Երաժշտական եռանկյունի

Քրիստինե Սահակյան՝ հոբելյանական տարի․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Քրիստինե Սահակյանը նշում է իր 50-ամյակն ու բեմական գործունեության 30-ամյակը։

Մեր զրույցի երկրորդ մասում անդրադարձանք երգչուհու երգացանկին, երաժշտական նախընտրություններին և համերգային գործունեությանը։

Վերջերս՝ հոկտեմբերի 11-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսավոր մենահամերգով նշվեց Քրիստինե Սահակյանի տարեդարձը։

«Այս անգամ նախընտրեցի կամերային դահլիճ, դա կապված էր նախատեսված հատուկ երգացանկի հետ — օպերային արիաներից մինչև սիրված երգեր՝ դասական և հոգևոր։»- կիսվում է երգչուհին։

Նման հոբելյանները բեմական և ստեղծագործական ընթացքները ի մի բերելու, վերլուծելու և առավել սիրված ստեղծագործությունները երաժշտասեր հանրությանը ներկայացնելու լավ առիթ են։

Այդ ամենն արտացոլված է ծրագրում տեղ գտած երկերում՝ Դոնիցետտիի, Վերդիի օպերաներից մեներգային հատվածներին հաջորդում է «Ավե Մարիաների» շարքը։ Տարբեր հեղինակների և դարաշրջանների այդ երգ-աղոթքները հաղորդում են համերգին վերերկրյա զգացողության նուրբ երանգ։

Հայտնի է, որ օպերային բեմը պահանջում է ձայնի հատուկ հատկանիշներ՝ բացի տեմբրից, նաև հզորություն, ինչը հատուկ է երգչուհուն, բայց այս անգամ Քրիստինե Սահակյանի արվեստին ծանոթ հանդիսատեսը հմայված էր նաև հոգևոոր ստեղծագործությունների հոգեպարար և նրբին կատարումներով։

Համերգի «հայկական մասը» ներկայացված էր հայ հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններով։ «Ո՞ւր ես, մայր իմ» միջնադարյան շարականը, Է. Աբրահամյանի և Է.Միրզոյանի վոկալ-գործիքային ստեղծագործություններն ու հատկապես Կոմիտասի «Գարուն ա»-ն ցույց տվեցին Քրիստինե Սահակյանի ոչ միայն երաժշտության մեջ հարուստ նախընտրությունների ծավալը, այլ նաև կատարողական արվեստին տիրապետելու վարպետության չափը։

Հատուկ լիրիզմով և զգացմունքայնությամբ կատարվեցին նաև Ռախմանինովի ռոմանսները։

Քրիստինե Սահակյանը, ունենալով հայկական և համաշխարհային օպերային ժանրի բազմաթիվ դերերգեր, 30 տարի աշխատելով ազգային օպերայում, նաև դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում շարունակելով իր Ուսուցչի՝ Գոհար Գասպարյանի դասախոսական առաքելությունը և փոխանցում է իր անհատական փորձն ու հմտությունը երիտասարդ երգիչներին։

Հաղորդման ընթացքում հնչում են Քրիստինե Սահակյանի կատարումները իր հոբելյանական համերգից։

Back to top button