակը։ Իսկ ահա վեր խոյացող շենքերն էլ կարծես ստվերում են կանաչ տարածքները, երբեմն էլ կառուցվում՝ կանաչ տարածքների հաշվին։ Մեկ շնչի հաշվով ընկնող կանաչ տարածքը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ տրվող նվազագույն արժեքից՝ 9 մ2 ցածր է, հետևաբար՝ կանաչ տարածքները քաղաքի համար չեն գործում որպես փոշու պատնեշ, ինչպես նաև քաղաքի արագ աճը և ճնշումը, որը գործադրվում է Երևանի կենտրոնի քաղաքային և հանրային տարածքների վրա։

Ստացվում է՝ այսօր վարդագույն Երևանը կանաչ երանգավորման խիստ կարիք ունի։ Անհրաժեշտ է նորմալ միկրոկլիմայական պայմաններ ստեղծել՝ ոչ միայն էկոլոգիայի, այլև հասարակության առողջության պահպանման առումով։ Անհերքելի է, որ այս առումով կարևոր նշանակություն ունեն իրականացվող ծառատնկման աշխատանքները։

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը մեջբերում է հիգիենիկ ստանդարտներն ու նշում, որ ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները պետք է կազմեն քաղաքի ընդհանուր ծավալի 20 տոկոսը, մինչդեռ Երևանում ունենք ընդամենը 4 տոկոս։

Ծառերի խնամքը, պահպանումն ու նոր ծառերի տնկելը կենսական նշանակություն ունեն քաղաքի համար։ 30 տարի շարունակ իրականացվում են ծառատնկման աշխատանքներ, սակայն փաստ է՝ ստեղծված որակյալ կանաչ գոտիներ չունենք։

«Նախորդ դարի 1917 թվականից 60-ականները Երևանի կանաչ գոտիները 40 անգամից ավելի էին։ Սակայն 1990-ականներ մտանք 908 հա-ով, իսկ հիմա ունենք 867 հա։ Բնականաբար 90-ականների էներգետիկ ճգնաժամը, պատերազմը վատ դեր խաղացել են, սակայն հիմա կանգնած ենք ընդամենը 90-ականների ցուցանիշին։ Այսինքն՝ ինչ-որ բան այն չենք արել և պետք է վերանայել, թվային ցուցանիշների հետ պետք է հաշվի նստել»։

Back to top button